27/07/2024

Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»

Վերնագիրը մեր օրերի համար պոետիկ ստացվեց, բայց վալսի մասին պիտի գրեմ, մեկ էլ՝ անդարձ ժամանակի․ վերնագրի այլ տարբերակ չկար, ուստի՝ հանդուրժեք մեր երկբևեռ աֆեկտիվ խանգարման խառնարան սպրդած սենտիմենտալ այս տողը։

2023-ի մայիսի 26-ին՝ Վերջին զանգի օրը, պաշարված Ստեփանակերտից վալսի մի տեսանյութ տարածվեց․․․ տարածվեց, տարածվեց Ֆեյսբուքում, շատ հուզեց, հետո էլի մի քանի օր տարածվեց, հուզեց բոլորին, հետո կյանքը բաժանվեց «վալսից առաջ» ու «վալսից հետո»-ի։

Ստեփանակերտի Վերջին զանգի օրն էր, եկեղեցու հարակից հատվածում, հորդառատ անձրևի տակ տղան ու աղջիկը վալս էին պարում։ Հիշեցիք, երևի։ Տղան՝ սև կոստյումով, աղջիկը՝ փոքրիկ սպիտակ շորով։ Տղան անձրևի տակ վազեց աղջկան ընդառաջ, աղջիկը անձրևի տակ վազելով մոտեցավ ու սահեցին վալսի տակտի ու Ստեփանակերտի հորդառատ անձրևի տակ։

Վալսից չորս ամիս անց քաղաքը դատարկ էր։

2024-ի մայիսին մտածեցի գտնեմ նրանց։

Գտնվեցին։ Մի քիչ ուշ, բայց գտնվեցին։

Տեսանյութում մեզ համար դեռ անուն չունեին՝ տղա ու աղջիկ էին․․․ Ստեփանակերտից։

Հիմա իրենք Անին ու Կարենն են։

Կարենը՝ կանաչ աչքերով, սիրուն դեմքով, ու ներսում չպայթած մի ռումբ՝ վիրավորված, չներող, չհաշտվող տասնութ տարեկան բարեկիրթ ժպտացող ռումբ։

Ու Անին՝ մեղմ, տխուր, հաշտված, անհնարին բանի հետ համակերպված, մեղմ, հմայիչ, կյանքին փորձում է բարեկամաբար նայել։

Մի քիչ գլխավոր իրադարձության շուրջբոլորը պտտվելուց հետո, երբ արդեն կարելի էր հարցնել, թե Ղարաբաղը կորցնելուց հետո որն է այսօրվա ամենադժվար բանը, հարցնում եմ։

– Ամենադժվար բանը «ղարաբաղցի-հայաստանցի» բաժանումն ա, մի տաքսի էի նստել, ասեց՝ որտեղից ես, ասեցի՝ Ղարաբաղից, շրջվեց, թե՝ դու է՞լ ես թալանով զբաղվել։ Հետո պատասխանեցի, հետո մի քիչ ուրիշ ձևով շարունակվեց խոսակցությունը։ Լավ չէր, ծանր էր։

Վարորդը տարիքդ չտեսա՞վ, որ էդ հիմար հարցը տվեց, տասնութ տարեկան տղա ես, դու ինչ «թալանչի»։

Անին տհաճ բան չի լսել․

– Ես ոչ մի անգամ չեմ լսել, բայց հորս ասել են, հայրս տաքսի էր քշում սկզբում, ուղևորն ասել էր «թողել եք ամեն ինչը, փախել, եկել լցվել եք ստեղ»։

Կարենն անհասցե հարցնում է․ «Ինչի ա իրանց թվում, որ մեզ հաճելի ա մեր տները թողած, վարձով տներում ապրել»։

Կարենի մայրը՝ Կարինե Բաղյանը, Ստեփանակերտի հիվանդանոցի բժշկուհիներից էր, առաջին պատերազմի մասնակից։ ինձ թվաց՝ սխալ լսեցի։ Ընդհատում եմ, որ ճշտեմ՝ մայրը քանի տարեկան էր առաջին պատերազմի ժամանակ։ Պարզվում է՝ տասնյոթ։

Երկրորդ պատերազմի ժամանակ աշխատել է հիվանդանոցում արդեն որպես բժիշկ՝ մինչև հոկտեմբերի կեսերը։

Հայրը վիրավորվել է առաջին պատերազմում։ Շուշիի գրավմանն է մասնակցել, Աշոտ Ղուլյանի վաշտից էր։ Քսանինը տարեկան էր, որ վիրավորվեց։ Սրտի հատվածում հրազենային վիրավորում ունի և հաշմանդամություն։ Տանը երեք երեխա են՝ մեծ եղբայրը, քույրը, ինքը, հայրն ու մայրը։

Անին իր ընտանիքի մասին ասում է․

– Տանը ես եմ, մայրս ու հայրս, երկու մեծ եղբայրներս ամուսնացած են։ Առաջին պատերազմի ժամանակ զոհվել են երկու պապերս, քեռիս։ Մայրս յոթ տարեկան է եղել, երբ Բաքվից տեղահանվել են ու եկել Ստեփանակերտ։ 44-օրյային կռվել են հայրս ու եղբայրներս, կռվել են ու․․․ դուրս ենք էկել։

– Ո՞նց եք եկել։

– Զոռով։

– Չէի՞ք ուզում դուրս գալ։

– Եվ չէինք ուզում դուրս գալ, և գալն էր ահավոր։ Երկու օր և երեք ժամ ճանապարհին էինք՝ սեպտեմբերի 26-28-ի առավոտը,- ասում է Կարենը։

– Ձե՞ր մեքենայով եք էկել։

– Չէ, մերը մնացել ա քաղաքում։ Ստեփանակերտցիները «քաղաք» ասելիս միշտ նկատի ունեն Ստեփանակերտը։

Անձրևի տակ վալս պարող տղայի համար Արցախ վերադառնալը նպատակ է, ինչի մասին էլ խոսեցինք, ինքը վերդարձն էր համարում իր լիարժեք կյանքի միակ ձևը։

Անին ասում է․ «Շատ կուզեմ վերադառնալ, բայց գիտեմ, որ անհնար բան եմ ասում»։

Կարենը համալսարանի իրավագիտության բաժնի ուսանող է, Արցախի համալսարանից տեղափոխվել է Երևանի պետական համալսարան։ Կուրսից գոհ է։ Տղաների հետ լավ հարաբերություններ ունի։

Անին մանկավարժականում է, դժգոհություն չունի՝ ամեն ինչ լավ է, բոլորը լավն են։

Հարցին, թե կուրսում վալսի տեսանյութին ծանոթ էին, Անին ասում է՝ ծանոթ էին, բայց չգիտեին, որ ինքն է պարողը։ Երբ իմացան՝ բոլոր կուրսերին պատմում էին, որ անձրևի տակ պարող աղջիկը իրենց կուրսում է։

Դասարանցիների մասին եմ հարցնում՝ քանիսն էին, ուր են, շփում կա, թե կորցրել են իրար։ Պարզվում է՝ քսանչորս հոգանոց դասարանից Հայաստանից դուրս է եկել երեք հոգի։ Մնացածը Հայաստանում են՝ Երևանում, մարզերում։

– Ո՞ր դպրոցն էր ձերը։

– Ութերորդ։

– «Վասմոյ շկոլը»՝ դրան ասում են։

Սրամտության հանդեպ շատ ընկալունակ են, ժպտում են։

– Էդ դպրոցի մասին էին ասում, չէ, որ մի քիչ չենթարկվող դպրոց ա։

– Հա, եղբայրներս չէին թողնում, որ ավագ դպրոցն ութերորդ դպրոց գնամ սովորելու, բայց հետո, որ իրենք գնացին, տեսան, որ խոսակցություններ են ուղղակի, սովորական դպրոց ա, ես էլ գնացի։

– Ստեփանակերտի էլիտան ութերորդ դպրոց չէր տանում էրեխեքին, երևի, եթե դպրոցի համբավն այդպիսինն էր։

– Չէ, տասնեմեկերորդն էին տանում։

– Բա Առաջի՞ն դպրոցը չէր «էլիտնի»։

– Առաջինն էր, բայց դա ավագ չէր, ավագը 11-րդն էր։

Ասում-խոսում ենք, կոտրված ժպտում մեր ասած բառերի վրա, որոնք արդեն ուժը կորցրած են։ Մի հատ դատապարտված տխրություն պտտվում է սեղանի շուրջ, մինչև Կարենի ներսի պայթուցիկը նորից չի բարձրանում ու ասում է․

– Մեկ ա՝ պիտի գնանք։

– Բանակում ծառայել ե՞ս։

– Չեմ հասցրել․․

– Հա, ինչ եմ ասում, վերջին զանգդ մայիսին էր․․․

– Կկռվե՞ս հիմա։

– Բա ինչ կանեմ։

– Մամադ համաձա՞յն ա։

– Մաման ի՞նչ կապ ունի, ո՞ր մաման ա համաձայն, որ տղան կռվի։

Ամբողջ զրույցի ընթացքում Կարենը կրկնում է մի նախադասություն՝ «չպիտի լիներ ղարաբաղցի-հայաստանցի» բաժանումը։ Ամբողջ զրույցի ընթացքում իմ իմացած բոլոր բաները ասում եմ, որ հիմնավորեմ «ղարաբաղցի-հայաստանցի» տարանջատման անլրջությունը։

Բայց Կարենը դրա պատճառը գիտի։

– Անուններ չամ ասի, բայց մի քանի հոգու պատճառով մենք հիմա ամեն օր լսում ենք էս շատ վիրավորական բանը, մի քանի հոգու պատճառով։

Անին էլի մեղմում է․

– Չգիտեմ՝ որտեղից սկսվեց սա, մեր տանը էնքան Հայաստանից էկած զինվորների ծնողներ էին ապրում, ընկերանում էինք, բարեկամանում, մինչև հիմա կապը պահում ենք, ես բանի տեղ չեմ դնում էդ բառերին։ Հայասատնցի-ղարաբաղցի չկա, կա լավ ու վատ մարդ։ Իմ հարսիկը Շուշիից ա, որ Երևանում բողոքում էինք վարձով տների գներից, ինքն ասում էր՝ բա որ մենք Շուշիից իջանք, ստեփանակերտցիներն էլ մեզ էին իրենց տները շատ բարձր գներով տալիս։

Մեր զրույցին ներկա Սոնան հարցնում է․

– Լևոնը ձեր դասարանից է՞ր, նա էլ ա ձեր տարիքի ու տասնմեկերորդ դպրոցում։

– Ո՞ր Լևոնը՝ սիրիահա՞յ։

– Հա։

– Չէ, նա զուգահեռ դասարանից էր։

Խոսակցության այս հատվածին ուշադիր չէի եղել։ Սղագրելիս նկատեցի «սիրիացի Լևոն» բառակապակցությունը։ Ուզում էի զրույցի պահին նկատած լինեի, ու համոզեի Կարենին, որ այ, ոնց որ դու ոչ մի վատ բան չես դնում, բայց ասում ես՝ սիրիացի Լևոնը, համարի, որ «ղարաբաղցին» էլ տարբերելու, տեղը բերելու համար է ասվում։ Իսկ թունավոր մարդը ինքն իր խնդիրն է, քեզ հետ կապ չունի։

Վերադառնում ենք վալսին։

– Ո՞վ առաջարկեց պարել։

Կարեն – Ես նախորդ օրը երեկոյան զանգեցի Անիին, ասեցի՝ վաղը անձրև ա գալու, չպարե՞նք։ Անին հրաժարվեց։ Հաջորդ օրը եկեղեցու մոտ անձրևի ժամանակ տարբեր կողմերում պատսպարված էինք, զանգեցի Անիի բջջայինին, ասեցի՝ արի պարենք, ասեց՝ չէ, ես վազեցի որ տանեմ պարելու, ու ինքը եկավ ընդառաջ։

Անի – Հա, ես մերժեցի, նույնիսկ եկեղեցու մոտ, որ անձրևից պաշտպանվում էին ծածկի տակ, Կարենը գրեց, թե՝ արի պարենք, հրաժարվեցի, որովհետև էդ օրը երկու ժամ էին լույս տալու, մտածում էի, որ մազերս կթրջվեն, երեկոյան խնջույքի համար չեմ հասցնի սարքեմ։ Բայց որ տեսա Կարենը անձրևի տակ վազելով գալիս ա, ասեցի՝ ահ, ու ես էլ վազեցի։ Լավ եղավ։

Կարենը ղարաբաղցի տղաներին բնորոշ ինքնահեգնանքով ասում է՝ լեգենդ ենք։

– Դու գիտեի՞ր, որ ձեզ նկարում են։

– Մտածում էինք հեռախոսով են նկարում, բայց չգիտեի, որ տեսախցիկով նկարող կա։ Հաջորդ օրը տեսանք տարածվում է, մյուս օրը ամբողջ ինտերնետը մենք էինք։ Իսկ դուք պարապե՞լ էիք, թե՞ էսքան լավ պարում եք։

– Երեք ամիս պարապել ենք, վալս պարել ենք սովորել։

– Կիսաքաղց, պաշարման մեջ վա՞լս եք պարապել։

– Այո։

Կարենին հարցնում եմ՝ հայաստանցի ընկերներ ունե՞ս։ Ասում է՝ չէ։

Անին ընկերոջն ասում է՝ դա քեզնից ա։

Մենք մի քիչ ուրիշ ենք՝ ասում է Կարենը։ Հարցնում եմ՝ ինչով, դա ինչ ա նշանակում, դա էլ ա քեզ խանգարում, Կարեն ջան։ Անին գլխով է անում։

Լռում ենք։

Ղարաբաղցի և հայաստանցի տղաներն ու տղամարդիկ երբ դիսկոմֆորտ իրավիճակում են հայտնվում, անպայման կողքի աղջկան կամ կնոջն են բշտում, որ մի բան անի։

Կարենը՝ որպես հայ տղա, շրջվեց դեպի Անին․

– Խոսե։

– Հի՞նչ խոսիմ։

– Մին պեն ասե։

Նորից վերադառնում ենք անմեղ ու լուսավոր թեմային՝ վալսին։

– Իսկ Ձեզ դու՞ր է գալիս, որ ձեր պարը էսքան տարածում ունեցավ։

– Էր։ Դուր է´ր գալիս։ Հաջորդ օրը տեսանք՝ տարածվում է, մյուս օրը ամբողջ ինտերնետը մենք էինք։ Անսպասելի էր, բայց շատ հաճելի էր։

– Ցո՞ւրտ էր։

– Կարենի համար՝ չէ, ինձ համար՝ հա։ Ինքը պիջակով էր, ես կարճ թևերով։

– Կարեն, ինչի՞ են ստեփանակերտցիները իրենց խոսքում էդքան ռուսերեն բառեր օգտագործում։

– Բեզ պանյածյա,- ասում է Կարենը, ու վերջապես կարգին ծիծաղում ենք։

Սղագրելիս հասկանում եմ, որ մի պահ հեռացել եմ հարցազրույցի սեղանից կարևոր զանգի պատասխանելու համար, ու իմ բացակայության ընթացքում շարունակվել է ձայնագրությունը։ Ու Կարենը Անիին ասում է․

– Ես ստի տըղ էլ կյալ չում (ես սենց տեղ էլ չեմ գա): Հանց հարցեր ըն տամ, վեր․․․ (նենց հարցեր են տալիս, որ․․․):

Սղագրելիս մտածեցի, որ զրուցակիցներս ընդամենը տասնութ տարեկան են, տեսել են պատերազմներ, ունեն զոհեր, վիրավորում ստացած հարազատներ, կորցրել են հայրենիք, չունեն տուն, կարոտում են, դիմադրում են բացասական տրամադրություններին, երազում են հետ գնալ, իսկ ես մոռացել եմ, որ իրենք տասնութ տարեկան են, իսկ իրենք, պարզվում է՝ նեղվում են հարցազրույցից, որը ես հնարավորին չափ զրույցի էի վերածել։

Սա այն հարցազրույցն էր, որ սղագրելիս ավելի սիրեցի հյուրերիս, կարոտեցի նրանց, թեև մի օր առաջ էի տեսել, ու չգիտեմ՝ ինչ անեմ իրենց համար, որ լավ լինեն։ Իմանայի՝ ոնց խնդրեմ, որ էլ ղարաբաղցի-հայաստանցի չանեք՝ հանուն այդ սիրուն վալսի, որից 2023-ի մայիսին հուզվել էիք բոլորդ։

Տեքստը հավաքելիս ուզեցի իմանալ, ինչ մեղեդու տակ էին պարում, տեսանյութում հնչող մեղեդին էր, թե դա հետո է դրվել։ Զանգում են Անիին։

Անին ասում է՝ ոչ մի մեղեդի չկար, առանց երաժշտության էինք պարում ։

Հատուկ շնորհակալություն Սոնա Մարգարյանին՝ Անիին ու Կարենին գտնելու և լուսանկարների համար։

Լուսինե Հովհաննիսյան; https://www.civilnet.am/