23/12/2024

Ադրբեջանի պահանջների տեղապտույտն ու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ հույս են հայտնում, թե շատ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը: Սակայն իրականությունն այլ բանի մասին է վկայում։ Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը առկա վիճակն ու «առցանց» բանակցություններն օգտագործում է ուղղակի Հայաստանի առաջ նորանոր պահանջներ դնելու համար։

«Փաստ» օրաթերթը գրում է. Հենց դրա արդյունքում էր, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջեց իրեն հանձնել Տավուշի հայտնի տարածքները և ստացավ դրանք։ Երբ այդ տարածքները ՀՀ իշխանությունները հանձնեցին, Ադրբեջանը կրկին օրակարգ բերեց իր մյուս պահանջը, այն է՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։ Մասնավորաբար, Ալիևը հայտարարում է, թե առանց Հայաստանի Սահմանադրությունը փոխելու խաղաղության պայմանագիր չի կնքվելու։

Պարզ է, որ այդ դեպքում Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը լինելու է ոչ թե ժողովրդի կամարտահայտությունը, այլ ուղղակի պարտադրանք։ Ալիևը պատկերացնում է, որ պարտադրված որևէ Սահմանադրություն ընդունելի չի լինելու Հայաստանի քաղաքացիների կողմից, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմն ուղղակի նպատակ չունի խաղաղության պայմանագիր կնքել։ Նրանց պետք է այսպիսի պատրվակներով ձգձգել պայմանագրի ստորագրումը և, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, անընդհատ ինչ-որ զիջումներ պոկել: Իրենց հերթին ՀՀ իշխանությունները հոժարակամ են Սահմանադրությունը փոխելու կամ նոր Սահմանադրություն ընդունելու հարցի վերաբերյալ։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունելու կարիք ունի, ու զարգացնում է իրական ու պատմական հայրենիքների դիլեմայի հարցը։ Իսկ երբ Հայաստանի արտգործնախարարը հայտարարում է, թե բանակցությունների օրակարգի մաս ո՛չ ՀՀ, ո՛չ Ադրբեջանի Սահմանադրությունների փոփոխությունները չեն կազմում, միանգամից Ադրբեջանի արտգործնախարարը պատասխանում է, թե Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելն անընդունելի է, քանի որ Ադրբեջանի Սահմանադրությունում որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։ Սա կատարյալ կեղծիք է:

Բայց զարմանալի է, թե ինչո՞ւ հայկական կողմից չի բարձրաձայնվում, օրինակ՝ այն հարցը, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնող դրվագներ կան։ Խնդիրն այն է, որ այդ երկրի Սահմանադրության մեջ նշված է, որ Ադրբեջանական Հանրապետությունը 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդն է։ Ադրբեջանի գլխավոր փաստաթղթում ընդգծվում է, որ այն հիմնված է 1918 թ.-ին ստեղծված պետության անկախության հռչակագրի վրա, որտեղ նշվում է նաև Ադրբեջանի կոնկրետ տարածքը։ Հռչակագրում ընդգծվում է, թե Ադրբեջանը կազմված է Արևել յան և Հարավային Անդրկովկասից։

Իսկ ադրբեջանական կողմի ներկայացրած քարտեզում Արևել յան Անդրկովկասը ներառել է Հայաստանի Սյունիքի ներկայիս մարզը, ինչպես նաև տարածքներ Գեղարքունիքում և Վայոց ձորում։ Մի՞թե Ադրբեջանի Սահմանադրության հարցում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելու հիմքեր չի տեսնում։ Այս պարագայում տեղին կլիներ, որ հայկական կողմից էլ, ի պատասխան Ալիևի ու Բայրամովի հայտարարությունների, նշվեր, որ խաղաղության պայմանագիրը կնքելու համար Ադրբեջանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Չէ՞ որ եթե Ադրբեջանը չի փոխում իր Սահմանադրությունը, որոշ ժամանակ անց էլ արդեն իր Սահմանադրությանը ցիտելով՝ կարող է պահանջներ ներկայացնել, օրինակ՝ Սյունիքի նկատմամբ։ Փաստացի ստացվում է, որ գործ ունենք հերթական միակողմանի զիջման հետ։ Ու եթե այսպես շարունակվի, ապա ՀՀ Սահմանադրությունը փոխելու թեմայից հետո Բաքվից պահանջելու են, որ ներհայաստանյան կյանքը կարգավորող օրենքները փոխենք։

Ապա նույն կերպ էլ Ալիևը կարող է պահանջել, որ Հայաստանն այլ տարածքային զիջումներ կատարի, ընդունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պարտադրանքը ու անգամ համաձայնի, որ բանակ չունենա։ Ու բավական հիմքեր կան այս ուղղությամբ ենթադրություններ անելու համար։ Մեկ անգամ չէ, որ Բաքվից հայտարարություններ են հնչել, որ թույլ չեն տա Հայաստանին զինվել ու արագ կարձագանքեն նման փորձերին։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ գործ ունենք բռնապետական վարչակարգ ունեցող հանցագործ պետության հետ, որը իր գործունեությունն ապահովելու համար անընդհատ խաղարկելու է Հայաստանի նկատմամբ թշնամությունը։