21/12/2024

Հայաստանը պետք է փորձի ձեւավորել սեփական կապերը, նվազագույն հավասարակշռություն ապահովելու համար

Հունգարիան հուլիսի 1-ից ստանձնում է Եվրամիության նախագահությունը՝ վեց ամսով: Իսկ մինչ այդ, Հունգարիայի վարչապետը հույս է հայտնում, որ Եվրոպայում կայանալիք հունիսյան ընտրություններին Եվրախորհրդարանում կձեւավորվի պահպանողական մեծամասնություն եւ կգա լիբերալ վերնախավի կառավարման ավարտը:

Սլովակիան այդ խաղում գործելու է Օրբանի «ակնկալիքների» դաշտում: Պետք է թերեւս ենթադրել, որ նրանք փորձում են պայմանավորվել նաեւ Ադրբեջանի հետ, որը իհարկե ԵՄ անդամ չէ, ընտրական պրոցեսի մասնակից չէ, սակայն թերեւս ունի բավականին շոշափելի դերակատարում, օրինակ էներգակիրների հանգամանքը հաշվի առնելով, նաեւ մի քանի այլ հանգամանքներ:

Ալիեւը կաշխատի՞ Եվրամիության հունիսյան ընտրություններում պահպանողականների հաղթանակի օգտին, կներդնի՞ ռեսուրսներ, այդ թվում թերեւս շատ փող: Բարդ է ասել, ըստ ամենայնի կախված է նրանից, թե ինչ կստանա: Ընդ որում, կասկած չկա, որ «եվրապահպանողականների» «ակումբի» հետ աշխատանքին զուգահեռ, նա փորձելու է նաեւ առեւտուր անել եվրալիբերալների հետ: Միեւնույն ժամանակ, ինքը Ալիեւը ըստ ամենայնի փորձում է բավականին խորացնել հարաբերությունը արեւելաեվրոպական «բլոկի» հետ: Օրեր առաջ նա բավականին ջերմ շնորհավորական ուղերձ էր հղել Լեհաստանի նախագահին՝ երկրի Սահմանադրոության օրվա առնչությամբ:

Շաբաթներ առաջ Ադրբեջանում էր Սերբիայի նախագահը, իսկ առաջիկայում էլ պատրաստվում է այցելել Բուլղարիայի նախագահը: Այս հանգամանքները պետք է լինեն Հայաստանի էական ուշադրության, ինչպես նաեւ դիվանագիտական հակազդեցության առարկան: Խոսքը բոլորովին այն մասին չէ, որ Հայաստանը պետք է չեզոքացնի Ադրբեջանի հետ արեւելաեվրոպական գոտու երկրների կապերը:

Հայաստանը պետք է փորձի ձեւավորել սեփական կապերը, նվազագույն հավասարակշռություն ապահովելու համար: Հայաստանն այստեղ պետք է անկասկած փորձի աշխուժացնել հենց Եվրամիության իսկ պատասխանատվության գործիքը՝ Արեւելյան գործընկերության ծրագիրն ու դրանով սահմանված չափանիշները: