«Հետքը» շարունակում է ներկայացնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի սկզբնամասում գտնվող հանրային կանաչ տարածքների սեփականաշնորհման պատմությունները։
Այս անգամ կանդրադառնանք Մյասնիկյան պողոտայի վերջնամասում գտնվող «Ջրաշխարհ» սպորտային համալիրի և հարևանությամբ գտնվող «Վալենսիա» հյուրանոցի զբաղեցրած տարածքների օտարման պատմություններին։
Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու և Մյասնիկյան պողոտայի միջանկյալ մասում այժմ գործում են ջրային հանգստի և ժամանցի համար նախատեսված «Ջրաշխարհ» և «Ակվատեկ» համալիրները, իսկ հարևանությամբ՝ «Վալենսիա» հյուրանոցը։ Դրանք պատկանում են գործարար, «X գրուպի» նախագահ Խաչիկ Խաչատրյանին։
Խորհրդային Միության փլուզումից առաջ Մյասնիկյան պողոտայի վերջնամասում ջրավազաններ կառուցելու ծրագիր է սկսվում, որն այդպես էլ չի ավարտվում։ Միության փլուզմանը զուգահեռ շինարարությունը կանգ է առնում։ Մոտ 10 տարի լքված մնալուց հետո կիսակառույց շրավազաններն ու հարակից շինություններն օտարվում են։
1998 թ.-ին Երևանի Նոր Նորքի թաղապետ Մկրտիչ Մինասյանը Երևանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ թաղապետարանը «Վալենսիա» համատեղ ձեռնարկությունից ջրաշխարհի տարածքը վարձակալելու դիմում է ստացել։ «ՍՊ ընկերությունը խնդրել է Մյասնիկյան պողոտայի աջակողմյան հատվածի կիսակառույց ջրավազանները իրեն հարող լանջով՝ 7.9 հա տարածքով, վարձակալական հիմունքներով հատկացնել ընկերությանը հանգստի, զվարճալիքների և սպորտային համալիր կազմակերպելու համար»,- գրության մեջ նշել է թաղապետը՝ շարունակելով, որ ընկերությունը պատրաստվում է 2.7 միլիոն դոլարի ներդրում կատարել, որի վերաբերյալ թաղապետարանը դրական կարծիք ունի։
Նոր Նորքի թաղապետի գրությունից երկու շաբաթ անց քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը որոշում է բավարարել «Վալենսիա» ընկերության դիմումը։ Երևանի քաղաքապետի 1998 թ.-ի օգոստոսի 31-ի որոշմամբ(1,2) 7.9 հեկտար մակերեսով հողամասն առանց մրցույթի 50 տարի ժամկետով վարձակալության է տրամադրվում։ Պետական սեփականություն հանդիսացած հողամասի վրա գտնվող կիսակառույց ջրավազանները հարակից լանջով վարձակալության է տրամադրվել հանգստի, զվարճալիքների և սպորտային համալիրի կառուցման նպատակով։ Վարձակալի և քաղաքապետարանի միջև կնքված վարձակալության պայմանագրում մի լրացուցիչ կետ է ներառվել, որի համաձայն՝ կիսակառույց ջրավազանները վերակառուցելու ծախսերը քաղաքապետարանը պետք է փոխհատուցի (կատարված ծախսերի չափով ազատելով վարձավճարից)։ 7.9 հեկտար հողամասի վարձավճարն առաջիկա 3 տարիների համար (մինչև 2001 թ.-ն) սահմանվել էր գույքի կադաստրային արժեքի 5%-ի չափ, որը կազմել է 5 միլիոն 758 հազար դրամ։ 2003 թ.-ից հետո հողամասի վարձակալության տարեկան վճարը սահմանվել է դրա կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով՝ 11.5 միլիոն դրամ։
Այս ամենից պարզ է դառնում, որ «Վալենսիա» ընկերությունը հողամասը արտոնյալ պայմաններով՝ առանց մրցույթի, վարձակալել է, իսկ վարձավճարը զիջվել է։ Անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանը որոշել 2.7 միլիոն դոլար ներդրում կատարող տնտեսվարողին ազատել վարձավճարից։
Արբանյակից արված լուսանկարներից երեւում է, որ վարձակալված տարածքում, որտեղ եղել են կիսակառույց ջրավազանները, 2000 թ.-ի դրությամբ շինարարության մի մասն իրականացվել է։ Նույն պատկերում տեսանելի է, որ ջրավազարանների հարակից լանջը՝ դեպի Թաթուլ Կրպեյանի անվան անվան զբոսայգի, ծառապատ է, առկա են ցանկապատներ։ Նոր Նորքի բնակիչները հիշում են, որ ջրավազանների հարակից լանջը քաղաքացիներն օգտագործել են գյուղատնտեսական նպատակներով, ծառեր են տնկվել և խնամվել դեռևս խորհրդային տարիներից։ «Վալենսիա» ընկերության վարձակալած տարածքի գրեթե կեսը ընդհանարապես կառուցապատված չի եղել։ Այսօր այդ հատվածի մեծ մասը կառուցապատված է քոթեջներով և զբաղեցված է «Վալենսիա» հյուրանոցային համալիրով։
Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա․ Գևորգյանի և փոխքաղաքապետ Վ․ Վարդանյանի 2003 թ.-ի գրագրությունից տեղեկանում ենք, որ հողամասի վարձակալն այդ ժամանակ դիմել է քաղաքապետարան՝ խնդրելով իրեն օտարել 7.9 հա հողամասը։ Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը դիմումը ստանալուց երկու շաբաթ անց որոշում է (1,2) հողամասը բաժանել երկու մասի և «Վալենսիա» ընկերությանը տալ հողի գնման նախապատվության իրավունք։ 7.9 հա հողամասով է անցնում Գետառի հունը և դրա սպասարկման համար նախատեսված մի հատված՝ 0.82 հա մակերեսով։ Այս մասով վարձակալության իրավունքը պահպանվել է, իսկ մնացած մասը՝ 7.08 հա հողամասն օտարվել է։
«Հողի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, վաղաժամկետ լուծել 70800 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը և նշված հողամասն օտարել (վաճառել) «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ին՝ վաճառքի գինը հաշվարկելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով, կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր»,- նշված է քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշման մեջ։ Հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար այդ ժամանակ սահմանվել է 1786 դրամ։ Օտարվող՝ 70800 քմ-ի կադաստրային արժեքը կազմել է 126 միլիոն 457 հազար դրամ։
Գետառի հունը և դրա սպասարկման համար նախատեսված տարածքն ընդգրկված է եղել և մնում է «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում՝ ենթակա չէ սեփականաշնորհման։ Գետառի հունը «Վալենսիա» ընկերությունը վարձակալել է 1 միլիոն 200 հազար դրամով։
7.08 հեկտար հողամասը ձեռք բերած և կառուցապատած «Վալենսիա» համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ի մայիսին՝ գործարքից երկու ամիս առաջ։ Ընկերության հիմնադիրները գրանցման պահին եղել են՝ «Կլայկ» ՓԲԸ-ն, «Ֆիրմա ՍԱՄ ԼՏՍ» ՍՊԸ-ն և «Սկիրպուս ինվեստմենտ»-ը: 2000 թ.-ից «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի բաժնետոմսերի 96%-ը պատկանում է գործարար Խաչիկ Խաչատրյանին, 4 %-ը՝ Վերգինե Մաթևոսյանին։ Խաչիկ Խաչատրյանին է պատկանում «Կլայկ» կահույքի սրահը, «Արաքս» թռչնաֆաբրիկան։ Խաչատրյանը նաև «Վիլաշին» շինարարական ընկերության հիմնադիրն է։
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել
Նոր Նորք վարչական շրջանում կասկածելի հանգամանքներում սեփականաշնորհված մեկ այլ կանաչ տարածքի մասին գրել ենք նախորդիվ։ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի էր հանվել։ 2.6 միլիոն դոլարով վաճառվող հողամասը տարիներ առաջ ձեռք է բերվել ընդամենը 268 հազար դրամով։ «Հետքն» ուսումնասիրել էր հողամասի սեփականաշնորհման պատմությունը և պարզել, որ գույքն օտարվել է կասկածելի գործարքների արդյունքում։ Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է։ Մեր հրապարակումից հետո կանաչապատ տարածքից հեռացվել է վաճառքի հայտարարության պաստառը։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ