2023 թվականի ընթացքում առկա է խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ թվում՝ Էրեբունու բաժնում տեղի ունեցած դեպքը՝ անչափահաս մեղադրյալի և նրա փաստաբանների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեպքը: Այդ գործը ևս ուղարկված է դատարան:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Նրա խոսքով՝ լրագրողների հետ կապված նույնպես կան վարույթներ, որոնք հարուցվել են հենց դատախազության ուսումնասիրությունների հիման վրա․ «Մենք պարբերաբար մոնիտորինգ ենք իրականացնում: Երկու դեպք, որ վերջերս են տեղի ունեցել Տավուշի մարզում՝ օպերատորի եւ լրագրողի նկատմամբ, ուղարկվել է Տավուշի մարզային վարչություն՝ վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով: Նաև ունենք երկու վարույթ 2023-ից»:
Հարցին, թե արդյոք կա՞ն այդ գործերով մեղադրյալներ, ինչպես Լևոն Քոչարյանի օգնականի դեպքում նա անմիջապես կալանավորվեց, դատախազը պարզաբանեց․ «Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ: Ձեր նշած իրավիճակում մենք ունենք տեսագրություն, որտեղ հարվածում է, եւ այն անմիջապես տարածվեց: Խնդիրը վերաբերում է ապացուցողական բազային: Երբ անձը ուղիղ հեռարձակման ժամանակ թիրախավորում է մեկ այլ անձի եւ կատարում ատելության խոսքին բնորոշ հատկանիշներ, այդ ամենը ինքը ձայնագրում է, լայվով տարածում է, մեզ մնում է ընդամենը ձայնագրությունը զննել եւ ավարտել վարույթը: Բոլոր այն վարույթները, որոնք ունեն էլեկտրոնային ապացույցներ, շատ արագ ուղարկվում են դատարան: Այս դեպքում անձը ասում է՝ սրբազանի մասին բան չասես եւ պիտակավորում է։ Մոտիվը հանցանքի կատարման լրագրողական գործունեությունն է»:
Վարդապետյանը նաև անդրադարձավ Տավուշում լրատվամիջոցներից մեկի օպերատորի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ տեսանյութերին․ «Այդ հարցին պատասխանելու համար պետք է հստակ պատկերացում ձևավորենք, թե որ մարմինն ինչ է անում: Մենք հսկողություն ենք իրականացնում եւ հետեւողական ենք լինելու, որ մեր կողմից ուղարկված բոլոր հաղորդումները պատշաճ քննություն ստանան: Թե ինչո՞ւ դեռ չկա վարույթ նախաձեռնված, ես չեմ կարող պատասխանել ամենամեծ ցանկության դեպքում անգամ, որովհետեւ ամեն մարմին իր լիազորությունների շրջանակում է գործում: Դատախազությունը վարույթ չի նախաձեռնում»:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ծիծեռնակաբերդում ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի և նրա փոքր դստեր հետ տեղի ունեցած միջադեպին։
«Մեղադրանք է առաջադրվել։ Դա ոչ միայն խուլիգանություն էր, եթե նայեք տեսանյութը, կտեսնեք, որ հոգեբանական բռնություն էր»,- ասաց նա։
Այնուհետև Գլխավոր դատախազը անդրադարձավ լրագրողների այն հարցին, թե արդյոք «Հակահայ վիժվածք» արտահայտությունը կամ քաղաքացու վրա թքելը խուլիգանությո՞ւն է։
«Խուլիգանության հետ կապված կցանկանամ կենցաղային մակարդակով խուլիգանությունը չմեկնաբանեք: Անձին, որի մասին նշում եք, մենք խուլիգանությունով մեղադրանք չեն առաջադրել, այլ ատելության խոսքով: Խուլիգանությունը միջանձնային հարաբերություն չի ենթադրում: Եթե մեկին վիրավորում ես, այդտեղ հանցակազմ որոնելը շատը դժվար է, խուլիգանության համար անհրաժեշտ է, որ տեղի ունենա հրապարակայնորեն և խուլիգանական դրդումներով»,- պատասխանեց դատախազը։
Նրա խոսքով՝ քրեական օրենսգրքով նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնություն քարոզելը։
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ կապված, և ՔԿ-ն առանձին տարածեց, որ ևս մեկ վարույթ է նախատեսված այդ բռնի տեղահանման հետ կապված միջազգային բնույթի հանցագործությունների հիմքով: Երկու վարույթն էլ հրապարակային քննարկման չեն, որովհետև դրանց մասով գաղտնիության ռեժիմ է սահմանված, որոշակի անձանց հետ կապված գործողություններ են իրականացվում, որոնք հրապարակայնացման ենթակա չեն:
Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ արդյոք գլխավոր դատախազի պաշտոնավարման ընթացքում հետևություններ արվե՞լ են 44-օրյա պատերազմի ընթացքի և դրան գնահատական տալու, քրեական վերահսկողության շրջանակում դատախազական վերահսկողության վերաբերյալն հարցին:
«Դա ամենալուրջ դասն էր ինձ համար՝ որպես Հայաստանի քաղաքացի և հետո նաև՝ որպես գլխավոր դատախազ: Շատ դաժան դաս էր, որից երեք գլխավոր հետևություն ենք քաղել:
Առաջինը՝ զինվորական դատախազության մասով լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահին իրականացնում, ընդլայնում ենք զինդատախազների թվաքանակը և պրոֆեսիոնալացնում ենք, որ զինդատախազությունը չդառնա որոշակի պրոցեսների սպասարկու, այլ կարողանա անընդհատ արտաքին դիտորդի աչքով պրոցեսներին հետևել:
Նաև կանխարգելման տեսանկյունից զինվորական դատախազությունն այցելելու է զորամասեր, ես ինքս էլ եմ գնում: Նպատակը ոչ թե ահաբեկելն է, այլ բացատրելը, որ ամեն արարք առաջացնում է հետևանք, և մեր նպատակն է, որ բանակում ոչ թե հետևանքները կանխենք, այլ նախականխենք և թույլ չտանք, որպեսզի զինծառայողների մոտ միջանձնային հարաբերությունների պատճառով հանցավոր հետագիծ ձևավորվի:
Բացի դրանից՝ մենք բազմաթիվ միջնորդագրեր ենք ուղարկում: Ես ինքս պաշտպանության նախարարին յուրաքանչյուր կոռուպցիոն դեպքով, նաև ներկայիս կոռուպցիոն դեպքերով գրում եմ»,- ասել է դատախազը։
Ըստ Վարդապետյանի, 44-օրյա պատերազմի հետ կապված յուրաքանչյուր գործ հետևողականորեն ուղարկվում է դատարան, թեև շատ չի լուսաբանվում, որպեսզի բանակի մարտունակությունը չընկնի և չազդի զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա:
«Վստահեցնում եմ, որ բոլոր գործերը՝ 44-օրյա պատերազմի հետ կապված, որոնք կապված են հատկապես հրամանատարության կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետ, հետևողականորեն ուղարկվում են դատարան, և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք ունի, և դատախազությունը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան»,- տեղեկացրել է գլխավոր դատախազը։
Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը՝ հարցին ի պատասխան, Վարդապետյանը հիշեցրել է, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ: Այդ ձևաչափով այլ հանդիպում դեռևս տեղի չի ունեցել:
Առկա խնդիրը նաև բարձրաձայնվում և պարզաբանվում է միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ:
«Մեկ շաբաթ առաջ շատ բարձր ներկայացվածություն ունեինք դատախազների: Մոտ 30 դատախազ 11 եվրոպական երկրից իմ հրավերով այցելել էր Հայաստան: Հիմնականում գլխավոր դատախազներ և գլխավոր դատախազների տեղակալներ էին, որոնք այս խնդիրներից տեղեկացված են:
Նաև գիտեք, որ գործերից մեկով Ռուսաստանում Ադրբեջանի բլոգեր էր ձերբակալվել: Եվ դա էլի մեր հարցման արդյունքում էր, բայց պատշաճ իրավական ընթացակարգ չստացավ, և քաղաքական որոշակի գործընթացներ սկսվեցին, և մեզ ժամանակ չտրվեց ներկայացնելու փաստաթղթեր, հետո փորձեցին մանիպուլացնել: Դա, իհարկե, արդեն իրավաբանությունից դուրս պատմություն է»,- հայտարարել է գլխավոր դատախազը։
Բաց մի թողեք
«Բանտային օրագիր». I’m back
Այսպես պատասխանեցի քաղաքացու նամակին
Կալանավորների զբոսանքը․ վարչապետը մի դրվագ է հրապարակել իր բանտային օրագրից