Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ալմաթիում տեղի ունեցող հանդիպման վրա ի՞նչ ազդեցություն կունենա երեւանյան փողոցում տեղի ունեցողը: Այն կթուլացնի՞ Արարատ Միրզոյանի դիրքերը, թե՞ հակառակը՝ կամրացնի:
Այստեղ իհարկե միարժեք եզրահանգման համար անհրաժեշտ է լիարժեք տիրրապետել իրադրությանը արտաքին դաշտում, նրբերանգներին, դետալներին: Մենք չունենք այդ հնարավորությունը, ըստ այդմ կարող ենք առաջնորդվել լոկ դիտարկումներով եւ հնարավոր գործոնների հարաբերակցության հաշվեկշռով:
Եթե Հայաստանում ծավալվում է ընդդիմադիր այնպիսի շարժում, որը կարող է ստեղծել գործող իշխանության հիմքերը ճոճող իրավիճակ, ապա դա կարող է նաեւ անվստահություն հաղորդել այդ իշխանության ներկայացուցիչ արտգործնախարարին: Ըստ այդմ կստացվի, որ փողոցային շարժումը կարող է ազդել նրա վստահության վրա: Բայց, դիտարկենք իրավիճակը այլ տեսանկյունից: Հրապարակային շարժումն առաջնորդող Բագրատ սրբազանը հայտարարում է, որ շարժումը ոչ թե դեմ է սահմանագծմանն ու սահմանազատմանը, դեմ է խաղաղությանը, այլ դեմ է այդ ամենի անհավասարակշռված, միակողմանի զիջում ենթադրող բնույթին:
Հետեւաբար, խնդիրը ոչ թե խաղաղության մերժումն է, այլ դրա իրական որակի բարելավումը: Սա Ադրբեջանին զրկում է նենգափոխման հնարավորությունից, թե Երեւանում փողոցը մերժում է խաղաղությունը: փողոցը մերժում է անհավասարակշռությունը, քանի որ իրական խաղաղություն կարող է լինել միայն հավասարակշռության առկայության դեպքում: Հետեւաբար ստացվում է, որ Հայաստանում իշխանափոխության դեպքում Ադրբեջանը կարող է ստանալ առավել բարձր նշաձող բերող Հայաստան: Այդ դեպքում կլինի պատերազմ, ասում են շատերը:
Բայց, Ադրբեջանը չունի պատերազմ սկսելու մասին որոշման համար անհրաժեշտ քաշ, որքան էլ իրեն՝ իհարկե օբյեկտիվորեն փորձում է ռեգիոնում դիրքավորել բարձր: Իսկ Կովկասի կայունության ռեժիմի խախտման հարցը ներկայումս ակնհայտորեն ակտիվ փուլում չէ, մի շարք այլ պատճառներով:
Ըստ այդմ, Երեւանում տեղի ունեցողը ներկայիս փուլում Հայաստանի դիրքերի վրա ազդեցության իմաստով կարող է լինել ավելի շուտ օգտակար, քան հակառակը: Իհարկե, այդ օգտակարությունը պետք չէ գերագնահատել, սակայն այն հնարավորություն է, որը կարող է օգտագործվել՝ Ադրբեջանին դնելով «ընտրության» առաջ:
Բաց մի թողեք
Զիջելով հայ – իրանական սահմանապահությունը որտե՞ղ է քցում Հայաստանին Պուտինը
Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խոչընդոտում է Մոսկվան
Արևմուտքը փորձելո՞ւ է Հարավային Կովկասում Ռուսաստանի «կապանքները կոտրել»