09/10/2024

Ալիեւը վերջին հիմարը կլիներ, եթե հնարավորությունը բաց թողներ

Շատ սպասելի էր, որ Հայաստանում Ալմաթիի 1991 թ. դեկտեմբերի 21-ի Հռչակագրի իրավա-քաղաքական հիմքով Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնելու շուրջ քաղաքագիտական «ալքիմիան»-երբ դիսկուրսի առանցքում դրվում է «Հայաստանը ճանաչե՞լ, թե չի՞ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» հարցադրումը,- Բաքուն օգտագործելու է իր նարատիվները զարգացնելու եւ կոշտացնելու նպատակով:

Ալիեւը վերջին հիմարը կլիներ, եթե հնարավորությունը բաց թողներ, որովհետեւ երբ դու ասում ես, որ «Ալմաթիի Հռչակագիրը չունի իրավական ուժ»-հակառակորդ կողմն ինչու՞ պիտի այդ նվերը չընդունի եւ քեզ չվերադարձնի որպես «տարածքային պահանջից հրաժարվելու նախապայման»:

Փորձել ներկայացնել, որ երբ Ալմաթիի Հռչակագիրն ընդունվել է՝ ԼՂ-ն այլեւս Ադրբեջանի «կազմում չէր»՝ նշանակում է չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Լեռնային Ղարաբաղը թողնել «օդում» կամ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «տարածքային վեճի առարկա»: Իսկ այդ «վեճը,, քառասունչորսօրյա պատերազմում լուծված է: Այն իրավական տեսքի բերելուն խանգարում է Ալմաթիի Հռչակագիրը, որովհետեւ ճանաչել 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ գոյություն ունեցած սահմանները, նշանակում է ընդունել Ադրբեջանի կազմում ԼՂԻՄ գոյությունը: Այդպիսին է քաղաքական աշխարհագրությունը, որի դեմ Ալիեւը ոչինչ անել չի կարող:

ԵԱՀԽ Մինսկի խումբը ձեւավորվել է ոչ թե իրավական ամայի դաշտում կամ որեւէ երկրի ցանկությամբ, այլ՝ Ալմաթիի Հռչակագրի հիման վրա, որի իրավական իմաստով Խորհրդային Միությունը դադարում է, նախկին միութենական հանրապետությունները միմյանց ճանաչում են որպես ինքնիշխան պետություններ՝ այդ պահի դրությամբ գոյություն ունեցող սահմաններով:

1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ Ադրբեջանն ունեցել է ոչ միայն արտաքին, այլեւ՝ ներքին սահմաններ՝ Նախիջեւանի ԻՀ եւ ԼՂԻՄ: Վերջինիս 1991թ. նոյեմբերի 25-ի լուծարումն օրինական չի ճանաչվել, նման լիազորություն ԽՍՀՄ սահմանադրությունը միութենական հանրապետությանը չէր տալիս:

Մինսկի խումբն ստեղծվել է, որպեսզի Ադրբեջանը կատարի Ալմաթիի Հռչակագրով ստանձնած պարտավորությունը, այն է՝ իր կազմում ունի ինքնավար Լեռնային Ղարաբաղ: Սա է եղել ԼՂ խնդրով բանակցությունների բուն առարկան՝ ով էլ ինչ «լոլո»-ներ պատմելու լինի: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խնդիրը շատ հստակ ձեւակերպել է. «Ղարաբաղը երեք հազար տարի եղել է հայկական, երեք հազար տարի էլ պիտի հայկական մնա»:

Ի տարբերություն Հայաստանի ազգային-հայրենասիրական ուժերի, Իլհամ Ալիեւը գերազանց գիտի, որ Լեռնային Ղարաբաղի օկուպացիան, պետականության լուծարումը հակասում է Ադրբեջանի միջազգային պարտավորություններին:

Երբ քառասունչորսօրյա պատերազմից հետո ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շոշափեց ՄԱԿ-ի Արդարադատության դատարան դիմելու հարցը, ոչ ոք նրան չաջակցեց: Մինչդեռ նա շատ սկզբունքային խնդիր էր դնում. Միջազգային դատական ատյանում վիճարկել ԼՂ ինքնավարությունը լուծարելու Ադրբեջանի իրավասությունը: Թեկուզ այն հիմքով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը Լեռնային Ղարաբաղը ճանաչում են վարչատարածքային միավոր, որ ինքնորոշման իրավունքի սուբյեկտ է:

Այս առումով Ալմաթիի Հռչակագիրի ապալեգիտիմացման ցանկացած դիսկուրս աշխատում է Ադրբեջանի օգտին, որովհետեւ խորհրդային իրողությունների իրավական ճանաչումը Բաքվին սահմանափակում է ոչ միայն Հայաստանին տարածքային կամ «էքստերիտորիալ միջանցքի» պահանջ ներկայացնելու, այլեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեկառմիշտ լուծած լինելու հարցում:

Իրերի ներկա դրությամբ, իհարկե, չափազանց դժվար է հասնել նման ամրագրումների, բայց գոնե կարող ենք ներհայաստանյան կոնսենսուսի հասնել եւ պաշտպանել ոչ թե Հայաստանի սահմանադրության նախաբանը, այլ Ալմաթիի Հռչակագրի իրավա-քաղաքական հիմքով հայ-ադրբեջանական կարգավորումը: