13/09/2024

«Վրացական երազանքը» Թուրքիայի օգնությամբ է փորձում Արեւմուտքի հետ բարդ երկխոսության` Ռուսաստանի դրականով

Վրացի քաղաքագետ Վասա Գելաձեն սահմանել է տասներկու պահանջ, որ, ըստ նրա, Ռուսաստանը ներկայացնում է պաշտոնական Թբիլիսիին: Բոլորն էլ հետաքրքիր են, բայց առանձնակի ուշադրության արժանի են մի քանիսը:

Ըստ այդմ, Ռուսաստանը ցանկանում է մասնակցություն ունենալ Անակլիա նավահանգստի շինարարությանը, վարձակալական կամ կոնցեսիոն կառավարման հնարավորություն ստանալ Փոթիում եւ Բաթումիով, վերականգնել Աբխազիայով երկաթուղային հաղորդակցությունը, որպեսզի Հայաստանի տարածքով եւ «Զանգեզուրի միջանցքով» նույպես Պարսից ծոց ելք ունենա, ինչպես նաեւ՝ Թուրքիայի հետ հաղորդակցություն, լեգալացնել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռազմական ներկայությունը, վերականգնել Ախալքալակի եւ Բաթումիի հենակայանները, վերջապես՝ «Կազակի ծրագրի իրականացում, այն է՝ ինչ-որ կոնֆեդերացիայի միջոցով լեգալացնել Աբխազիայի եւ այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը»:

Գելաձեն այս դիտարկումն արել նույն օրը, երբ հայտնի դարձել, որ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա: Դա շատ ներկայացուցչական այց է, Վրաստանի վարչապետին ուղեկցում են նրա երկու տեղակալները, որ միաժամանակ հանդիսանում են էկոոնոմիկայի եւ կայուն զարգացման ու պաշտպանության նախարար: Պատվիրակության կազմում է նաեւ արտաքին գործերի նախարարը, ինչպես նաեւ Աջարիայի ինքնավարության առաջնորդը: Ճիշտ է, Վրաստանի վարչապետն իր հետ Անկարա է տանում նաեւ կրթության, գիտության եւ զբոսաշրջության հարցերով նախարարներին, բայց նրանց ներկայությունը, թերեւս, այն է, ինչ ռուսներն են ասում՝ շիլան յուղով չես փչացնի:

Վրաստանի վարչապետը Թուրքիա է մեկնում ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանի հետ ավելի քան երկու ժամ տեւած ծանր բանակցություններից հետո: Ռուսաստանն, ինչպես հայտնի է, հրաժարվել է Վրաստանի հետ հարաբերություններում Շվեյցարիայի միջնորդությունից: Ռուս-վրացական խորհրդատվություններ անցկացվում էին Ժնեւում: Դատելով Վրաստանի կառավարության դիրքորոշումից՝ Թբիլիսին Մոսկվայի հետ բանակցությունները խզելու մտադրություն չունի: Որտե՞ղ կարող են դրանք շարունակվել: Գելաձեն ասում է, որ Մոսկվան Թբիլիսիից պահանջում է սերտացնել Եվրապայում «Օրբանի ակումբի հետ կապերը»:

Խոսքը Հունգարիայի վարչապետի մասին է, որ Եվրամիությունում փորձում է ձեւավորել արեւելաեվրապական ,,խմբակցությունի,, եւ չի սատարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու ուղեգծին: Հունգարիան Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ է, սերտ հարաբերությունների ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Որտե՞ղ կարող են շարունակվել ռուս-վրացական խորհրդատվությունները: Ըստ երեւույթին, Հունգարիայի վարչապետը Բրյուսելին բացահայտ չի հակամդրվի: Հնարավոր է, որ Թուրքիան ռուս-վրացական շփումների հարթակ տրամադրի, թեեւ դա կարող է անել նաեւ Ադրբեջանը:

Եթե Գելաձեն տեղեկացված է սկզբնաղբյուրից, այսինքն վրացական պատվիրակությունն է տրամադրել Ռուսաստանի «պահանջների» ցանկը, ապա դա կարող է ունենալ նաեւ ,,թեսթի,, նշանակություն՝ պարզելու, թե Վրաստանի հանրությունն ինչպես կընդունի, եթե կառավարությունը, ենթադրենք, համաձայնի, որ Ռուսաստանը վերականգնի Ախալքալակում ռազմակայանը, բայց փոխարենն Աբխազիան եւ Հարավային Օսիան «Վրաստանի կոնֆեդերատիվ պետության ֆորմալ մաս կազմեն»:

Ի՞նչ դեր կարող է ունենալ Թուրքիան: Անկարա բանակցությունների մեկնող պատվիրակության կազմում Աջարիայի ինքնավարության ղեկավարի ընդգրկումը պատահական չէ: Թուրքիան վրացական այդ ինքնավարության կարգավիճակի երաշխավորներից մեկն է՝ Ռուսաստանի հետ:

Կարելի է ենթադրել, որ «Վրացական երազանքը» նաեւ Թուրքիայի օգնությամբ է փորձում Արեւմուտքի հետ բարդ երկխոսության համար ռեսուրսներ ներգրավել: Բայց այդ դեպքում նա պետք է նաեւ Ռուսաստանի դրական վերաբերմունքն ունենա: Եթե Վրաստանը դուրս գա եվրոպական թրենդից եւ անցնի եվրասիական ինտեգրացիայի, ապա Հայաստանը կկանգնի լրջագույն մարտահրավերի առաջ: