27/07/2024

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում մեկ անգամ ևս հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանն ասաց՝ սահմանազատման գործընթացում գծվել է սահմանը, որի մի կողմում ՀՀ տարածքն է, մյուսում՝ Ադրբեջանի։

Ինչ է մնացել այս կամ այն կողմում՝ Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան, Գրիգորյանն ասաց՝ այս կողմում մնացել է այն, ինչը Հայաստանինն է։

«Ավելի առարկայական՝ նախ եկեղեցին Ադրբեջանին չի անցել, ՀՀ տարածքում է և սահմանազատման գործընթացի շրջանակներում սահմանի գիծն անցնում է եկեղեցուց հնարավորինս հեռու։ Եվ այդ առումով, այն ՀՀ տարածքում է։

Ինչ վերաբերում է տարածքներին, ապա մինչ այս պահը այդ տարածքներում ԶՈՒ-ն էր ծառայություն իրականացնում և դրա պատճառով որտեղ դիրքեր կան, համայնքներն այդ հողերին հասանելիություն չեն ունեցել։ Հիմա երբ որ սահմանապահ զորքերքն են տեղակայվում, այդ տարածքներն ազատվում են և անցնում են գյուղացիների վերահսկողության տակ։

Այս առումով ևս մեկ անգամ կարող եմ պնդել, որ սահմանազատման գործընթացը հաջող է և նախադեպ է, որ շարունակենք այն հենց 1976 թվականի քարտեզներով»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձավ ընդդիմադիրների՝ միակողմանի զիջումների վերաբերյալ մեջբերումներին։

«Ի՞նչ նկատի ունեն զիջել ասելով։ ՀՀ-ն իր տարածքից որևէ բան չի զիջել։ ՀՀ տարածքն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է 1976 թվականի քարտեզով եղած սահմանը։ Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են։ Լեգիտիմությունն այնտեղ է, որտեղով անցնում է ՀՀ սահմանը և քոնն է այն, ինչը լեգիտիմության շրջանակներում պատկանում է Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա, մեզ է վերադարձվում և հնարավորություն ենք ունենալու այդ տարածքներն օգտագործել։

Ըստ Գրիգորյանի, սահմանազատման շրջանակներում շատ է քննարկվում Տավուշի 4 գյուղի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի, Բերքաբերի շուրջ հնարավոր դելիմիտացիայի ազդեցությունը։ Ոսկեպարում, Բաղանիսում և Բերքաբերում մեծ հաշվով խնդիր չեն լինի, սահմանն արդեն դելիմիտացիայի շրջանակներում հայտնի է։

«Ինչ վերաբերում է Կիրանցին, այո, որոշակի խնդիրներ կան։ Ճանապարհի մասով մենք արդեն լուծումներ ունենք, կտանք։ Այս պահին որևէ խնդիր չկա երկարաժամկետ ինչ խնդիր էլ լինի, լուծելու ենք։

4 շինություն կա, որը 1976 թվականի քարտեզով չի մնում Հայաստանի Հանրապետության տարածքում, դրանցից մեկը տուն է, մեկը կացարան, մյուսը խանութ-վագոն է, որն այս պահին չի աշխատում, 4-րդն ավտոտնակ է։

Այս բոլոր խնդիրները Կառավարությունը հասցեագրելու է, այսինքն բնակչությունն ինչ խնդիր էլ ունենա՝ մենք լուծելու ենք։

Ճանապարհն էլ ենք կառուցելու։ Այսինքն ունենալու ենք ճանապարհ, որն ամբողջությամբ ՀՀ տարածքով է անցնելու, և ինչպես բազմիցս նշել ենք, մենք համոզված ենք, որ այս գործընթացով մենք ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Սահմանազատման ողջ գործընթացն արվել է խաղաղության հաստատման համար։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ընդդիմության դիտարկումներին, թե գործընթացը Հայաստանին մոտեցնում է պատերազմին։

«Մենք համոզված ենք, որ սա կայունություն է բերելու։ Այս գործընթացը ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, բայց փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ։ Եվ այս դիվանագիտական լուծումը մեր համոզմամբ, Հայաստանին ավելի շատ կայունություն է բերելու։ Շարունակական աշխատանքը խաղաղություն է բերելու տարածաշրջանին»,- ասաց Արմեն Գրիգորյանը։