27/07/2024

Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե իր դեմ ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Իրանը

Բաքվում Իրանի իսլամական հանրապետության նախկին դեսպան,- լիազորությունների ժամկետն ավարտել է 2007 թվականին եւ դիվանագիտական ծառայությունից անցել փորձագիտական-վերլուծաբանական աշխատանքի,- Աֆշար Սուլեյմանին մեկ ժամանոց հարցազրույց է տվել ալիեւյան քարոզչության «դրոշակակիր» haqqin.az-ին:

Սուլեյմանին էթնիկ ազերի-թուրք է, հարցազրույցն անցկացվել է բացառապես ադրբեջաներեն երկխոսությամբ: Իրանա-ադրբեջանական հարաբերություններում մարտի կեսերից վերստին «սառցե դարաշրջան է»: Բաքվում ԻԻՀ դեսպան Մուսավին անոնսավորել էր, որ Նավրուզի տոնի օրերին կկայանա Էբրահիմ Ռաիսիի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, բայց դա տեղի չունեցավ:

Չափազանց կարեւոր է, որ Ռաիսի-Ալիեւը հանդիպումը չկայացավ մարտի 18-ին Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազրույցի ֆոնին: Այդ օրն Ալիեւը հայտնվեց Ստեփանակերտում, կենտրոնական հրապարակը «վերանվանեց» եւ վառեց Նավրուզի տոնական խարույկն ու հայտարարեց, որ այդ կրակը «վերջնականապես մաքրագործում է անջատողականության շունչը»: Ու թեեւ Բաքուն պաշտոնապես հայտարարել էր, որ մոտակա օրերին Թեհրանում կվերսկի իր դեսպանատան գործունեությունը, առայսօր դա տեղի չի ունեցել, իսկ Ռաիսի-Ալիեւ հանդիպման անոնս արած դեսպան Մուսավին պաշտոնից ետ կանչվեց:

Բաքվում Իրանի նախկին դեսպանը երկու ուշագրավ դիտարկում է արել: Նա համարում է, որ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը, Գազայի հատվածում պատերազմը լիովին համապատասխանում են Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին. Մերձավոր Արեւելքում տուրբուլենտությունը, լայնածավալ պատերազմի մշտական սպառնալիքը Միացյալ Նահանգներից եւ Արեւմտյան դաշինքից ոչ միայն դիվանագիտական հավելյալ ջանքեր, այլեւ իրական ռեսուրսներ են խլում: Սուլեյմանին նկատել է տալիս, որ Ուկրաինայում ռուսական կողմի ռազմական հաջողություններն սկսվել են Գազայում պատերազմին զուգահեռ:

Երկրոդ դիտարկումը չափազանց կարեւոր է արդեն մեզ համար գրեթե առարկայական կարեւորության առումով: Սուլեյմանին ասում է, որ ԱՄՆ-ը եւ Իրանը «Հարավային Կովկասի հարցում համագործակցում եւ կոորդինացնում են իրենց քայլերը, թեեւ ուղղակի դիվանագիտական հարաբերություններ չունեն, այլ հաղորդակցվում են երրորդ երկրների միջոցով»:

Իսլամական հանրապետությունը նույնիսկ լավագույն ցանկության դեպքում ազատ երկիր դժվար է անվանել, իսկ, ինչպես հետախույզների մասին է ասվում՝ «չի լինում նաեւ նախկին դիվանագետ»: Սուլեյմանին չէր կարող նման կտրուկ ձեւակերպում թույլ տալ, եթե չարտահայտեր Իրանի պաշտոնական քաղաքականությանն առնվազն չհակադրվող տեսակետ:

Հայաստանյան ոչ միայն փորձագիտական, այլեւ քաղաքական որոշակի շրջանակներ նարատիվ են գեներացնում, որ գործող իշխանությունն իր «արեւմտամետ արտաքին քաղաքականությամբ դավաճանում է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ տարածաշրջանային միակ դաշնակից Իրանին»: Իրանցի քաղաքագետն, ընդհակառակը, հստակ նկատել է տալիս, որ Հարավային Կովկասում ռիսկերը կառավարելու առումով Թեհրանը եւ Վաշինգտոնը համագործակցում եւ համակարգում են իրենց քայլերը:

Կարելի է, իհարկե, վարկածել, որ Սուլեյմանին «խայծ է նետում»: Բայց դա հավանական կլիներ, եթե իրանա-ադրբեջանական հարաբերություններում «սառցե դարաշրջան» չլիներ: Ալիեւյան լրատվամիջոցը խնդիր է դրել պարզելու, թե իրանա-իսրայելական պատերազմի դեպքում Թեհրանի համար Բաքվի ո՞ր դիրքորոշումն «ընդունելի կլիներ»:

Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե իր դեմ ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Իրանը, եթե Իսրայելը պատերազմ սկսի: Նման խնդիրներն, անշուշտ, հարցազրույցի մակարդակում չեն պարզվում: Բայց տեղեկատվա-քարոզչական բաղադրիչի կարեւորությունը, երեւի, երկու կողմերն էլ զգացել են:

Ըստ էության ստացվում է, որ իրանցի փորձագետը Հարավային Կովկասում «պայթյունի» հավանականությունը կապում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության ծրագրավորման հետ: Այս իմաստով հայաստանյան «Իրան-նամեն» որ կառուցված է ռուս-իրանական «ռազմավարական համագործակցության առանցքի» տեսության վրա, քննություն չի բռնում: Սուլեյմանին պրագմատիկ հարցադրում է անում. «Նայեք, Հարավային Կովկասում Իրանի համար ի՞նչ հնարավորություն է թողել Ռուսաստանը»- եւ կտրուկ պատասխանում՝ ոչ մի: Նա, ըստ երեւույթին, ակնարկում է, որ Ռուսաստանն այդ հնարավորությունը թողել է Թուրքիային: