27/07/2024

Կեսգիշերային հերթական հաղորդագրություն, թե՝ դավադրություն

Հայաստանի կառավարությունը կեսգիշերին տարածել է հայտարարություն այն մասին, որ Տավուշի հայտնի հատվածում հայ—ադրբեջանական սահմանի սահմանագծումն ու զատումը ավարտված է, կողմերը ստորագրել են արձանագրություն:

Ըստ հաղորդագրության, սահմանազատումն իրականացվել է ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ 1976 թվականի քարտեզներով: Ինքնին փաստը, որ կառավարությունը այդ մասին հաղորդագրությունը տարածել է գրեթե կեսգիշերին, արդեն ուշագրավ է:

Դրա պատճառն այն էր, որ կառավարության տեղեկատվական ամբողջ կազմը զբաղված էր վարչապետի մասնակցությամբ ՎԶԵԲ տարեկան համաժողովի՞ աշխատանքով՝ որ տեղի էր ունենում Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում, թե՞ սահմանազատման ու սահմանագծման հարցերով Հայաստանի եւ Ադրբբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ի աշխատանքն է ավարտվել կեսգիշերին մոտ: Դա էլ իր հերթին կարող է հարց առաջացնել, արդյո՞ք այդ ուշ ավարտը պայմանավորված է եղել քննարկման բարդությամբ, թե՞ պարզապես աշխատանքի ժամանակատարությամբ:

Հարցերն ընդհանրապես շատ են: Օրինակ հարցին, թե ինչու՞ հենց այդ քարտեզով, Հայաստանի կառավարությունը պատասխանում է, որ դա է ԽՍՀՄ ամենավերջին իրավական ուժ ունեցող քարտեզը: Օրինակ կա մեկ այլ հարց՝ ինչու՞ գործընթացի սկզբից չէր հայտարարվում, որ Տավուշում «սյուների» տեղադրումն իրականացվում է հենց այդ քարտեզով:

Հարցերին, թե ինչ հիմքով է իիրականացվում այդ տեղադրումը, իբրեւ պատասխան հնչեցվում էր միայն Ալմաթիի հռչակագրի մասին, որտեղ սակայն չկա որեւէ կոնկրետություն, որը ինքնին որեւէ կերպ չի կարող լինեօ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի իրավական հիմք:

Պարզվում է, որ հիմքը 1976 թվականի ԽՍՀՄ քարտեզն է: Բայց, մնում է հարցն օօրինակ՝ արդյո՞ք այդ քարտեզով է իրականացվելու հետագա սահմանազատումն ու սահմանագծումը: Արդյո՞ք 1976 թվականի քարտեզն է Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով նախատեսվող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հիմքը, կա՞ այդպիսի համաձայնություն, թե՞ հնարավոր է, որ այլ հատվածներում կիրառվի այլ հիմք:

Առավել եւս, որ ապրիլի 19-ի հայտարարության մեջ կա հայտնի վերապահումը, որ Խաղաղության պայմանագրով այլ սկզբունքի համաձայնեցման դեպքում, Ալմաթիի հռչակագիրը չի լինի սահմանազատման հիմքում եւ կլինի այդ՝ պայմանագրով նախատեսված այլ սկզբունքը:

Սա անկասկած Ադրբեջանի պայմանն է, եւ հետեւաբար հարց է առաջանում նաեւ իրականացվելիք գործծընթացի բուն իրավական-քարտեզային հիմքի առնչությամբ: Միաժամանակ, այստեղ կա նաեւ մեկ այլ հարց: ՌԴ նախագահ Պուտինը դեռեւս երկու տարի առաջ հայտարարել էր, թե Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի տրամադրության տակ է Հայաստան-Ադրբեջան այսպես ասած խորհրդային սահմանին առնչվող փաստաթղթային ամբողջ փաթեթը եւ Ռուսաստանը պատրաստ է դրա միջոցով օժանդակել կողմերին սահմանազատման ու սահմանագծման հարցում:

Արդյո՞ք 1976 թվականի քարտեզ հասկացությունը ենթադրում է ստատիկ ինչ որ «սահմանային պարամետրերի արձանագրում», թե՞ կան հավելյալ փաստաթղթեր, որոնց միջոցով հնարավոր է գոյություն ունեցող քարտեզին անել հավելագրումներ, լրացումներ, մեկնաբանություններ, որոնք ի վիճակի են իրավական հիմքով այս կամ այն ուղղությամբ փոխել իրավիճակը եւ դառնալ փաստարկ այս կամ այն կողմի համար:

Ո՞վ է տրամադրել կողմերին 1976 թվականի քարտեզը, որով արվել է վերոհիշյալ հատվածի սահմանազատումն ու սահմանագծումը, եւ արդյո՞ք խոսքն ամբողջական փաթեթի տրամադրման մասին է: