27/07/2024

Հայաստանին «մինչեւ վերջ անկյուն քշելու» Ալիև – Պուտին մանտրան՝ ընդդեմ ԵՄ դիտորդների

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մասին ասել է, որ նրա «գործունեությունը բացահայտ հակաադրբեջանական եւ հակաիրանական բնույթ է ստանում»:

Մինչ այդ նա եվրադիտորդներին վերագրել է «ակնհայտ հակառուսական գործունեություն, որ հայ հանրությանը Եվրամիության մասին կեղծ պատկերացումներ է ներշնչում՝ որպես Հայաստանի անվտանգության եւ բարգավաճման աղբյուրի»: Նա ԵՄ դիտորդական առաքելությանը մեղադրել է «ոչ թափանցիկության եւ ոչ հաշվետվողականության» մեջ:

Գալուզինը հնչեցրել է առանցքային միտքը. «,Եթե խոսենք տարածաշրջանային տեւական անվտանգոության, կայունության եւ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման» մասին, ապա « տարածաշրջանի միլիտարիզացման եւ այնտեղ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության քաղաքական ազդեցության ընդլայնաման արեւմտյան ծրագրերը դրան չեն համապատասխանում»: Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, նշված նպատակների իրագործմանը կարելի է հասնել կոմունիկացիաների ապաշրջափակմամ, որ տեպք է տեղի ունենա Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների աշխատանքային խմբի միջոցով: Նա կոչ է արել «շուտափույթ վերականգնել» այդ խմբի գործունեությունը:

ՌԴ փոխարտգործնախարարի այս հայտարարությունը հաջոդել է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների նոր փուլին նվիրված՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստին եւ նախորդել սահմանային անվտանգության եւ սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովների աշխատակարգի համաձայնեցմանը:

Նախօրեին Բաքվի իշխանամերձ մամուլը «տագնապ է հնչեցրել Խեյրիմլի-Կիրանց հատվածում «սահմանանշումը դադարեցնելու» շուրջ: Ըստ երեւույթին, որոշ բարդ հատվածներում ծագած խնդիրները քննարկելու մտադրություն Բաքվում չկա կամ Ալիեւին հուշել են պնդել, որ Կիրանց-Խեյրիմլի հատվածում սահմանը ճշտվի «այստեղ եւ այժմ»:

Եթե համադրենք, որ «Տավուշը հայրենիքին» շարժումն էլ իր հերթին մայիսի 15-ը «վճռորոշ օր» է անվանել, ապա կստացվի, որ Մոսկվան նախ քաղաքական աջակցություն է ցուցաբերում Երեւանի ցուցարարներին, ապա ակնհայտորեն դավագրգռում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ չստորագրի սահմանային անվտանգության եւ սահմանազատման հարցերով հանձնաժողովների «աշխատակարգը» եւ շարունակի պնդել, որ նոյեմբերի 9 –ի փաստաթղթի 9-րդ կետը պետք է կատարվի այնպես, ինչպես մեկնաբանում է Մոսկվան: Այն է՝ Նախիջեւանի եւ «մայր» Ադրբեջանի միջեւ հաղորդակցութունը «պետք է վերահսկեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը»:

Հայաստանի կողմից այդ «պարտավորությունը չկատարելու երաշխիք» Գալուզինը փաստացի համարում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը: Բավական չարագուշակ ձեւակերպում է արել Ռուսաստանի ԱԴԾ տնօերենի պաշտոնում վերանշանակվող Բորտնիկովը, ասելով, որ ռուս սահմանապահները հեռանում են հայ-ադրբեջանական «բաժանարար գծից»: Դա միանշանակորեն ռազմական խոսույթ է, որ կորելացվում է ադրբեջանական կողմից պաշտոնապես գրոծածվող «պայմանական սահման» բնութագրմանը:

Զգաստացնող է նաեւ, որ Մոսկվան ըստ էության փորձում է Իրանին նույնպես ներքաշել ԵՄ դիտորդական առաքելության հետ ռուս-ադրբեջանական դիվանագիտական եւ տեղեկատվա-քարոզչական դիմակայությանը: Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Վելայեթին վերջերս ասել է, որ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացմամբ պայմանավորված՝ իր երկիրը «տարածաշրջանում միայն է, որ թույլ չի տվել Թուրքիային ձեռնտու միջանցքի ուժով բացումը»:

Մոսկվան, կարծես, Գալուզինի մակարդակով հակադարձում է, որ եթե անգամ իր ազդեցությունը թուլացել է, ապա պատրաստ է այն վերականգնել, վերահստատել եւ ավելի ամուր դիրքեր զբաղեցնել:

Շատ որոշակի իմաստով դա հրավեր է, որպեսզի Թեհրանը միանա կոմունիկացիաների վերաբացման շուրջ ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությանը: Մոսկվան, ըստ էության, սպառնում է տարածաշրջանի ապակայունացմամբ:

Բաքվում բանականությունը, սառը հաշվա՞րկը կգերիշխի, թե Հայաստանին «մինչեւ վերջ անկյուն քշելու» ալիեւյան մանտրա՞ն, որ նա եւս մեկ անգամ Շուշիից հնչեցրեց մայիսի 10-ին: Ո՞րն է «ուժով միջանցքի բացմանն» իրանական կողմի դիմադրության սահմանը, էսկալացիոն սցենարների կառավարման, իսկ անհրաժեշտության դեպքում հակազդեցության ի՞նչ ռեսուրս ունի Եվրամիությունը: