ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի՝ Ստեփանակերտի նախկին համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի և երեք անձանց նկատմամբ։
Մայիսի 26-ին Սարգսյանը ձերբակալվել էր, նրան ներկայացվել է մեղադրանք:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է, և վերջինս կալանավորվել է։
Մյուս երեք անձանց ևս ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրանք են՝ Ստեփանակերտի քաղաքային տեսչության եկամուտների բաժնի պետ աշխատած Սուսաննա Բեգլարյանը, Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն հանդիսացած Գագիկ Պողոսյանը և Սաշա Ղազարյանը, որի զբաղեցրած պաշտոնը հայտնի չէ:
Նրանք մեղադրվում են այն բանի համար, որ Դավիթ Սարգսյանը, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է այլ անձի (անձանց) պատկանող գույքեր՝ 4 ավտոմեքենա, օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Սաշա Ղազարյանին ու Գագիկ Պողոսյանին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։
Իր հերթին Սուսաննա Բեգլարյանը, օժանդակելով վերոնշյալ անձանց, Սաշա Ղազարյանին ու Գագիկ Պողոսյանին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենան օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։
«Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։
Արդյունքում Դ.Ս.-ն, Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն, Ս.Բ.-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը մեղադրվում է 5,000 դոլարի դիմաց աշխատանքի տեղավորելու համար. մանրամասներ. Լուսանկար
Յուրացվել է 65 հազար դոլար և 11 մլն ռուբլի. ՔԿ-ն՝ բարձր փոխարժեքով տարադրամ փոխանակելու խարդախության նոր մեխանիզմի մասին
Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ բնակության վայր չունեցող տղամարդը uուր առարկայով hարվածել է ՌԴ քաղաքացուն