23/12/2024

Պուտինը խաղաղություն չի ուզում, նա խելագար է. Զելենսկի

Խաղաղության գլոբալ գագաթնաժողովը տեղի կունենա և պետք է հաջողությամբ պսակվի, անկախ նրանից, թե ինչպես են ռուսները փորձում խափանել միջոցառումը։ 

Այս մասին երեկոյան արված ուղերձով հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որի տեսանյութը հրապարակել է Instagram-ում։

«Այսօր առավոտյան երկար զեկույց է ստացվել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու կողմից։ Գլխավոր հրամանատարը զեկուցել է կոնկրետ ուկրաինական առաջնագծի դիրքերի, ստորաբաժանումների կոնկրետ գործողությունների, կոնկրետ ուղղությունների մասին։ Շնորհակալություն տոկունության համար մեր յուրաքանչյուր մարտիկին: Այսօր զեկուցել է նաև հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը։ Մենք հիմա հասկանում ենք իրավիճակի բոլոր ասպեկտները»,- ասել է Զելենսկին։

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ, իր համոզմամբ, «Ռուսաստանին միայն կարելի է ստիպել հանգիստ թողնել Ուկրաինային»։

«Եվ դա կլինի, մեր ուժն անպայման կանի դա։ Ուկրաինայի ժողովրդի ուժը, ուկրաինական ռազմական հզորությունը, աշխարհի հետ Ուկրաինայի միասնության ուժը, գործընկերների ուժը, ուկրաինական դիվանագիտության ուժը», – ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Կիևի նախաձեռնած Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովը հաջող կանցնի։

«Պուտինը խաղաղություն չի ուզում, նա խելագար է, և նրա կառավարությունն ամեն օր ինչ-որ բան է անում դա ապացուցելու համար։ Եվ այս չարիքը հաղթահարելու, պատերազմում հաղթելու համար մեզ անհրաժեշտ է աշխարհի առավելագույն միասնությունը։ Միասին մենք արդյունքի ենք հասնում»,- եզրափակել է Զելենսկին։