09/10/2024

Պուտինն Ալիեւի համաձայնության դիմաց նրան ռուսաստանյան վերահսկողությամբ «Զանգեզուրի միջանցք» է խոստացե՞լ

Թուրք քաղաքագետ Օզերի տեղեկացվածությամբ՝ Միացյալ Նահանգները պահանջում է, որ Թուրքիան Ուկրաինային փոխանցի Ռուսաստանից ձեռք բերած C 400 կայանքները, դադարեցնի Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ հարձակումները, ընդունի ստատուս-քվոն, սառեցնի Ռուսաստանի հետ բանկային գործարքները, Հունաստանի հետ համաձայնության հասնի Միջերկրական ծովում գազի հանքավայրերի շահագործման հարցում, չմասնակցի Չինաստանի կոմունիկացոին նախագծերին:

Վաշինգտոնի «նախապայմաններից» Հայաստանի համար, երեւի, ամենասկզբունքայինը չինական կոմունիկացիոն նախաձեռնություններին Թուրքիայի մասնակցության-չմասնակցության հարցն է: Այն առումով, որ Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագիծը ենթադրում է նաեւ այսպես կոչված «Միջին միջանցքի» երկրորդ՝ հարավային «ճյուղավորում»: Եւ դա այն է, ինչ Բաքվում եւ Անկարայում անվանում են «Զանգեզուրի միջանցք»:

Ուշագրավ է, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարը վերջրես խոսել է Նախիջեւանի եւ Ադրբեջանի հետ հաղորդակցության երկու՝ Հայաստանի եւ Իրանի տարածքով, նախագծի մասին եւ ասել, որ «վերջնական որոշում ընդունված չէ»: Զուգահեռաբար Բաքվի մամուլը խոսում է մայիսի 19-ին Իրանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ «ձեռք բերված պայմանավորվածություններից» եւ հույս հայտնում, որ Թեհրանում նոր նախագահի ընտրությամբ «դրանք կմնան ուժի մեջ»: Կողմերի միջեւ այդ օրը որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Խոսքը մի նախագծի մասին է, որի դեմ Միացյալ Նահանգներն արտահայտվել է անցյալ տարեվերջին:

Միացյալ Նահանգները Չինաստանի կոմունիկացիոն նախաձեռնություններին չմասնակցելու «նախապայման» նաեւ Բաքվի՞ն է ներկայացնում: Բայց չէ՞ որ «միջին միջանցքի» Բաքու-Կարս երկաթգիծն արդեն իսկ գործում է, եւ չինական կոնտեյներային գնացքները հասնում են Թուրքիա: Միացյալ Նահանգներն, իհարկե, Թուրքիայի կամ անգամ Ադրբեջանի դեմ ուժ չեն կիրառի: Բայց Վաշինգտոնն ի՞նչ «նախագծում ունի» Հայաստանի հարավով Թուրքիա-Չինաստան կոմունիկացիայի «դեմ»: Իրանի տարածքով այդ հաղորդակցության թուրք-ադրբեջանական քարոզչությունը Միացյալ Նահանգներին զգուշացու՞մ է:

Թուրք մեկնաբանը գրում է, որ եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի Թրամփը, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Թուրքիայի «նկատմամբ ճնշումները կթուլանան»: Իսկ եթե Բայդենը վերընտրվի՞: Այդ դեպքի համար, ըստ Օզերի, Էրդողանն ունի «վիճելի հարցերի քննարկմանը վերադառնալու տարբերակ»: Ստացվում է քաղաքական «միջսեզոն»: Ադրբեջանը նույնպես այդ ռեժիմի մեջ է:

Այս իրավիճակում սպասել հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի»՝ չափազանց օպտիմիստական կլիներ: Բայց առավել ինտրիգային է, թե Ռուսաստանի նախագահ Պուտինը մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունները կմեկնի՞ Թուրքիա, որտեղ նրան սպասում են տարեսզբից: Ադրբեջանցի քաղաքագետներից մեկը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացելու Մոսկվայի մտադրությունը գնահատել է որպես «այդ ռեգիոնում Թուրքիայի ազդեցությունը հակակշռելու մտադրության դիվանագիտական ձեւակերպում»:

Այդ բարդ խնդիրը կարգավորելու համար Պուտինը գործընկեր կընտրի Ալիեւի՞ն, թե՞ կպայմանավորվի Էրդողանի հետ: Ադրբեջանցի վերլուծաբանը Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու թեմայի հրապարակայնացումը գնահատում է նաեւ որպես «Հայաստանին ուղղված ազդակ»:

Ակնարկն այն է, որ Պուտինն Ալիեւի համաձայնության դիմաց նրան ռուսաստանյան վերահսկողությամբ «Զանգեզուրի միջանցք» է խոստացե՞լ: Իսկ Էրդողանը քրդերի դեմ «սահմանափակ ռազմագործություն» իրականացնելու մոսկովյան ինդուլգենցիա՞ կստանա: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Իլհամ Ալիեւին Կովկասի «տեղապահ է նշանակել»: Իսկ Էրդողանը Կովկասում Ռուսաստանի «փոխարքայություն» ճանաչու՞մ է: Մինչեւ Բաքվում COP 29-ի անցկացոմը Պուտինի կայցելի Անկարա՞, թե՞՝ Բաքու: