«Նախկին լրագրող, այժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը 2023 թվականին զբաղված է եղել ոչ միայն Երևանի ավագանու ընտրություններով, այլ նաև գույքերի նվիրատվությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վահագն Հովակիմյանը տարեսկզբին միանձնյա սեփականությամբ 3, և համատեղ սեփականությամբ 1 անշարժ գույքեր է հայտարարագրել՝ 2 հողամաս, 1 հողին ամրակցված այլ անշարժ գույք և 1 Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այլ շինություն։
Նշված 4 գույքերը գտնվում են Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում. դրանք Հովակիմյանը նվիրատվություն է ստացել 2020 թվականին, անհայտ է՝ ում կողմից։ Նկատենք, որ նա մշտապես եղել է պետպաշտոնյա և պարտավոր է իր նվիրատուների մասին հրապարակավ հայտնել:
2023 թվականի ընթացքում Հովակիմյանը ևս մեկ հողամաս նվիրատվություն է ստացել եղբորից՝ Հայկ Միսակի Հովակիմյանից։
2023 թվականի ընթացքում Հովակիմյանը իրեն պատկանող 2 հողամասը և անհատական բնակելի տունը, որի մասին տարեսկզբին առկա գույքի աղյուսակում նշված չէր, նվիրատվություն է արել կրկին Հայկ Հովակիմյանին։
2023 թվականի տարեվերջին՝ Հովակիմյանի խառնիխուռն գործարքներից հետո, իր սեփականության տակ մնացել է 2 հողամաս և 1՝ հողին ամրակցված այլ անշարժ գույք։
Վահագն Հովակիմյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2021 թվականին 2 մլն դրամով գնված 2012 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենա։
Հովակիմյանի բանկային ավանդները կազմել են 100 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդներն ընդհանուր առմամբ՝ 19 մլն 455 հազար դրամ և 6 հազար ԱՄՆ դոլար։ Հովակիմյանը հայտարարագրել է 1 մլն դրամ կանխիկ գումար։
Նրա՝ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 38 մլն 301 հազար դրամ, որից 20 մլն դրամը վարկից ձևավորված եկամուտ է։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 18 մլն 999 հազար դրամ, որից 15 մլն դրամը տան կառուցապատման հիփոթեքի մայր գումարն է. սակայն, անհասկանալի է, թե որ տան, եթե տարվա ընթացքում անհատական բնակելի տունը Հովակիմյանը նվիրատվություն է արել եղբորը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի աշխատանքի վարձատրությունը կազմել է 17 մլն 767 հազար դրամ, սակայն, բացի սրանից, քաղաքացիական այլ պայմանագրերից ԿԸՀ-ից ստացել է ևս 534 հազար դրամ։
Հարկ է հիշեցնել, որ երբ 2021 թվականին Հովակիմյանը ԱԺ պատգամավոր էր, նրա տարեկան եկամուտը կազմում էր 7 մլն 437 հազար դրամ, իսկ անշարժ գույքերի խառը նվիրատվություններով նրա հայտարարագիրն այդքան էլ հարուստ չէր»։
Բաց մի թողեք
Փաշինյանի հայտարարությունների մասով սփյուռքում որոշ մարդկանց մոտ տարակուսանք կա․ Սինանյան
Դժոխքի դեսպանը եկել է Նիկոլին տանելու. Տեսանյութ ՀՀ կառավարության դիմացից
Ընդդիմությունն ուզում է Արարատում իշխանությունը վերցնել