23/10/2024

Ալիևը հայտարարել է ԵՄ երեք երկրների կողմից Ադրբեջանին սառը պատերազմ հայտարարելու մասին

Այսօր ԵՄ առնվազն երեք երկիր սառը պատերազմ է հայտարարել Բաքվին:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Trend լրատվական գործակալությունը։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և հատկապես անցյալ տարվա հակաահաբեկչական գործողությունից հետո որոշ եվրոպական երկրներ սկսեցին անհիմն և անբարեխիղճ հարձակումներ գործել մեզ վրա։ Նրանք նսեմացնում են Ադրբեջանին, ստվեր են գցում մեր արածի վրա, սպիտակին անվանում են սև, սևին` սպիտակ»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցության մասին է։

Ալիևի խոսքով, Բրյուսելի գործողությունները «հիմնված են ոչ թե միջազգային իրավունքի նորմերի, այլ անձնական հավակնությունների վրա»։

«Ցավոք սրտի, որոշ երկրներ, որոնք ձգտում են հատուկ տեղ զբաղեցնել Եվրոպայում, կարողացել են նույնիսկ հակաադրբեջանական կոալիցիա կազմել։ Այսօր ԵՄ անդամ առնվազն երեք երկրներ սառը պատերազմ են հայտարարել Ադրբեջանին։ Դրանք հայտնի են»,- ասել է Ալիևը, սակայն չի հստակեցրել, թե որ պետություններին նկատի ունի։

Միևնույն ժամանակ Ալիևը դրական է որակել Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունները: