27/07/2024

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ մայիսի 18-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու դիմաց հնչած կրակոցների, սպանության փաստով։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ երկու անձ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Պարզվել է, որ եկեղեցու բակում հոգեհանգստի արարողության ժամանակ Արսեն Հունանյանի ուղղությամբ կրակոցներ է արձակվել 3 հատ։ Հենց եկեղեցու բակում էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ և արնանման հետքեր, իսկ արդեն եկեղեցուց մոտ 1 կմ հեռավորության վրա՝ հարակից փողոցներից մեկում, հետևի հատվածում վնավասծ «Օպել» մակնիշի ավտոմեքենա, «Օպել»-ից մի քանի մետր հեռավորության վրա՝ Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրուն Ավետյանի դին։

Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ փողոցի սկզբնամասում՝ ատրճանակից կրակված 6 պարկուճ։

Մինչ դեպքի վայրում աշխատել են քննիչներն ու փորձաքրեագետները, պարեկները Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դեպի Երևան ընթացող հատվածում հայտնաբերել են «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա՝ առջևի հատվածը ամբողջովին վնասված։

Իրավապահներն ունեն հավաստի տեղեկություններ և վստահ են, որ հենց նշված ավտոմեքենայով են եկեղեցու բակից հետապնդել սպանություն կատարողին, որը եղել է նշված «Օեպել» մակնիշի ավտոմեքենայով։

«Օպել»-ը քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակվում։ Նշվում է, որ միջադեպի հիմնական վարկածներից մեկը վրեժխնդրությունն է՝ «վենդետան»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 18-ին Կոտայքի մարզում սպանություններ էր տեղի ունեցել: