27/07/2024

Նոր որակի քաղաքական եւ պետական համակարգի ձեւավորման ըստ էության ոչ մի նախաձեռնություն

Այն, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը քաղաքական համակարգի խորքային անկման հետեւանք է, չի վիճարկում գրեթե ոչ ոք: Այդ անկումը ծավալվել է տարիներ շարունակ, քաղաքականությունը Հայաստանում վերածելով պարզապես բիզնեսի մի տեսակի՝ ոչինչ ավելի:

Հետագայում արդեն, գործող համակարգը, որ կառավարում էր Հայաստանը մինչեւ 2018 թվական, ինքը սկսեց զգալ այն ծանր հետեւանքը, որ Հայաստանի համար ավելի ու ավելի շոշափելի էր դառնում քաղաքական համակարգի աղճատվածության հետեւանքով՝ հենց համակարգի իսկ նեղ շահերից բխող գործողությունների հետեւանքով առաջացած աղճատվածության:

Սկսում էր գործել բումերանգի էֆեկտը. Եթե քաղաքականությունը մինչ այդ ոչնչացվում էր պարզապես ավելորդ մրցակցություն թույլ չտալու, կառավարող համակարգի հարմարավետությունը ապահովելու համար, այդ իրավիճակը որոշակի լետից սկսեց արդեն հարվածել հենց համակարգին, երբ աշխարհում տեղի ունեցող տնտեսա-քաղաքական խորքային վերադասավորումները առաջացրին Հայաստանում քաղաքական համակարգի գոյության հրամայական:

Ոչնչացված համակարգը սակայն հնարավոր չէր ուշքի բերել: Մեծ հաշվով դրա հետեւանք էր այն, որ փոփոխություն հնարավոր էր այլեւս միայն հեղափոխական ճանապարհով՝ լիներ դա չակերտավոր, թե իրական, հարաբերական, թե արմատական հեղափոխություն:

Տեղի ունեցավ 2018-ը, որին չընդդիմացավ ըստ էության մինչ այդ կառավարող համակարգի եւ որեւէ թեւ: Սակայն, քաղաքականությունը մեծ հաշվով շարունակեց աղճատված մնալ, եւ արդեն յուրովի աղճատվել նաեւ 2018-ից հետո: Այսպես ասած հեղափոխական նոր իշխանությունը սկսեց իրեն ավելի հարմարավետ զգալ քաղաքականության բացակայության պայմաններում:

Քաղաքական արդիականացման գործնականում զրո քայլ, նոր որակի քաղաքական եւ պետական համակարգի ձեւավորման ըստ էության ոչ մի նախաձեռնություն՝ թե մինչեւ 2020 թվականի պատերազմը, կամ թեկուզ՝ մինչեւ կորոնավիրուսի համաճարակ, եւ թե պատերազմից հետո՝ առ այսօր: Ավելին, դրա փոխարեն տեղի է ունենում քաղաքական թիվ մեկ ինստիտուտի՝ խորհրդարանի աղճատում:

Կառավարող մեծամասնությունը երկրի թիվ մեկ եւ միակ քաղաքական ներկայացուցչական ինստիտուտում այլ բան չէ, քան գործադիր իշխանության նշանակովի ղեկավարին կից գործող տեղեկատվա-քարոզչական օղակ: Երբ չկա քաղաքականություն, քաղաքական արդիականացման նույնիսկ տեսանելի ջանք, ապա որեւէ կերպ զարմանալի չէ, որ հասարակական քաղաքական գործընթացները առաջնորդողի դերում կարող է հայտնվել հոգեւոր ինստիտուտը, եւ իրավիճակի փոփոխության որեւէ հեռանկար կարող է որոնվել միայն հրապարակների եւ փողոցնների գործընթացներով, անկախ, թե ինչպիսի արդյունք կունենան դրանք:

Մի բան է կասկածից վեր, որ չի կարող արդյունավետություն ունենալ քաղաքական եւ պետական ինստիտուցիոնալ համակարգից զուրկ եւ այդ համակարգերի գործուն արդիականացման օրակարգ չունեցող պետությունը: