27/07/2024

Ո՞վ է 2007-2020 թթ․ ԼՂՀ պետական-քաղաքական համակարգի ստագնացիայի, կատարյալ դեգրադացիայի գաղտանգրի հեղինակը

2005թ. Արցախի խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ իշխանության մի խումբ ներկայացուցիչներ որոշեցին Արցախում իշխողների հաղթանակը ապահովելու համար ընտրություններում օգտագործել ընտրակաշառքի գործոնը։

Ընտրակաշառք բաժանող իշխանական մի կուսակցություն ստեղծվեց, որը հայաստանյան օլիգարխիայի փողերի միջոցով մեծ աջակցություն ունեցավ։ Ընդդիմության (այն ժամանակ դա Դաշնակցությունն էր) դեմ հաղթանակն ապահովված էր,-ֆեյսբուքյան էջում գրում է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանը:

Թե արդեն շուրջ քսանամյա վաղեմության անցյալին անդրադառնալու ի՞նչ անհրաժեշտություն կա, հասկացվում է Խանումյանի ընդհանրացումից, ըստ որի նախկին իշխանություններն Արցախի հանրությունը վերածեցին ընտրակաշառքի, իսկ ներկաները՝ հումանիտար օգնության «մատերիալի»: Առերեւույթ այդպես է, բայց ընդդիմության, այն է՝ Դաշնակցության, դեմ հաղթանակի համար ԼՂՀ գործող իշխանությունը 2005 –ին բացարձակ ոչ մի խնդիր չուներ: Տրամաբանությունն էլ հուշում է, որ Հայաստանում այդ ժամանակ իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն ցանկության դեպքում ի զորու էր թույլ չտալու, որ հայաստանյան օլիգարխիան իր փողերը տրամադրի ԼՂՀ-ում Դաշնակցության քաղաքական ֆիասկոյի սպասարկմանը:

Իրականում 2005թ. ԼՂՀ ԱԺ ընտրություններով պետք է լուծվեր մի չափազանց սկզբունքային հարց. Արկադի Ղուկասյանը երրորդ ժամկետով պաշտոնավարելու՞ է, թե՞՝ ոչ: Խանումյանի ակնարկած երկրորդ կուսակցությունը Ազատ հայրենիքն է, որ ընտրություններում քվե է շահել եւ թվաքանակով երկրորդ խմբակցություն ձեւավորել ոչ թե ընտրակաշառքի, այլ՝ սոցիալ-քաղաքական պոպուլիզմի հաշվին եւ երկու տարի խորհրդարանական գործունեություն ծավալել որպես Արկադի Ղուկասյանի եւ նրա կառավարության ավելի արմատական ընդդիմություն, քան Դաշնակցությունն էր կամ կարող էր Դաշնակցությունը լինել՝ քաղաքական իր կարգապահությամբ եւ անժխտելի պարկեշտությամբ:

Ընտրություններում իբր թե Դաշնակցությանը հաղթած Ազատ հայրենիքը ԼՂՀ սահմանադրության հիմնադրույթների հարցում լիովին համագործակցել է ՀՅԴ հետ եւ միանշանակորեն սահմանել, որ Արկադի Ղուկասյանը երրորդ ժամկետով չպետք է պաշտոնավարի: Եթե ի դեմս Ազատ հայրենիքի, որ այդ շրջանում, ի դեպ, մեկ անձի կուսակցություն չէր, այլ՝ «տրիումվիրատի» (Ռուդիկ Հյուսնունց, Արայիկ Հարությունյան, Արթուր Թովմասյան) Արկադի Ղուկասյանն իրեն ընդդիմադիր բեւեռ չի ձեւավորել, ապա պետք է փորձել հասկանալ, թե ու՞մ էր ձեռնտու, որ նա իշխանությունից հեռանա:

Այսպես, թե այնպես՝ սահմանադրություն ընդունելուց մի քանի օր անց՝ 2006թ. դեկտեմբերին Ազատ հայրենիք-ՀՅԴ ոչ ֆորմալ դաշինքի ճնշման տակ Արկադի Ղուկասյանը մամուլի ասուլիս է հրավիրել եւ պաշտոնապես հայտարարել, որ նախագահի թեկնածու չի առաջադրվի: 2007-ի նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդես եկավ «միասնական թեկնածու» առաջադրելու նախաձեռնությամբ, որին անմիջապես եւ անվերապահ միացավ Ազատ հայրենիքը: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությանը մնաց մեկ ընտրություն՝ կամ առաջադրել նախագահի սեփական թեկնածու, կամ միանալ ՀՅԴ-Ազատ հայրենիք նույն դիրիժորությամբ երգող դուետին: Ընտրվեց երկրորդ տարբերակը, եւ Ստեփանակերտում քաղաքական կյանքը մտավ ստագնացիայի փուլ:

Քաղաքական այս կոմբինատորության հեղինակն ո՞վ է: Ընդսմին, Արկադի Ղուկասյանի հեռացումը պատճառաբանվել է ոչ թե նրա կառավարության կոռումպացվածությամբ, այլ՝ ԼՂ հարցում «զիջողականությամբ»: Խորքային առումով աշխարհաքաղաքական նշանակության այս ընտրության համար կաշառք տրվե՞լ է: Այո, բայց ստացողն արցախցի գյուղացին, ուսուցիչը, մտավորականը չի եղել, այլ՝ նոր էլիտան, որ հաշված ամիսների ընթացքում բանջարանոցա-անասնապահական չարքաշ գործարարությունից վերաճել է մեկ-երկու միլիոն դոլարի արտոնյալ վարկառուի կարգավիճակի: Ընդ որում՝ գրեթե առանց բացառության՝ ԼՂՀ կառավարության երաշխիքով:

Խնդիրը չափազանց խորքային է, արմատական եւ հանգում է մի սկզբունքային հարցադրման. «Ո՞վ է 2007-2020 թվականների ԼՂՀ պետական-քաղաքական համակարգի ստագնացիայի, ապա կատարյալ դեգրադացիայի գաղտանգրի հեղինակը»: Շահառուն ակնհայտ է՝՝ Ադրբեջան: Ի դեպ, այդ կոդավորման մի «մնջախաղն» էլ բացարձակապես ոչնչից Արկադի Ղուկասյան-Սամվել Բաբայան դիմակայությու՞նը չէր: Դա 1999 թվականն էր, Հայաստանում Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի փաստացի իշխանության գալու եւ հոկտեմբերի 27-ի տարին: