Առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհնար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրում, վերստին հայտարարել է Ադրբեջանի նապագահ Ալիեւը:
Մի քանի օր առաջ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտնել էր, որ Սահմանադրության փոփոխության պահանջ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում չկա:
Միաժամանակ, Երեւանը պարբերաբար ասում է, որ Սահմանադրության հարցը դա Հայաստանի ներքին հարցն է: Ալիեւը հերթական անգամ է բարձրաձայնում իր դժգոհությունը Հայաստանի Սահմանադրությունից եւ այն փոխելու պահանջը, փաստորեն ըստ էության անհարմար դրության մեջ դնելով Հայաստանի արտգործնախարարին եւ պաշտոնական Երեւանին ընդհանրապես: Ակնառու է, որ Բաքուն ունի Սահմանադրության փոփոխության պահանջ եւ Երեւանը առնվազն քննարկելի է դարձրել այդ պահանջը, առնվազն, երբ Հայաստանի ներքին դաշտում բարձրաձայնել է Սահմանադրություն փոխելու մասին:
Այդ պարագայում արդեն էական չէ՝ բանակցության գործընթացում հարցը քննարկվել է, թե՞ ոչ: Ալիեւը նվազագույնը «որսացել» է պահն ու օգտագործում է այն: Ստացվում է մի իրավիճակ, որ Հայաստանի կառավարությունը թեման առաջ տանելու դեպքում ակնհայտորեն ցույց կտա, որ կատարում է Ալիեւի պահանջը, իսկ չկատարելու դեպքում էլ Ալիեւը կհայտարարի, որ Հայաստանը չի ձգտում խաղաղության, ունի Ադրբեջանի հանդեպ հավակնություն: Նա ամեն առիթ օգտագործելու է այդպիսի շանտաժի համար:
Նույնն Ալիեւն անում է Մինսկի խմբի լուծարման թեմայով, ասելով, թե այդ լուծարման պահանջին չմիանալու դեպքում Հայաստանը ցույց կտա, որ շարունակում է տարածքային հավակնություն ունենալ Ադրբեջանի հանդեպ: Թե այդ, թե Սահմանադրոության առնչությամբ ալիեւյան եզրահանգումները բացարձակապես մտացածին են ու կեղծ: Հայաստանն իր Սահմանադրությամբ միանգամայն լեգիտիմ կերպով դարձել է միջազգային հանրության, միջազգային կառուցակարգերի մաս, որեւէ միջազգային ատյանում թե Ադրբեջանը, թե որեւէ այլ երկիր ոչ մի դիտողություն չի ունեցել Հայաստանի Սահմանադրության, ընդհանրապես հայկական պետականության սահմանադրա-իրավական հիմքի առնչությամբ:
Ադրբեջանը պարզապես կիրառում է բանալ շանտաժի տեխնոլոգիա, օգտվելով այն հանգամանքից, որ գործնականում գոյություն չունի այդ շանտաժը կասեցնելու հարցում շահագրգռություն եւ պատրաստակամություն ունեցող որեւէ միջազգային ատյան կամ աշխարհաքաղաքական խաղացող: Հայաստանը ինքը պետք է գտնի այդ շանտաժից դուրս գալու ճանապարհը, սեփական ռեսուրսային պաշարների շրջանակում, որովհետեւ շանտաժի ներքո ընթացող ճանապարհը չի կարող լինել խաղաղության ճանապարհ, այն պարզ պատճառով, որ Ալիեւն իր ուղն ու ծուծով ցույց է տալիս՝ իրեն խաղաղություն պետք չէ, եւ նա սպասում է ոչ թե հարմար առիթի, այլ հարմար պահի:
Բաց մի թողեք
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»
Ռուսաստանում ազգամիջյան պատերազմ կսկսվի ՞