22/12/2024

Էրդողանի հարձակումները Հայաստանի բնական դաշնակիցների ու Սփյուռքի վրա

Այն պահին, երբ Հայաստանն ազատվի օտար ուժերի եւ սփյուռքի ստրկությունից, էլ ավելի կմոտենա խաղաղությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի նապագահի այս հայտարարությունը հուշում է, թե Անկարան ինչպես է վերաբերում Հայաստանին:

Որովհետեւ հարեւան երկրի հանդեպ հարգանքի պարագայում, որեւէ պետության առաջնորդ չի ասի, թե այդ երկիրը գտնվում է օտար ուժերի եւ առավել եւս արտերկրի իր հայրենակիցների ստրկության ներքո: Մինչդեռ, Թուրքիայի նախագահը հայտարարում է այդ մասին, սահմանելով նաեւ, որ այդ դեպքում միայն Հայաստանը «էլ ավելի կմոտենա խաղաղությանը»:

Այլ կերպ ասած, Էրդողանը ոչ միայն անհարգալից տոնով է խոսում Հայաստանի մասին, Հայաստանի եւ այլ պետությունների, ու նաեւ Հայաստանի եւ սփյուռքի փոխհարաբերության մասին, այլ ըստ էության նաեւ Հայաստանին պայման է թելադրում՝ խաղաղության պայման:

Եվ դա այն դեպքում, երբ Էրդողանը հայտարարում է, թե Թուրքիան չունի իր որեւէ հարեւանի նկատմամբ որեւէ հավակնություն: Եթե Թուրքիան չունի որեւէ հավակնություն, այդ դեպքում ի՞նչն է խանգարում ռեգիոնում խաղաղության հաստատմանը, կամ ո՞վ է խանգարում:

Ռեգիոնում խաղաղությանը խանգարում է հենց Թուրքիայի հավակնությունը՝ Թյուրքական աշխարհի կառուցման հավակնությունը, որի ճանապարհին ըստ էության միակ աշխարհագրական խոչընդոտը Հայաստանն է: Ըստ այդմ, Անկարան Հայաստանի հանդեպ իր մոտեցումները կառուցում է հետեւյալ տրամաբանությամբ՝ կամ Հայաստանը լիարժեք կընդունի Թուրքիայի պայմանները եւ այդպիսով կվերածվի ըստ էության բացարձակ աշխարհագրական տարածքի, իբրեւ պետություն գոյություն ունենալով միայն դե յուրե, կամ Թուրքիան մշտապես կպահպանի Հայաստանի հանդեպ ագրեսիայի «իրավունքը»:

Այս թեման լրջագույն հարց է, որը պետք է լինի հայկական քաղաքական մտքի ուսումնասիրության եւ մշակումների առանցքային հարցը: Այդ հարցը առ այսօր ըստ էության գտնվում է երկու ծայրահեղության պարփակման ռեժիմում՝ կամ անվերապահ կատարել Թուրքիայի պայմանները, առանց ավելորդ հարցերի եւ փաստարկների, կամ ըստ էության անտեսել ռեգիոնալ նոր իրողություններն ու առաջնորդվել ելակետերով, որոնք աշխարհում փլուզվել են եւ շարունակում են փլուզվել արդեն տարիներ շարունակ: Երկու ծայրահեղության պարփակման մեջ մնալու պարագայում Հայաստանն անխուսափելի կմնա այդ փլուզվող իրողությունների ավերակների տակ: Պետք է դուրս գալ այդ ծայրահեղություններից: