Իրանի նախագահի արտահերթ ընտրությունն արդեն իսկ աչքի է ընկել աննախադեպ իրողությամբ՝ այդ ընտրությանն առաջին անգամ գրանցվել է նախագահի կին թեկնածու: Նա իհարկե հաղթողի հավակնորդների շարքում չէ, սակայն փաստն ինքնին, որ առաջին անգամ գրանցված է կին թեկնածու, վկայում է, թե խորքային առումով ինչպիսի ընդգրկուն հասարակական-քաղաքական շրջափուլ է ապրում Իրանն այսօր:
Եվ սա թե ներիրանական հարաբերությունների հարց է, թե նաեւ արտաքին հարաբերություններում Իրանի դիրքավորման, տեղի, դերի, դերակատարման հատկանիշների հարց:
Համարել, որ կին թեկնածուի հանգամանքը ըստ էության հեղափոխական գործոն է, կլինիանշուշտ չափազանցություն, սակայն դա վկայում է Իրանի թե ներքաղաքական, թե ներհասարակական զարգացումներում տրանսֆորմացիոն դինամիկան, որ տեղի է ունենում համաշխարհային փոփոխություններին զուգահեռ: Սա իհարկե ամենեւին բնորոշ չէ միայն Իրանին, այլ շատ երկրների, այդ թվում խիստ պահպանողական համակարգերով:
Բայց, տվյալ պարագայում իհարկե Հայաստանի համար չափազանց կարեւոր է հենց այն, ինչ ծավալվում է Իրանում, քանի որ Իրանը ոչ միայն պարզապես հարեւան երկիր է, այլ ռեգիոնալ անվտանգության հեռանկարներում առանցքային դերակատար, ընդ որում ոչ լոկ Կովկասի, այլ մերձավորարեւելյան «ավազանի» լայն իմաստով, որը ընդգրկում է նաեւ Կովկասը:
Դրանից բացի, Իրանի նոր իրողությունները, ներքին վերափոխումները՝ թե հասարակական-քաղաքական, թե սոցիալ-հոգեբանական իմաստով, ըստ էության ստեղծելով Իրանի արտաքին հարաբերությունների նոր որակի, բովանդակության, նոր հատկանիշների հեռանկար, Հայաստանի համար կարող են առաջացնել ոչ միայն զուտ ադապտացիոն նկատառումներից ելնելով հիմնարար ճանաչողության անհրաժեշտություն, այլ նաեւ Իրանի եւ արտաքին տարբեր միջավայրերի միջեւ հաղորդակցային հարթակ լինելու նոր հնարավորության, որ կարող է ձեւավորվել համաշխարհային փոփոխություններին էլ զուգահեռ:
Խոսքն Իրանի արտաքին քաղաքականության փոփոխության մասին չէ, այլ այդ քաղաքականության հատկանիշների, «բնութագրային» տրանսֆորմացիաների հավանականության: Իրանական հանրությունը ավելի քան 40 տարի ապրելով միջազգային պատժամիջոցների շրջանում, դրսեւորել է ներքին կենսունակության բավականին բարձր աստիճան՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ:
Նախագահ Իբրահիմ Ռեյիսիի ուղղաթիռի հետ տեղի ունեցած աղետը իրանյան հանրության համար էական փորձություն է, որի հաղթահարումը սակայն Իրանը կարծես թե դիտարկում է ներքին վերափոխումների շերտերի ուղեկցությամբ, այդպես տեսնելով աղետի հետեւանքի հաղթահարման եւ ռիսկերի դեմ պայքարի մոդելը:
Հայաստանի համար սա անշուշտ պետք է լինի աչալուրջ ուշադրության առարկա, թե անմիջական պատրաստվածության, թե էքզիստենցիալ եզրահանգումների իմաստով:
Բաց մի թողեք
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ
ԵՄ դիտորդները Հայաստանում անվտանգային աչք ու ականջ են
Ակամա Վրաստանը դիտարկելը Հայաստանի խոչընդոտ՝ խնդիր է