08/09/2024

Շահրամանյանը չեղարկեց ԼՂ քաղաքական պատմությունը, «այլեւ ըստ էության Իլհամ Ալիեւին ԵԱՀԿ Մինկսի խմբի լուծարման «հիմնավորում» պարգեւեց

Եվ ահա այժմ հայտարարելով, որ Ղարաբաղում հայկական զինված կազմավորումները մինչեւ վերջին օրը ենթարկվել են Հայաստանի պաշտպանության նախարարությանը, իսկ նրանց տեխնիկան եւ սպառազինությունը գտնվել է այդ երկրի կանոնավոր բանակի հաշվեկշռում, Սամվել Շահրամանյանը՝ լուծարված սեպարատիստական ռեժիմի վերջին առաջնորդը հաստատեց, որ Ադրբեջանի սուվերեն տարածքի գրեթե երեսնամյա օկուպացիան իրականացրել են ոչ թե անջատողականների բանդխմբավորւմները, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը,- գրում է Բաքվի իշխանական կայքը:

Նման արձագանք սպասելի եւ, որքան էլ դժվար լինի խոստովանել, միանգամայն տրամաբանական է. Ալիեւը հրապարակայնացրել է Մինսկի խմբի լուծարման իր մեծագույն ցանկությունը, իսկ դա միջազգային միակ ինստիտուտն է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի իրավա-քաղաքական սուբյեկտությունը: Իսկ դա չէր լինի, եթե Հայաստանի իշխանությունը 1994թ. մայիսի առաջին օրերի բանակցություններում անհողդողդ վճռականությամբ չպնդեր, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք եւ իրավահավասար մասնակցության հրադադարի համաձայնագիր չի ստորագրի:

Ուղիղ 30 տարի անց Սամվել Շահրամանյանը չեղարկեց ոչ միայն ԼՂ քաղաքական պատմությունը, «այլեւ ըստ էության Իլհամ Ալիեւին ԵԱՀԿ Մինկսի խմբի լուծարման «հիմնավորում» պարգեւեց. «Որովհետեւ եթե «չի եղել Պաշտպանության բանակ, «ուրեմն քառասունչորսօրյա պատերազմի հայկական կողմը Հայաստանն է», Եւ «քանի որ Հայաստանը «Լեռնային Ղարաբաղի պատկանելիության համար պատերազմում պարտվել է, ի՞նչ իմաստ ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը»:

Դեմք փրկելու համար Շահրամանյանն, իհարկե, ասել է, որ Արցախի « էջը փակված չէ»: Բայց նրա ենթատեքստաշատ «բացահայտումը» համընկնում է չորս քաղաքական ուժերի՝ Եվրամիության անդամակցության հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը: Երեւանի նման որոշման դեպքում ԼՂ խնդիրն ակտուականալու է: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան: Ընդ որում, Ֆրանսիան նաեւ ՄԽ համանախագահ է, 2020 թ. պատերազմը դադարեցնելու բանակցությունների մի փուլ անցել է Փարիզում:

Հարավային Կովկասում Եվրամիության ազդեցության հարցում առկա են բազմաթիվ շահեր, որոնց սպասարկման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը Բաքվի հետ երկխոսության ռեսուրս է: Արցախի ադրբեջանական օկուպացիան, հարյուր հազար մարդու բռնատեղահանությունը լեգիտիմացված չէ: Ադրբեջանի հետ չափազանց բարդ եւ ծանր բանակցություններ վարող Երեւանը կաշկանդված է: Քաղաքական Ստեփանակերտը պետք է իր վրա վերցներ ԼՂ խնդրի ակտուալացման պատասխանատվությունը:

Մինչդեռ տեղի է ունենում տրամագծորեն հակառակը: Եւ Արցախի ներկայացուցչական բարձրագույն մարմինը, որ հաշվետու Սամվել Շահրամանյանի « բացահայտումներին » չի արձագանքում, իր կողմից ընտրված Ազգային ժողովն է, գոնե քաղաքական գնահատական չտվեց ԼՂՀ լուծարման մասին 2023 թ. սեպտեմբերի 28-ի նրա հրամանագրին։

Ինչի՞ հետ գործ ունենք: Շահրամանյան-Ազգային ժողով կոնսենսուսի՞: ԱԺ բոլոր խմբակցություննե՞րն են համաձայն, որ Պաշտպանության բանակը «Հայաստանի Զինված ուժերի տարածքային ստորաբաժանում» էր, միջազգային իրավունքի առումով՝ «մի երկրի տարածքում մեկ այլ երկրի էքսպեդիցիոն կորպուս»: Այդ դեպքում իրենք էլ «օկուպանտ երկրի մարիոնետային ռեժիմի ներկայացուցիչներ են»: ԼՂ քաղաքական պատմությունը դեռեւս անցյալ չէ: Այլապես ալիեւյան քարոզչամիջոցը Սամվել Շահրամանյանի «բացահայտումները» կանտեսեր: Այդ առթիվ ավելի անկեղծ է ադրբեջանցի վերլուծաբանը, երբ ասում է, որ դրանք «պետք կգան միջազգային դատարանում»: Իրավիճակը սահմանագծային է, կամ Արցախի Ազգային ժողովը քաղաքական հստակ հիմնավորումներով չեղարկում է Շահրամանյանին եւ նրա հայտարարությունը, կամ ինքնալուծարվում է եւ ճանապարհ բացում, որպեսզզի բռնագաղթված արցախցիներն ընտրեն իրենց նոր ներկայացուցիչներին: Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի