09/10/2024

Մարիամ Գալստյան․ ԿԿՀ-ում սպասում ենք՝ թափուր պաշտոնները համալրվեն, իհարկե աշխատում ենք, ոչ մի խնդիր չկա ․․․

Այսօր «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» թվինինգային ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառման ընդմիջմանը կարճ զրույց ունեցանք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի հետ։

Տիկին Գալստյան, այս ծրագիրը, որ այսօր ներկայացվում է ու ավարտվելու է մայիսի 31-ին, ֆինանսավորվել է Եվրամիության կողմից, հատկացվել 1 մլն դրամ, Ձեր պաշտոնավարման օրոք է մեկնարկել։

Ոչ, 2022 թվականի հունիսի 1-ին, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախագահում էր Հայկուհի Հարությունյանը, բայց հանձնաժողովի անդամներից գրեթե բոլորը նույնն էին, ինչ այսօր։

Իսկ ծրագիրը ԵՄ հայաստանյան պատվիրակության կամ՝ առհասարակ ԵՄ-ի կողմից ընդունվել է։

Այս ծրագիրը մենք պետք է ընդունեինք, կամ՝ ոչ։ Ծրագիրը մեզ էր մատուցվում։

Լավ, թերևս հանրությանն ավելի շատ հետաքրքիր է, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ամենևին չթերագնահատելով Ձեր, որպես պաշտոնակատարի աշխատանքը, երբ նախագահ կունենա։

Այս պահին դեռևս երկու թափուր պաշտոններ ունենք, դրանց պայմաններում էթիկապես ճիշտ չի լինի հանձնաժողովի նախագահ ընտրելը, դրա համար մենք սպասում ենք՝ թափուր պաշտոնները համալրվեն, նոր ․․․

Իսկ ինչպես է տեղի ունենալու համալրման գործընթացը։

Մրցութային խորհուրդն է այդ գործով զբաղվում, մրցութային կարգով են համալրվում։ Արդեն իսկ չորս անձինք դիմել են, մրցութային կարգով ովքեր կհաղթահարեն, երկուսին կընտրեն Ազգային ժողովում, նրանք կհամալրեն թափուր պաշտոնները, որից հետո հանձնաժողովում՝ մենք կընտրենք նախագահ։

Իսկ առանց այդ երկու թափուր պաշտոնների համալրման ու հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարի մակարդակով բնականոն գործունեություն կա, աշխատանքներ կատարվում են ․․․

Իհարկե աշխատում ենք, ոչ մի խնդիր չկա ․․․