08/09/2024

Օթար Տատիշվիլի․ Բոլոր ստեղծագործություններումս էլ ես եմ, իմ հոգուց ու ինտելեկտից են ծնված

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվելուս օրերին առիթ ունեցո հանդիպելու ու հետաքրքիր հարցազրույց ունենալու Վրաստանում ճանաչված ժամանակակից ու հրաշալի, տաղանդավոր կոմպոզիտոր, հետաքրքիր անհատականություն, ինչպես իրենց բնակարանում պարզվեց, նաև՝ գեղանկարիչ Օթար Տատիշվիլու հետ։

Պարոն Տատիշվիլի, որտեղից և երբ սկսվեց Ձեր կոմպոզիտոր դառնալու գործընթացը։

Փոքր տարիքից, բայց ոչ շատերի նման շատ փոքր հասակում, ինչպես ասում են։ Տանը դաշնամուր կար, սակայն հարևան ունեինք, ով դաշնամուրի վրա նվագելը աղմուկ էր համարում, իհարկե՝ խնդիր էր, սակայն շատերի հետ շատ լավ հարաբերություններ ունեինք։ Երաժշտությունն իհարկե ձգում էր ինձ, դեռ որևէ կրթություն չունենալով ինչ-որ բաներ էի հորինում, նվագում հարևանների համար, բակում շատերի, հատկապես՝ հասակակիցներիս պարծանքն էի։

Հետո արդեն սովորեցի երաժշտական դպրոցում, ինձանում հնարավորություններ տեսան, երաժշտությունն առավել ևս դարձավ կյանքիս հիմնական մասն ու շարունակվում է մինչ այսօր։ Լսողությամբ էի շատ բաներ նվագում, դպրոցական տարիքում հորինում էի նոր ձայներ, ստեղծագործություններ, սկզբում քաշվում էի մեծերին ցույց տալ, միանգամից ներկայանալ նորերով, բայց աստիճանաբար ամեն բան բացահայտվեց։ Հարազատների ծննդյան արարողությունների ժամանակ էին արդեն խնդրում, որ նոր կամ շատ սիրված գործերից նվագեմ, ինչը հաճույքով էի անում։

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Արդեն Բալանչիվաձեի անվան թիվ 4 երաժշտական ուսումնարանում Քսենիա Ջիքիա դասախոսիս օգնությամբ ու առաջնորդությամբ շարունակեցի ուսումս, ավելի հաճախակի դարձան դաշնակահարիս համերգները՝ սիմֆոնիկ նվագախմբի ու այլ կատարողական խմբերի, անսամբլների հետ։

Հաջորդն իհարկե Թբիլիսիի կոնսերվատորիան էր, որը գերազանցությամբ ավարտեցի, այդ ժամանակ ասում էին, այդպես ծանրակշիռ ու բարձր մակարդակով քչերն են ավարտում։ Զուգահեռ՝ ստեղծագործում էի, միշտ եմ նոր ստեղծագործություններ երկնել, թե նավով ճանապարհորդությունների ժամանակ, թե հանգստյան գոտիներում, ամենուր երեկոյան խնդրում էին որևէ բան նվագել, ինչը հաճույքով անում էի, կարող էի լսողությամբ, օրինակ, Բեթհավենի ամբողջ թիվ 2 սիմֆոնիան նվագել, Փարիզի աստվածամոր տաճարը ռոք օպերան, շատ այլ ստեղծագործություններ։

Այս ամենի մեղավորն իհարկե, մայրս էր, ով շատ լավ երգում էր, սակայն ինչ որ ժամանակ ձայնի հետ կապված խնդիր ունեցով, ստիպված եղավ թողնել ու աշխատել երկաթուղային համակարգում, սակայն շատ էր ցանկանում, որ գոնե ես ուսանեմ ու գործունեությունս ծավալեմ դասական երաժշտության ոլորտում։

Պետք է ասեմ, որ նաև լավ նկարում եմ /ցույց է տալիս պատերին հրաշալի գեղանկարները, տես՝ ստորև հարցազրույցում մի քանիսը – Ս․Ս․/, ինչ որ պահի անգամ տատանվում էի գնալ գեղանկարչության, թե կոմպոզիցիայի ուղղությամբ։ Առհասարակ արվեստի բոլոր ճյուղերն ինձ հետաքրքրում էին, և բանաստեղծություններ էի գրում, և երգում էի, սակայն մայրիկիս խնդրանքն ու պահանջն էր, որ գնայի կոմպոզիցիայի ուղղությամբ ու անպայման ավարտեի կոնսերվատորիան, որտեղ իմ դասախողներն ու ուղենիշներն են եղել մեր լեգենդար ստեղծագործողներ Օթար Տակտակիշվիլին, Դավիթ Թորաձեն ․․․ Այդ տարիներից սկսած ինձ գրավել է ու ստեղծագործել եմ նաև էստրադային, ջազային ոլորտներում, իհարկե ոչ այն ծավալով, ինչպես դասական երաժշտությունում։

Մեծագույն կոմպոզիտորներից ով կամ ովքեր են Ձեր վրա մեծապես ազդեցություն ունեցել։

Կոնկրետ մեկը չկա, ում կարող եմ առանձնացնել, բոլորը կամ շատերը, իհարկե նախընտրության իմաստով իբրև մարդ, անհատականություն ու կոմպոզիտեր, ինձ համար Բեթհովենն է մեծագույնը։ Անշուշտ, անգերազանցելի են և Բախը, և Մոցարտը, սակայն եթե հարցնում եք իմ համար, ապա Բեթհովեն, Լիստ, Շոպեն, Ռախմանինով։ Մի անգամ Առնո Բաբաջանյանին նույնը հարցնում են, նա հետաքրքիր պատասխան է տալիս, նայած, թե այսօր ում եմ լսել, նա էլ առավելագույն է ինձ համար։ Ինձ մոտ էլ հաճախ այդպիսի տպավորություն լինում է, այս օրերին գուցե ավելի շատ Ռախմանինովը, նրա դաշնամուրի համար թիվ 2 սիմֆոնիան հանրահայտ է, թիվ 3-ը, պատկերներն ու այլ սիմֆոնիաները հրաշալի են պարզապես։

Թբիլիսիում էլ կան հրաշալի կոմպոզիտորներ, ոչ միայն մեր՝ ավագ սերնդակիցներիս շրջանում։ Օրինակ, իմ դասախոսներից Դավիթ Թորաձեն շատ է ոգեշնչել ինձ, շատ անգամ օգնել, սիրել ու խթանել։ Ինձ համար մեծ պատիվ էր, երբ նա ասում էր, թե կոնսերվատորիան ավարտող յուրաքանչյուր սերնդից մեկ – երկուսն են իրական կոմպոզիտորներ, որոնցից մեկը, առաջատարը դու ես, ինչն իհարկե ամբողջ կյանքում առաջնորդող ու պարտավորեցնող է ինձ համար։ Ինչպես նաև, Օթար Տակտակիշվիլին, ում ներկայացնում էի իմ նոր ստեղծագործությունները, մի անգամ՝ արդեն վատառողջ էր, անկողնում, նվագում էի իրենց տանը, երբ կանչեց տիկնոջը, թե Իռա, Իռա, եկ այստեղ, տես ինչ հրաշալի ստեղծագործություն է երկնել ուսանող Տատիշվիլին։

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Որպես կոմպոզիտոր, երբ ստեղծագործում եք, նոր աշխատանքներ ստեղծում, դրանք բխում են ավելի շատ հոգուց, թե՝ ինտելեկտից։

Ամենատարբերն է պատահում, հաշվի առնենք, թե երբ ու ինչի համար եմ ստեղծագործում։ Եթե նոր բան եմ գրում՝ պարզապես պատվերով, ինչի համար նախատեսված ժամկետը սահմանափակ է, ապա այլ կերպ է, մանավանդ, երբ պատվիրատուն չի ոգեշնչում։ Սակայն, երբ գիտեմ ով է նվագելու, երգելու, մատուցելու ու գիտեմ նրա մատուցման մակարդակը, դա ոգեշնչում է ինձ, որի արդյունքում ավելի լավ ստեղծագործություններ են ծնվում։ Բոլոր դեպքերում, միևնույն է, չեմ կարող ինքս ինձ համար նախանշած մակարդակի նշաձողից ցածր որևէ բան անել, իսկ ոգևորվածությունն ու ներշնչանքն արդեն գալիս է ստեղծագործելու ժամանակի ընթացքում։

Երբեմն ինձ համար զարմանալի ու հետաքրքիր է, երբ հետևողական լսարանի մի մասը առավել նախընտրում է այս մեկ ստեղծագործությունս, մյուսները՝ մեկ այլը, երրորդը՝ բոլորովին ուրիշ, մինչդեռ բոլոր ստեղծագործություններումս էլ ես եմ, իմ հոգուց ու ինտելեկտից են ծնված։ Այո, երբեմն կամ՝ հաճախ պատահում է, որ դասական ստեղծագործություններն էլ մարդու պես ճակատագիր են ունենում, այնպիսի գործեր կան, որոնք շատ անգամներ են կատարվել, մյուսներն՝ ավելի քիչ։ Պատահել է, որ ժամանակի ընթացքում փոփոխվել են ճակատագրերը, որևէ ստեղծագործություն ավելի հանրահայտ է դարձել, նախկինում այդպիսինը զիջել դիրքերը ․․․ Ի վերջո, ամեն ինչ գալիս է կոմպոզիտորի ինտելեկտից, ինչպիսին նա ունի, այդպիսի ստեղծագործություններ էլ ծնվում են։ Ինտելեկտուալ լսողը, լսարանն ընկալում է ու գնահատում է ամեն բան։

Երբ Դուք առաջին անգամ ներկա եք լինում Ձեր իսկ ստեղծագործությունների պրեմերիաներին, Դուք առավել շատ ումոնց կամ լսարանի որ հատվածի արձագանքին եք ուշադրություն դարձնում, այնտեղ, որտեղ երաժիշտ, կոմպոզիտոր, գործընկեր ինտելեկտուալներն են, թե՝ որտեղ շարքային, սակայն արվեստասեր հասարակությունն է։

Նախ՝ շատ լարվում ու հուզվում եմ, ապա կարելի է ասել, բոլորին եմ ուշադրություն դարձնում՝ չգիտեմ, գիտակցաբար, թե անգիտակցաբար, հայացքս սահում է բոլորի վրայով, միևնույն ժամանակ ուշադիր հետևում եմ կատարմանը։ Ապրումներ եմ ունենում այն ժամանակ, երբ ուրիշներն են կատարում իմ կոմպոզիցիաները, այնպես էլ՝ երբ ինքս եմ կատարում դրանք։ Կոմպոզիտորն իհարկե ցանկանում է, որ այնպես, ինչպես ինքը ստեղծել է, այն ապրումներով ու մտածումներով, այդպես էլ հնչի կատարողի կողմից, ոչ միշտ է կատարյալ ստացվում, սակայն ստացվում է։ Լավ է, երբ կիքսեր չեն լինում, դինամիկ խանգարումներ չկան, ամեն բան այնպես է, ինչպիսի զգացողություն եղել է ստեղծագործելիս։

Դուք՝ մինչ այս պահը, միշտ եք բավարարված եղել ձեր ստեղծագործությունների մատուցմամբ՝ այլոց կողմից։

Ոչ, իհարկե։ Հաճախ են լինում հիասթափություններ, գուցե կատարումից հետո երաժիշտին չնեղացնելու համար ասեմ՝ նորմալ էր, սակայն ինքս իմ ներսում բավարարված չլինեմ նրա նվագից։ Նույնիսկ լինում են դեպքեր, երբ փոխում են ինտերպրիտացիան, ինչը իմ ստեղծագործությունների դեպքում պարզապես անընդունելի է։ Սակայն, եթե նույնիսկ դա ճաշակով է արվում, անակընկալն ինձ դուր է գալիս, և ես ընդունում եմ։ Իմ սետղծագործությունն այդպիսով նոր լույսի, գույների մեջ է ներկայանում, գուցե ընդգծում այն, ինչն անգամ ես ստեղծագործելիս չեմ նկատել, ենթագիտակցությանս մեջ է եղել։

Վրաստանում, Թբիլիսիում մասնավորապես կան որակյալ երաժշտագետներ, նրանք իրենց կարծիքներն արտահայտում կամ՝ շարադրում են որևէ տեղ, դա ազդեցություն ունի կոմպոզիտորներիդ, մասնավորապես՝ Ձեզ վրա։

Կան, սակայն ես հիասթափված եմ, որովհետև նրանք շատ զգուշավոր են, ոչ համարձակ են արտահայտում իրենց մտքերը, կարծիքները, յուրայինների ու ոչ յուրայինների են բաժանված։ Ոչ միշտ են անկեղծ կարծիք արտահայտում, ինչը ցավալի է իհարկե։ Շատ հաճախ էլ, այնքան էլ ակտիվ չեն նրանք, չեն հետևում նոր ստեղծագործությունների ստեղծմանն ու մատուցմանը։ Դրանք շատ հաճախ կախված են հոնորարներից ու դրանց չափերից։ Երաժշտագետները ոչ միայն պետք է օգնեն, ոգեշնչեն, կարծիք արտահայտեն ու քննադատեն, այլև նրանք պետք է ակտիվ ներգրավվեն կոմպոզիտորների համար հնարավորությունների ընդլայնմանը, որպեսզի ավելի շատ համերգներ ու մատուցումներ լինեն, որ նաև իրենց համար նոր հորիզոններ ու գործունեության տարածքներ բացվեն։

Երաժշտությունն ամենաբարձր ու ինքնատիպ արվեստն է, եթե գեղանկարիչը կարող է նկարել, այն մեկին դուր կգա, մյուսին՝ ոչ, սակայն լսարանին դեպի ինտելեկտուալ, բարձրարժեք երաժշտություն բարձրացնելու համար ոչ միայն կոմպոզիտորի, այլև երաժշտագետի համառ ջանքեր են անհրաժեշտ, ինչ որ տեղ նաև համատեղ աշխատանք, նախապատրաստում։

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Ձեր՝ ավագ սերնդի կոմպոզիտորներդ, Թբիլիսիում ազդեցություն ունեք ավելի երիտասարդ, կամ՝ բոլորովին երիտասարդ ստեղծագործողների վրա։

Չեմ կարող ասել, ցավոք։ Այսօր մի տեսակ կորած է սերունդների միջև սահուն ու փոխադարձ կապը, ինչը կար նախկինում, անցած դարի 50-ական, 60-ական, 70-ական ․․․ թվականներին։ Մեզանից ավագ սերունդն անմնացորդ ազդեցություն ուներ մեզ վրա, իմ շատ դասախոսները․ Սուլխան Նասիձեն, Օթար Տակտիկիշվիլին, Դավիթ Թորաձեն ․․․ շատ ուրիշներ, ովքեր միակամ էին, միշտ միասին ու մեծ ազդեցություն ունեին բոլորիս վրա։ Հիմա, մեր ժամանակներում, կոմպոզիտորներիս միջև փոխհարաբերություններ կան իհարկե, բայց ոչ այնպես, ինչպես մեր դասախոսների դեպքում էր։ Հիմա կարծես ամեն մեկս փակվել ենք մեր ստեղծած շրջանակներում ․․․ Նախկինի մասին փաստում եմ ոչ միայն ես, այլև շատ լուսանկարներ ու վավերագրական ֆիլմեր կան։ Այն ժամանակ նաև Կոմպոզիտորների միությունը շատ ազդեցիկ գործում էր ու համախմբում բոլորին, ավելի հաճախակի էին համերգները, համագումարները, հրաշալի հանգստյան տուն ունեինք Բորժոմիում, որը գրեթե կորսված է, փառատոններ էին անցկացվում, հաշվետվություններ, հյուրախաղեր, հյուրընկալումներ ․․․ Այժմ՝ կամերային ստեղծագործությունների համերգներ դեռ կարելի է կազմակերպել, իսկ ահա սիմֆոնիկ մեծ կտավի ստեծագործությունների համար խնդիրներ շատ կան Թբիլիսում։ Դրա արդյուքնում նոր գործերը շատ հաճախ դարակներում են ու չեն մատուցվում արվեստասեր հասարակությանը, ցավոք ․․․

Երաժշտությունը բացի արվեստ լինելուց, ավելի շատ փիլիսոփայություն է, թե՝ գիտություն։

Դժվար է միանշանակ ասել։ Ինքը՝ Բեթհովենն է իր ժամանակի մեջ ասել, որ հատկապես երաժշտությունը կարող է դռներ ու հորիզոններ բացել ․․․ Իմ կարծիքով, երաժշտությունը ամենագիտական արվեստն է, միևնույն ժամանակ իհարկե փիլիսոփայություն է ամբողջովին, որը բառերով փոխանցելը բարդ է։ Երաժշտությունը միջազգային ինքնատիպ լեզու է, որտեղ երաժիշտներն ու կոմպոզիտորներն իրար լավ են հասկանում, երբ նրանք խոսում են միևնույն լեզվով։

Դուք լսում եք 21-րդ դարի ակադեմիական դասական երաժշտություն։

Այո, լսում եմ, սակայն չեմ կարող ասել, որ ես դրա երկրպագուներից եմ։ Մի տեսակ, ժամանակակից նման կոմպոզիտորները հարմոնիաները վերածել են մուտանտային ձայնարկությունների, որոնց միջև չկա մելոդիա, փոխկապակցություն։ Ամբողջական միտք ու լակոնիկ սահուն ընթացք չկա, ինչպես մինչ այդ դասական երաժշտության բոլոր զարգացումների փուլերում է եղել։ Հիմա՝ ակադեմիական համարվող այդ երաժշտաոճում, ամեն ինչ թույլատրելի է, ցանկացած ձայնարկություն, ցանկացած կիսագրագետ մեկը կարող է ստեղծել այդպիսի երաժշտություն, եթե մի քիչ երևակայություն ունենա ու փոքր-ինչ ինտելեկտ։ Հիմնականում օրիգինալ ինչ որ բան են ուզում անել, որի արդյունքում աղմուկներ են ստեղծվում։ Այդպիսի գործեր կարելի է ստեղծել ֆիլմերի համար, թատերական ներկայացումների, որոնք կոնկրետ տրամադրություններ կարող են ստեղծել՝ պատկերներին զուգահեռ, բայց ոչ հանդիսատեսային լսարանի։ Կարծում եմ, եթե լսարանը երկրորդ անգամ չի ցանկանում լսել միևնույն ստեղծագործությունը, այն չի փնտրում համացանցում, կնշանակի, ապագա չունի։ Մյուս կողմից, իհարկե, տաղանդավոր կոմպոզիտորներ կան, ովքեր նաև այդ ոլորտում հետաքրքիր բաներ ստեղծում են։ Այդպես է ցանկացած ոլորտում։

Երբ Դուք առաջին անգամ լսում եք որևէ որակյալ երաժշտություն, այն կարող է Ձեզ ոգեշնչել այնպես, որ Դուք տուն վերադառնալով այսպիսի գեղանկարներ ստեղծեք։ Դրանք իսկապես ինձ շատ դուր եկան ․․․

Ամեն ինչը ինձ կարող է ոգեշնչել նոր գեղանկարչության համար։ Սակայն այդպես դեռևս չի եղել, որ ես որևէ որակյալ կոմպոզիցիա լսեմ ու անմիջապես դրա տպավորությնա տակ նկարեմ։ Ինձ կարող է ավելի շատ ոգեշնչել որևէ այլ գեղանկար, որը բնականաբար, ես չեմ վերարտադրում։ Նաև՝ զրույց լսեմ այլոց միջև, որում թեմա լինի ու ցանկանամ կտավի վրա արտահայտել իմ մատուցմամբ։

Գուցե Դուք նկարում եք այն, ինչը չեք կարող արտահայտել նոտաներով։

Միգուցե։ Բայց պարտադիր չէ, դա բոլորովին այլ միջավայր ու ոլորտ է։ Մտածում, արտահայտում ․․․ Մեր օրերում, սոցիալական ցանցերում մարդիկ ինչ ասես գրում են, վիրավորում միմյանց, ես ավելի շատ՝  այդպիսի երևույթների հանդեպ, փորձում եմ արտահայտվել իրոնիայով, ինչն էլ երբեմն արտահատվում է իմ նկարներում։

Այսօր ինչի վրա եք Դուք աշխատում։

Ավելի շատ մտածում եմ, թե ինչ ստեղծագործել, առայժմ կոնկրետ որևէ բանի վրա չեմ աշխատում։ Իմ թիվ 2 սիմֆոնիան դեռ չի կատարվել, թեև՝ մեծ ծրագրեր ունեմ, հաջորդ տարին ինձ համար հոբելյանական է, ցանկանում եմ, որ նոր ստեղծագործություններս հնչեն։

Զրուցեց՝ Սիմոն Սարգսյանը

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ: