02/07/2025

ՔՊ-ն «զադնի» չի դնի. Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո

Փաստաբանական, նոտարական համայնքներին հավելյալ հարկելու օրենսդրական փոփոխության նախագիծը թերեւս կմնա անփոփոխ եւ կներկայացվի հաջորդ շաբաթ մեկնարկվելիք նիստերի օրակարգում՝ երկրորդ ընթերցման։

«Հրապարակ» թերթը գրել է․ Խոսքը փաստաբաններին, նոտարների ավելացված արժեքի հարկով հարկելու մասին է, որի նախագիծն անցած նիստերին ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Երեկ ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ երկրորդ ընթերցումից առաջ աշխատանքային փակ քննարկում են անցկացրել, որին մասնակցել են նաեւ նոտարներ, մի խումբ փաստաբաններ՝ Պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ։

Մեզ պատմեցին՝ որքան էլ փաստաբանները ՔՊ-ականներին համոզել, բացատրել են, որ փոփոխությունից տուժելու են քաղաքացիները, քանի որ ավելանալու են փաստաբանական ծախսերը, եւ դա չի լինելու իշխանության օգտին, միեւնույն է՝ ՔՊ-ն չի նահանջել։ Պատրաստ են ընդառաջել փաստաբանների միայն այն առաջարկին, որ նոր ընդունվող փոփոխությունը չկիրառվի՝ հետադարձ ուժ չունենա այն շահառուների համար, որոնք մինչ այդ օրենքի ընդունումը պայմանագրեր են կնքել: Առաջարկ է եղել, որ չտարածվի անվճար ծառայությունների դեպքում, սակայն այդ առաջարկն էլ ՔՊ-ականների կողմից ո՛չ մերժում է ստացել, ո՛չ հաստատում: Ասել են` դա դժվար վերահսկելի կլինի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստաբանների հանդիպումն ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ այդքան էլ արդյունավետ չի անցել, ու վերջիններս հանդիպումից հետո վստահ են, որ խնդրահարույց օրենքը երկրորդ ընթերցմամբ կընդունվի, ու իրավիճակից կտուժեն ՀՀ քաղաքացիները: Ուստի, փաստաբանական համայնքում կրկին կրքեր են թեժանալու. տեսնենք, թե որն էլ լինելու նրանց հաջորդ քայլը։

Ինչպես հայտնի է, Փաստաբանական համայնքը մայիսի 21-ին գործադուլ էր հայտարարել։ Նրանք հրաժարվել են ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։

Փաստաբանները Ազգային ժողովից պահանջում են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները: Նշենք, որ նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից բացառել, ինչի հետեւանքով փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ): Դրանից զատ՝ վճարվելու է նաեւ շահութահարկ, որի դրույքաչափը 18 տոկոս է: Այսինքն՝ փաստաբանական ծառայության գներն էապես կբարձրանան»։

Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»