22/12/2024

Ինչnւ էին ԱԺ-nւմ «բզկտnւմ» Անաhիտ Ավանեuյանին

Անցյալ շաբաթ Ազգային ժողովում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնում էր իր ղեկավարած գերատեսչության 2023 թվականի հաշվետվությունը։ Ավանեսյանի ՔՊ-ական թիմակիցները, մեղմ ասած, անհարմար հարցեր ուղղեցին։

«Հրապարակ»-ին պատմեցին, որ առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների հետ պետական պատվերի պայմանագրերը 2024 թվականին կնքել է անսահմանափակ բյուջեի սկզբունքով։ Այսպես ասած՝ բժշկական հաստատությունները պետք է պետությունից ֆինանսավորվեն իրենց մատուցած ծառայությունների չափով, ի տարբերություն նախկին մոտեցման, երբ բժշկական հաստատությունների համար գոյություն ուներ պետական պատվերի սահմանված չափ, եւ սահմանված չափից ավելի չպետք է ծառայություններ մատուցեին։ Կարճ ասած՝ այս տարի պետք է գործեր ոչ թե «հիվանդն է փողի հետեւից գնում», այլ «փողն է հիվանդի հետեւից գնում» սկզբունքը։

Սակայն, պարզվում է, ինչպես Ավանեսյանի նախաձեռնած էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման դեպքում, այս մի դեպքում էլ է «խիարը թարս բուսնել»։ Ընթացիկ տարվա միայն 5 ամիսների ընթացքում առողջապահության նախարարությունը հարյուրավոր միլիոնների պարտքեր է կուտակել ու չի կարողանում ֆինանսավորել բժշկական կենտրոններին՝ նրանց մատուցած ծառայությունների դիմաց, եւ բժշկական կազմակերպությունները հիմա ֆինանսական լրջագույն խնդիրներ ունեն։ Այս հարցով Ավանեսյանին դիմեց իր նախկին ղեկավար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Ավանեսյանը կոնկրետ չպատասխանեց, թե երբ են վճարելու կուտակված պարտքերը։

Ավանեսյանին բարդ հարցեր ուղղեց նաեւ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ մեկ այլ պատգամավոր՝ Նարեկ Զեյնալյանը։ Զեյնալյանը մասնավորապես հարցրեց, թե կոնկրետ ինչի վրա է ծախսվել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար տրամադրված 127 միլիոն դրամ գումարը։ Ավանեսյանը նշեց, որ գործելակարգեր են մշակվել։

Փորձեցինք պարզել, թե ինչ գործելակարգերի մասին է խոսքը։ Մեզ հասած տեղեկություններով՝ 2022 թվականի աշնանը առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը առողջապահության նախարարության խորհրդատուներին խնդրել է մասնագիտական գործելակարգեր մշակել՝ խոստանալով յուրաքանչյուր գործելակարգի համար վճարել 50 հազար դրամ։ Պարզվում է՝ խորհրդատուները գործելակարգերը մշակել են, սակայն իրենց աշխատանքի համար չեն վճարվել։

Ի դեպ, նախարարության մեր աղբյուրները նշում են նաեւ, որ գործելակարգեր մշակելը բավականին ծանր ու պատասխանատու աշխատանք է, եւ որեւէ երկրում նմանատիպ փաստաթղթերի վրա մեկ մասնագետ չի աշխատում, այլ ձեւավորվում են մասնագիտական աշխատանքային խմբեր, կամ այդ գործընթացն իրականացնում են մասնագիտական ասոցիացիաները։