ՀԱՊԿ վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությունները նորովի են բորբոքել կրքերն այդ թեմայի շուրջ: Այստեղ սակայն ըստ էության նոր բան չկա, իսկ եղածը շատ ավելի լայն է, քան Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունը:
Ընդհանրապես, ըստ ամենայնի անհրաժեշտ է Հայաստանի անվտանգային համակարգի վերափոխման վերաբերյալ դիսկուրսը ծավալել այլ հաջորդականությամբ, դրա մեկնակետ չդարձնելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերության որեւէ կոնֆիգուրացիա:
Ավելին, ըստ էության ՀԱՊԿ հետ հարաբերության որեւէ դասավորություն ինքնին պետք է բխի Հայաստանի անվտանգության ճարտարապետության նոր կոնցեպտից եւ կառուցվածքից, հարկերից, դրանց բովանդակությունից եւ այլն: Իսկ այդ առումով, առնվազն ներկայիս փուլում Հայաստանի գլխավոր խնդիրը տարբերակված հարաբերությունների, «ճառագայթաձեւ» տրամաբանությամբ աշխատանքի բանաձեւն է:
Ընդ որում, դա առաջնահերթ էր լինելու անգամ այն պարագայում, եթե Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունը չունենար որեւէ խրթին հանգամանք եւ լիներ հարթ ու սահուն:
Պարզ օրինակը Եվրաատլանտյան դաշինքն է, որը այդ իմաստով թերեւս օրինակելի է իբրեւ միատարր, արժեհամակարգային եւ գաղափարաբանական ընդհանուր կայուն հիմք ունեցող միավորում:
Այդուհանդերձ, մենք այսօր տեսնում ենք, որ այդ միավորման անդամներն իսկ խոսում են անվտանգային տարբերակված մոտեցումների մասին:
Այդ ամենը ժամանակակից միջավայրի օբյեկտիվ թելադրանքն է, քանի որ տեղի է ունենում համաշխարհային տնտեսա-քաղաքական հարաբերությունների ապամոնտաժում, եւ անկախ որեւէ հատվածում դրա աստիճանից, ընդհանուր տրամաբանությունը ենթադրում է վարքագծի առավելագույն տարբերակվածություն:
Եվ սա առավել հրամայական է այն երկրների համար, որոնք գտնվում են այսպես ասած սահմանգծային, եզրային գոտիներում: Այդպիսով, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերության որեւէ «ֆետիշացում» բացարձակապես համարժեք չէ ոչ միայն գոյություն ունեցած պատմա-քաղաքական հետագծին՝ երկու-երեք տասնամյակի, այլ նաեւ առավել եւս ներկային:
Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ստիպված կլինի պատերազմին մասնակցել արդեն նաեւ «ֆիզիկապես»
Սիրիայի համար նոր քաղաքացիական պատերա՞զմ է ծրագրվում
Ի՞նչ հետևանքներ կունենա ճամբարափոխության սինդրոմը կամ ինչո՞ւ ․․․