22/12/2024

«Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում»՝ նոր հակակոռուպցիոն մարմինների ստեղծում, ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն

Հայաստանը ներկայումս գտնվում է թվով երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ամենաակտիվ փուլում, որի արդյունքներով արդեն իսկ գրանցվել են լրջագույն բարեփոխումներ թե՛ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ իրավական հենքի ձևավորման, թե՛ այդ գործընթացի կայուն արդյունքների ու ակնկալիքների ամրագրման առումով։

«Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» թվինինգային ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը․ «Ծրագիրն ի սկզբանե ուներ խոստումնալից բաղադրիչներ, որոնցից ակնկալիքները, բնականաբար, մեծ էին։ Նման միջոցառումները փաստում են, որ նախապես պլանավորված բոլոր ուղղություններն ու նախաձեռնություններն անչափ կարևոր են։ Հայաստանի կառավարությունը հանրային կառավարման ոլորտում դատաիրավական բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարի ու բարեվարքության համակարգի ամրապնդումը հռչակել է որպես կարևորագույն առաջնահերթություն, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ գրանցել են տեսանելի, լուրջ արդյունքներ և կրում են շարունակական բնույթ։ Կառավարության կողմից ստանձնած պարտավորությունները զուտ խոսքերի մակարդակով չեն, այլ ստացել են իրավական ձևակերպումներ գործադիր մարմնի հնգամյա ծրագրի, ինչպես նաև հատուկ մշակված հակակոռուպցիոն քաղաքականության ու դատաիրավական ռազմավարության մեջ։ Մեզ համար, բնականաբար, հատուկ նշանակություն է ունեցել և շարունակում է ունենալ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։ Արժե հատուկ ընդգծել ԵՄ պատվիրակության դերակատարումը, որն անմիջականորեն աջակցում է գործընթացներին, և այդ աջակցությունը կրում է ինստիտուցիոնալ բնույթ՝ ՀՀ բյուջետային գործառույթներին աջակցելու տեսքով և ընդգրկելով դիվերսիֆիկացված ինտեգրացիոն համագործակցության նոր ուղղություններ»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն իր խոսքում նշեց, որ եվրոպացի գործընկերներն ի սկզբանե հետաքրքրված են եղել վերոնշյալ ծրագրի արդյունքներով, որի մեկնարկն ամենևին էլ հեշտ չի եղել․ «Եվրամիությունը մեծ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն ջանքերին ու ծրագրերին։ Հայաստանում այս ծրագիրը միակը չէ, մենք Արդարադատության նախարարության հետ միասին աշխատում ենք նաև բյուջետային աջակցության ծրագրի վրա, ուստի արդարադատության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումներն այդ ծրագրի կարևոր մասն են։ Եվրախորհրդի հետ ևս աշխատում ենք ռեգիոնալ ծրագրի շրջանակում, որը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն հարցերին, տնտեսական հանցագործությունների կանխարգելմանը։ Սա մեր գործունեության երրորդ ուղղությունն է, սակայն մենք միակ դոնորը չենք, որ ակտիվորեն մասնակցում է տվյալ ծրագրի իրականացմանը։ Ամերիկացի գործընկերները USAD-ից ՀՀ իշխանությունների հետ նույնպես աշխատում են հակակոռուպցիոն ջանքերի ուղղությամբ։ Միասնական ու համատեղ ջանքերով կունենանք հաջողություններ նշված ոլորտում»։

ՀՀ արդարադատության փոխնախարարի խոսքով՝ տվյալ ծրագրի նշանակությունը մեծ է հատկապես բարեփոխումների իրականացման համատեքստում, քանի որ ծրագրի շրջանակում ահռելի աշխատանք է իրականացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Պակաս կարևոր չի եղել նաև ՀՀ արդարադատության նախարարության ջանքերի ներդրումը, որի միջոցով օրենսդրական դրույթների վերանայման արդյունքում ներդրվել է եվրոպական լավագույն փորձը կարգավորումների նոր շրջանակում, ինչպես նաև ներդրվել են կարգապահական պատասխանատվության նոր կառուցակարգեր՝ նպաստելով բարեվարքության համապատասխան հանձնաժողովի ստեղծմանը․ «Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության վարչությունը սերտ աշխատանքներ կատարելով այս ծրագրի հետ՝ նույնպես անցել է մի շարք ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման փուլեր՝ ստանալով փորձագիտական աջակցություն՝ ԳՐԵԿՈ-ի խմբի հետ աշխատանքների մակարդակը բարելավելու և մեր մոնիթորինգային գործընթացներում պատշաճ փաստաթղթաշրջանառություն ու հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ։ Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական, անդադար և լրջագույն ջանքեր պահանջող գործընթաց է, որտեղ կարևոր է ոչ միայն պետության պատասխանատվությունը, պարտականությունը, այլև շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերի համադրումը, քաղհասարակության ակտիվությունը, մեդիադաշտի աշխույժ մասնակցությունը»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը տեղեկացրեց, որ օրեր առաջ մասնակցում էր միջոցառման, որի ընթացքում բավականին հետաքրքրությամբ լսել է քաղհասարակության ներկայացուցիչների տեսակետները։ Նրա կարծիքով՝ անչափ կարևոր է աշխատանքների շարունակականությունը տվյալ ուղղությամբ՝ ներգրավելով քաղհասարակությանն ու ձևավորելով գործընկերային միջավայր։ Հեսսը հույս հայտնեց, որ կապը շահառու կողմերի միջև կշարունակվի։

Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության պետքարտուղար Յոհան Սաթոֆը նշեց, որ նախորդ երկու տարիներին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարությունը գերմանացի ու լատվիացի գործընկերների հետ իրականացրել են արդյունավետ գործունեություն, որը հիմնված է եղել արդարության ու թափանցիկության սկզբունքների վրա․ «Մարդկանց համախմբել է հավատն առ այն, որ կոռուպցիան ոչ միայն իրավական ու տնտեսական, այլև բարոյահոգեբանական խնդիր է, որն առնչվում է բոլոր հասարակություններին։ Կոռուպցիան խաթարում է վստահությունը կառավարության, պետական ինստիտուտների նկատմամբ՝ զրկելով անհատներին իրենց նպատակներին հասնելու հնարավորությունից։ Ե՛վ պետությունը, և՛ քաղհասարակությունը կարող են մեծ դեր խաղալ կոռուպցիայի դեմ մղվող պայքարում։ Տվյալ ծրագրի մասնակիցներն իրականացրել են տարբեր միջոցառումներ՝ կանխարգելելու հնարավոր դրսևորումները, զարգացրել են մասնագիտացված կառույցների ֆունկցիոնալ կարողությունները, ամրապնդել են ռազմավարական հաղորդակցության մեխանիզմները, իրականացրել են հակակոռուպցիոն ռազմավարություն, բարելավել են բիզնեսի բարեվարքությունը, սակայն այդ դժվար ճանապարհին եղել են մարտահրավերներ։ Բացի դրանից, ծրագիրն իրականացվել է միջազգային ճգնաժամերի պայմաններում, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Անկանխատեսելի խոչընդոտների պատճառով որոշ առաքելություններ հետաձգվել են, սակայն ողջ ընթացքում շարունակել են ք աշխատել մեր ընդհանուր սկզբունքների ու արժեքների հիման վրա՝ հասնելով նախանշված բոլոր նպատակների իրականացմանը»։

Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի ավարտվել, քանի որ այն շարունակում է մնալ որպես սպառնալիք, որի դեմ պայքարը պահանջում է կոլեկտիվ ջանքեր և համընդհանուր ուշադրություն։ Նրա համոզմամբ՝ ժողովրդավարության հզորացումը պահանջում է նաև այս կարևոր ոլորտում ծրագրերի շարունակականություն։ Ելույթի վերջում Սաթոֆը վկայակոչեց Հենրի Ֆորդի հայտնի խոսքերը. «Համախմբումը սկիզբն է, միասին մնալն առաջընթաց է, միասին աշխատելը՝ հաջողություն»։

ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպն իր ելույթում ասաց, որ նմանատիպ ծրագրերի համատեղ ջանքերով իրականացումն ամենակարևոր գործոնն է, ինչը նշանակում է, որ բոլոր շահառուները դավանում են նույն սկզբունքները․ «2018 թ․ հետո Հայաստանը ժողովրդավարությունը խթանելու և կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու համար կատարեց կարևոր քայլեր։ Ինքս տեսել եմ մեծ փոփոխություններ կոռուպցիայի դեմ մղվող պայքարի գործում՝ նոր հակակոռուպցիոն մարմինների ստեղծում, համապատասխան օրենսդրության ընդունում, ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն, աղմկահարույց գործերի քննություններ։ Հայաստանը շատ բանի է հասել»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն իր ելույթում նշեց, որ վերոհիշյալ ծրագրի մեկնարկը բավականին ծանր էր ու մարտահրավերներով լի, սակայն աստիճանաբար ծրագրի բաղադրիչները հաստատուն քայլերով գրանցեցին կայուն առաջընթաց։ Նրա դիտարկմամբ՝ հակակոռուպցիոն պայքարը ենթադրում է երկարաժամկետ ու քրտնաջան աշխատանք։ Այս ծրագիրը նախանշել է կարևոր այն հիմքերը, որոնց վրա պետք է կառուցվի տվյալ ուղղությամբ իրականացվող գործունեությունը։ Ծրագրի չորս բաղադրիչներից երեքի հիմնական շահառուն եղել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը․ «Առաջին բաղադրիչը վերաբերում էր ՀՀ-ում հակակոռուպցիոն կրթական և հանրային իրազեկման ծրագրերի մշակման և դրանց իրականացման ոլորտում ԿԿՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանը։ Կատարված աշխատանքները թույլ կտան ստեղծել հակակոռուպցիոն միջավայր, նպաստել հակակոռուպցիոն մտածելակերպի ձևավորմանը՝ սկսած դպրոցներից, վերջացրած բուհերով։ Անցկացվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ հանրային ծառայության ոլորտի պաշտոնատար անձանց համար, որոնք հասանելի կլինեն նաև նորաստեղծ էլեկտրոնային հարթակում։ Մշակվել է վերապատրաստման ծրագրի հայեցակարգ և ուղեցույց, ինչը նույնպես ինստիտուցիոնալ կարողությունների տեսանկյունից հանձնաժողովին հնարավորություն է տվել ունենալ այնպիսի հենք, որ աշխատակիցներն արդեն ինքնուրույն կարողանան մյուսներին վերապատրաստել։ Մշակվել են բարեվարքության կրթական ծրագրեր և դասընթացներ, պատրաստվել նյութեր հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար»։

Երկրորդ բաղադրիչը նախատեսում էր ռազմավարական հաղորդակցության և համագործակցության մեխանիզմների առկայություն և իրականացում։ Մարիամ Գալստյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ առկա են լուրջ մարտահրավերներ ու խնդիրներ, ուստի ծրագիրը նպաստել է դրանք լուծելուն․ «Մասնավորապես մշակվել է ԿԿՀ-ի հաղորդակցման ռազմավարությունը և դրա իրականացման 2024-26 թվականների գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ճգնաժամային հաղորդակցության պլանը։ Իսկ չորրորդ բաղադրիչով նախատեսվում էր իրականացնել բիզնես բարեվարքության բարելավում։ Այդ շրջանակում նախատեսվում էր գործուն քայլեր իրականացնել հայաստանյան մասնավոր բիզնեսի ոլորտում, ինչպես նաև պետական մասնակցությամբ ընկերություններում ներդնել բարեվարքության և կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգ։ Նշված բաղադրիչի շրջանակում մշակվել է կոռուպցիոն ռիսկերի կառավարման մեթոդաբանության նախագիծ։ Այդ ռիսկերի պիլոտային գնահատման նպատակով մշակվել են կազմակերպությունների ընտրության չափորոշիչները, իրականացվել են գնահատումներ պետական մասնակցությամբ երեք կազմակերպություններում։ Ամբողջ հաշվետվությունը կներկայացվի մեր հանձնաժողովի պաշտոնական կայքում»։

«Թրանսփերենսի Ինթերնեշնլ» կազմակերպության զեկույցի կոռուպցիոն ընկալման ինդեսքի համաձայն՝ ձեր երկիրը զբաղեցնում է աղյուսակի 62-րդ հորիզոնականը, ինչը համեմատաբար լավ արդյունք է։ Հակակոռուպցիոն պայքարը նախևառաջ անհրաժեշտ է հասարակության հետագա զարգացման համար։ Դա երկարաժամկետ աշխատանք է, հետևաբար, փոփոխությունները լինում են աստիճանաբար։ Հակակոռուպցիոն պայքարը միայն հզոր ինստիտուտների, մեխանիզմների և օրենսդրության առկայությունը չէ, այլ նաև ենթադրում է մտածելակերպի փոփոխություն և բարեվարքության մշակույթի սերմանում, ինչի շնորհիվ մեծանում է սոցիալական պատասխանատվությունը»,- ասաց ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը։

Գերմանիայի փոխդեսպանը նման ծրագրերի իրականացման գործում էապես կարևորեց միջազգային համագործակցության հանգամանքը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ Հայաստանում կատարվել են մեծածավալ աշխատանքներ։ Ըստ նրա՝ տվյալ ծրագրի ավարտն ամենևին չի նշանակում, որ հակակոռուպցիոն պայքարն ապագայում չի շարունակվելու։ Նա վստահեցրեց, որ հետագայում կծնվեն նոր ծրագրեր։

Լատվիայի արդարադատության նախարարության ծրագրերի պլանավորման և իրականացման բաժնի պետ Ուլդիս Կարկլևալքսը նշեց, որ նման ծրագրերը ԵՄ-ի համար արդյունավետ գործիքներ են ԵՄ անդամ երկրների ու գործընկեր պետությունների կառավարությունների միջև ֆունկցիոնալ համագործակցություն իրականացնելու ճանապարհին. «Նման ծրագրերն օգնում են հասնել հավակնոտ նպատակների իրականացմանը և այդ առումով չափազանց կարևոր է հատկապես փորձագետների, մասնագետների և առաջնորդների դերակատարումը։ Լատվիայի արդարադատության նախարարության փորձագետները և այլ ինստիտուտների մասնագետները ճիշտ խորհուրդներ են տվել, ճիշտ տեղեկատվություն են տրամադրել շահագրգիռ կողմերին։ Հուսով եմ, որ ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության անդամները Լատվիա կատարած այցի ընթացքում շատ բան են սովորել Կոռուպցիայի կանխարգելման բյուրոյի ներկայացուցիչներից։ Այդ ամենը կօգնի հայկական կողմին աշխատանքներ իրականացնել նաև այս ծրագրի ավարտից հետո՝ նպաստելով օրենքի գերակայությանը և կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության աճին։ Այս ծրագիրն ընկալեք որպես մեկ քայլ՝ շարունակական ու երկար ճանապարհի վրա»։

Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ին և ավարտվելու է ընթացիկ տարվա մայիսի 31-ին։ Ընդհանուր նպատակն է եղել խթանել Հայաստանի պետական հատվածում բարեվարքության տարածումը և կոռուպցիայի կանխարգելումը։ Որպես հատուկ նպատակ՝ ծրագիրն ուղղված է եղել աջակցելու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կրթական ծրագրերի և հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը և ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը՝ ստեղծելու կոռուպցիայի կանխարգելման միջավայր, ինչպես նաև նպաստել Հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների իրականացմանը, մասնավորապես՝ ընդլայնելով Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մշտադիտարկման կարողությունները։

Ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից, բյուջեն կազմել է մեկ միլիոն եվրո։ Ծրագրի շահառուներն են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարությունը։ Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը, Լատվիայի հանրապետության արդարադատության նախարարությունն ու կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրոն։