27/07/2024

Էրդողանը կգնա՞ զանգվածային ձերբակալությունների, Ռուսաստանը կաջակցի՞ նրան

Թուրքական մամուլի տեղեկացվածությամբ՝ անցած գիշեր Էրդողանը խորհրդակցություն է անցկացրել Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Քալընի եւ արդարադատության նախարար Թունջի հետ:

Ըստ աղբյուրներ՝ քննարկվել է ազգայնական կուսակցության առաջնորդ Բահչելիի ներկացրած տեղեկատվությունը, որ երկրի իրավապահ եւ արդարադատության համակարգի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ «Ֆետյոյի» (վտարանդի գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի «խորքային կառավարության») հրահանգավորմամբ «զինված հեղաշրջում են նախապատրաստում»:

Նախօրեին Թուրքիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մի քանի բարձրաստիճան սպաների, նրանց բնակարաններում խուզարկություններ են անցկացվել: Ամենայն հավանականությամբ, պաշտոնին հրաժեշտ կտա Անկարայի ոստիկանապետը: Ի՞նչ է «բեմադրում» Ռեջեբ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայում մունիցիպալ ընտրություններից հետո ներքաղաքկան դասավորությունը փոխվել է: Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելի հետ ավելի քան երկու ժամ տեւած հանդիպմանը, երեւում է, Էրդողանին չի հաջողվել հասնել հանուն երկրի ապագայի ներքին համերաշխության պայմանավորվածության. «քեմալականները» հազիվ թե բաց թողնեն իշխանության վերադարձի հնարավորությունը:

Ըստ երեւույթին, ազգայնական ուժերի «բացառիկ տեղեկացվածությունը» հենց Քալընի գլխավորած հատուկ ծառայության հրահանգն է՝ տպավորություն ստեղծել, որ ԱՄՆ-ում ապաստան գտած Գյուլենը եւ իսրայելական «Մոսադը» Թուրքիայի դեմ «դավադրություն են նյութում»:

Հաշվարկը բավական պարզ է. Թուրքիայի պետականությանը, թուրք քաղաքական եւ էնթնիկ-հոգեւոր ինքնությանը սպառնացող վտանգ ներշնչել, չխնայել ոչինչ եւ ոչ ոքի, այդ հողի վրա հասնել «հայրենիքը փրկելու» գաղափարի շուրջ հնարավորինս լայն կոնսոլիդացիայի եւ խափանել ԺՀԿ-ի՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը: Էրդողանը ներկայումս ոչ միայն անձնական, այլեւ կուսակցական ամենացածր վարկանիշ ունի եւ չի կարող լուծել իրավահաջորդի հարցը:

Ներքաղաքական կյանքում նրա դաշնակիցն առայժմ միայն ազգայնական Բահչելին է, որոշակի առումով՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում հինգ տոկոս քվե ստացած՝ քաղաքագետ Սինան Օղանը: Էրդողանին առայժմ չեն աջակցում նախկին նախագահ Գյուլը, նախկին արտգործնախարար Դավութօղլուն: Մունիցիպալ ընտրություններում յոթ տոկոս քվե են ստացել քրդամետ ուժերը: Անսպասելի հաջողության է հասնել նախկին վարչապետ Էրբաքանի որդի Ֆաթիհ Էրբաքանը, որ նույնպես Էրդոանի ոխերիմ «բարեկամի» համարում ունի:

«Ռազմական հեղաշրջման սպառնալիքը բացահայտվել է» Թուրքիայի համար արտաքին քաղաքական շատ բարդ իրավիճակում. Չեղարկվել է նրա Վաշինգտոն այցը, ի հեճուկս սպասումների՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը վերընտրվելուց հետո առաջին այցով մեկնում է Պեկին, ոչ մի կերպ չի ստացվում Անկարա-Բրյուսել երկխոսությունը, գրեթե ճգնաժամային են Իսրայելի հետ հարաբերությունները, Սաուդյան Արաբիան համառ հետեւողականությամբ չի ընդունում Թուրքիայի «պատրոնաժը»: Այս ֆոնին գրեթե պարզ բացահայտվել են նաեւ Թուրքիա-Իրան հակասությունները:

Անհավանական չէ, որ «զինված հեղաշրջման սպառնալիքի բեմադրությունը,, խորքային ծրագիր է: Էրդողանը, կարծես, ազդակ է հղում վերոհիշյալ բոլոր դերակատարներին, որ Թուրքիան կարող է «մատնվել ներքին անկայունության՝» դրանից ենթադրվող տարածաշրջանային եւ անգամ գլոբալ մարտահրավերներով եւ, երեւի, աջակցություն է հայցում:

Դա կարող է ունենալ նաեւ ներքին կյանքում ավելի կոշտ սահմանափակումների եւ ԺՀԿ դեմ հետապնդումների միջազգային «ինդուլգենցիա ստանալու» ենթատեքստ: Էրդողանը կգնա՞ զանգվածային ձերբակալությունների՝ իրավապահ մարմինները, բանակը եւ հատուկ ծառայություններն անցանկալիներից մաքրելու համար: Ինչպե՞ս կարձագանքեն դրան Վաշինգտոնը եւ Բրյուսելը:

Ռուսաստանը կաջակցի՞ նրան՝ ինչպես 2016 թվականին փրկեց: Եթե, իհարկե, կատարվածը երկու երկրների հատուկ ծառայությունների համատեղ բեմադրություն չէր: Բայց այդ դեպքում էլ հարց է՝ Էրդողանը միայնա՞կ է «նոր բեմադրություն» հեղինակում: