08/09/2024

Ակադեմիայի «Գիտության զարգացման հիմնադրամը» «քցել է» 168 գիտաշխատողի

Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտության զարգացման հիմնադրամը» (ԳԶՀ) 2019 թ․-ին Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին (ԻԱՊԻ) կցված հարակից տարածքում սկսեց կառուցել բազմաբնակարան շենք: Հողը կառավարության որոշմամբ անհատույց փոխանցվել էր Հիմնադրամին, և բնակարանները վաճառվեցին ակադեմիայի աշխատակիցներին։

Բնակարան ունենալու առաջարկը հրապուրիչ էր, և 168 ընտանիք օգտվեց այդ առաջարկից։ Կառուցվող շենքում բնակարան գնելու համար գիտաշխատողների մեծ մասը բանկերից վարկ վերցրեց․ որոշները անգամ վաճառեցին իրենց բնակարանները, որ կարողանան բարելավել իրենց ապրելու պայմանները՝ հույսով, որ երեք տարուց նոր բնակարան կունենան։

Սակայն անցել է արդեն հինգ տարի, իսկ կառուցապատողը՝ Գիտության զարգացման հիմնադրամը, դեռ չի էլ պատրաստվում շինարարական աշխատանքները ավարտին հասցնել։ Ավելին, MediaHub-ին փոխանցեցին, որ անորոշ ժամանակով դադարեցրել է շենքի ֆինանսավորումը և շարունակում է շահառուներին պահել անտեղյակության և անորոշության մեջ։

Կառուցապատողի (ԳԶՀ-ի) կողմից ներկայացված և Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատած սխալ նախագծի պատճառով շենքի շինարարության ընթացքում մտել են հարակից ինստիտուտի տարածք, որի պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ավարտական ակտ չի տրամադրում։ Արդյունքում, ինչպես մեզ ասացին, 150-ից ավելի գիտաշխատողներ մնացել են անտուն կամ իրենց գրավ դրած տները կորցնելու վտանգի առաջ, բայց ոչինչ չեն կարող անել, որովհետև նախագիծը իրականացնող Գիտության զարգացման հիմնադրամը, և դրա հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ, ըստ երևույթին, իրենց ապահովագրելու համար, պայմանագիրը այնպես են կազմել, որ ուշացումների կամ այլ խնդիրների դեպքում շահառուներին ոչնչով չփոխհատուցեն։

Միակ բանը, որ ԳԶՀ-ից առաջարկում են՝ բնակարաններից հրաժարվելն է, որից հետո մի քանի ամսվա ընթացքում իրենց կվերադարձնեն բնակարանի համար վճարված գումարը (որը արդեն պայմանագրի համաձայն ստացել են 90-100%-ով)։ Սակայն շահառուներն այս տարբերակի հետ չեն համաձայնում, որովհետև, օրինակ, 2019 թ․-ին այս շենքում բնակարան գնելու նպատակով իրենց բնակարանները վաճառած շահառուներն այդ նույն գումարով չեն կարող նույնպիսի բնակարան ձեռք բերել։

«Շահառուները կարծում են, որ այս նախագիծը ի սկզբանե եղել է Գիտության զարգացման հիմնադրամի, դրա հոգաբարձուների խորհրդի և փոխկապակցված անձանց բիզնես պրոեկտ, որի հիմնական նպատակն է տարատեսակ խնդիրներ առաջ քաշելով ձգձգել շենքի շինարարությունը և ստիպել գիտաշխատողներին հրաժարվել բնակարաններից, որից հետո ԳԶՀ-ն կարող է դրանք վաճառել շուկայական գներով և ստանալ գերշահույթ։ Արդյունքում ստացվում է, որ ԳԶՀ-ն օգտագործեց ԻԱՊԻ-ն ամրագրված հողը և գիտաշխատողների կապիտալը որպես ներդրում։ Բայց թե ի՞նչ է կատարվում ակադեմիային միամտաբար վստահած և խաբված գիտաշխատողների հետ և ինչպես օգնել, չի հետաքրքրում անգամ կառավարությանը և ակադեմիայի ղեկավարությանը»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա տեղեկացրեց, որ մի խումբ գիտաշխատողներ պատրաստվում են այսօր գնալ Ակադեմիա՝ հիմնադրամի տնօրենի հետ հանդիպման, որպեսզի հասկանան, թե ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը