27/07/2024

Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի

Այն, որ Հայաստանն այսօր գտնվում է շատ բարդ իրավիճակում, նույնիսկ չի քննարկվում։ Այսօր ուղղակի դրված է մեր պետականության լինել-չլինելու հարցը, ինչի մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ակնարկում, բայց ՀՀ այս պահի իշխանությունների անհոգությանը չափ ու սահման չկա։

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախ՝ յուրաքանչյուր առիթի արհեստականորեն ցույց են տալիս, թե մտահոգվելու առիթ չկա, ու ամեն ինչ իր հունով գնում է։ Այս շոուի շրջանակներում է Փաշինյանը հերթական անգամ այցելում դպրոցներ, ստուգում գնդակները, խաղային ցանցերը, իր բոյով չափում առաստաղի բարձրությունը, մի խոսքով՝ զբաղված է կամ ցույց է տալիս, թե զբաղված է մանր-մունր անլուրջ հարցերով։ Իսկ մինչ այդ էլ նախորդ այցելությունների ժամանակ նա ստուգում էր կախիչները, ցնցուղներն ու ծորակները: Բացի ցուցադրական շոուից, Փաշինյանի այսպիսի պահվածքն ունի կոնկրետ քաղաքական ենթատեքստ։

Նա առաջին հերթին փորձում է ցույց տալ իր թիմին, որ, չնայած ահագնացող դժգոհություններին, տիրապետում է իրավիճակին ու անհանգստացած չէ, որ իր դիրքերը թուլացած չեն, և որ բոլորը կարող են հանգիստ վայելել իրենց պաշտոններն ու բարձր եկամուտները: Իսկ իրականում հենց այս ամենը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանն ուղղակի իշխանություն ու կառավարություն, որպես այդպիսին, չունի։ Փաշինյանն ու իր կուսակիցներն ուղղակի պարապուրդի են մատնված կամ էլ զբաղված են ամեն ինչով, բացի իրենց գործառույթներից։ Ավելի ստույգ, զբաղված են բացառապես թշնամու պահանջները բավարարելով ու երկրի տարածքը կտոր-կտոր հանձնելով: Այնինչ, անկախ ներքին ու արտաքին խնդիրներից ու քաղաքական վիճակից, կառավարության առաջնային խնդիրն է զբաղվել երկրի անվտանգությամբ ու տնտեսությամբ, բայց ներկայում, ինչպես բազմաթիվ մասնագետներ են նշում, մեր տնտեսությունը թողնված է բախտի քմահաճույքին։

Արտաքին դրական ազդակներ լինեն, տնտեսությունը կզարգանա, արտաքին բացասական ազդակներ լինեն, տնտեսությունը անկում կարձանագրի։ Իսկ թե որո՞նք են տնտեսության զարգացումը խթանելուն միտված կառավարության ձեռնարկումները, մնում է հարցական, որովհետև այդպիսի ձեռնարկումներ ուղղակի չկան։ Փոքր բիզնեսին խրախուսելու փոխարեն իշխանությունները միայն հարկերն են ավելացնում, նոր եկամուտների համար նախադրյալներ ստեղծելու փոխարեն՝ նոր պարտքեր ներգրավում և մեծացնում իրենց համար կատարվող պետական ծախսերը։ Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, ապա մեր անվտանգային համակարգը պարզապես չի գործում։ Դեռևս իշխանություն համարվողները նոր անվտանգային ճարտարապետություն ստեղծելու փոխարեն անընդհատ քանդում են ու քանդում նախկինում եղած համակարգը։ Քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն զգում սեփական երկրի ներսում։

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իրենց իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիները յուրաքանչյուր պահի կարող են մնալ միայնակ, ինչպես, օրինակ՝ ադրբեջանական զինուժի՝ Սյունիք ներխուժման դեպքում էր, երբ բնակիչներն անձամբ էին բանակցում ադրբեջանցի զինվորականների հետ։ Ինչ վերաբերում է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, ապա ավելի լավ օրինակով, քան երեկ Բագրատ Սրբազանը նշեց, դժվար է բնութագրել. «Որ դիվանագիտության մասին խոսում են, թող հիշեն 2023 թվականի սեպտեմբերի 20, թե 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Արարատ Միրզոյանը ասում էր մի բան, Բայրամովը նրան հերքում էր Արարատ Միրզոյանի վարչապետի խոսքերով, ուրիշ բան չեմ ասում ես, թող միայն դա հիշեն»: Մյուս կողմից՝ այս ամբողջ իրադարձություններից տպավորություն է ստեղծվում, որ փաշինյանական իշխանության արտաքին քաղաքականությունը ոչ թե Հայաստանի շահերն է սպասարկում, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի։

Փաշինյանը հատուկ ջանքեր է գործադրում այն ուղղությամբ, որ թշնամական երկրների թեզերն ու հավակնություններն ընդունելի դառնան մեր հասարակության համար։ Իսկ երբ գործը հասնում է պետության շահերի պաշտպանության նպատակով հանրային կոնսոլիդացիային, ապա նա ոչինչ չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Փաստացի Հայաստանում, դասական իմաստով, իշխանություն գոյություն չունի, քանի որ այն ոչ միայն սպառել է իրեն, այլ վերածվել է ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի։