23/07/2024

Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են

Նախօրեին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ «Արբա մեդիա» ՍՊԸ-ին պատկանող «Թայմ Տերմինալ» անվանմամբ գովազդային միջոցներն ապամոնտաժվել են։

«Փաստ» օրաթերթը գրում է. Նա նշել էր, որ վերջին օրերին «Արբայի տղաներն իրենց կամքով մեր շարժման հայտարարություններն էին տեղադրում։

Քաղաքապետարանի ապօրինի գրության հիման վրա հոսանքն անջատել են, քաղաքապետարանն ապօրինի ապամոնտաժում է, չնայած պայմանագիրը դեռ ուժի մեջ է ինը տարի, ինչո՞ւ են ապամոնտաժել» Երևանի քաղաքապետարանից պարզաբանել էին, որ «Արբա մեդիայի» գովազդային կրիչներն ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված լինելու հիմքով և որևէ կերպ կապ չունեն այն կարծիքի հետ, թե որոշակիորեն կա քաղաքական մոտեցում և այլն։

«Պարզապես համընկել է դրանց ապամոնտաժումն այն ժամանակահատվածի հետ, որ իրենք արդեն այդ վահանակների վրա որոշակի քաղաքական հայտարարություններ էին փակցրած եղել», -նշել էին քաղաքապետարանից:

Ի դեպ, երեկ սոցցանցերում «Արբա մեդիա» ՍՊԸ-ն կապվում էր տարբեր քաղաքական ուժերի հետ: «Փաստ» թերթը տեղեկացավ, որ ընկերությունն իրականում Արազ Բաղդասարյանին է պատկանում, որը 20112018 թվականներին եղել է Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետը: Նա աշխատանքից ազատվել է «քայլողների»՝ իշխանության գալուց անմիջապես հետո:

Ի դեպ, կան տեղեկություններ, որ նա Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փեսան է: