Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու երկու հիմնական պայման՝ ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, ինչպես նաև Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։
Armtimes.com-ը գրել է․ Հայտարարությունն արվել է Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի մեկնարկի նախօրեին, որտեղ Ռուսաստանը հրավիրված չէ։
Կիևում Պուտինի առաջարկն անիրատեսական և աբսուրդային են անվանել:
«Հենց Կիևը հայտարարի, որ պատրաստ է և սկսի զորքերի իրական դուրսբերումը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, ինչպես նաև կհայտարարի ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելու մասին, մենք անմիջապես հրադադար կհրամայենք և կսկսենք բանակցություններ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպմանը:
Միաժամանակ, նա հատկապես ընդգծել է, որ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ լքեն այդ շրջանների տարածքները, թեպետ, ինչպես հայտնի է, ռուսական զորքերը միայն մասամբ են վերահսկում դրանք։
Ըստ Պուտինի պայմանի՝ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից, ունենա «չեզոք, ոչ դաշնակցային, միջուկային զենքից զերծ կարգավիճակ», ապահովի ռուսախոսների իրավունքները, ենթարկվի «ապազինացման», «ապառազմականացման» և ընդունի «տարածքային նոր իրողությունները»։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնությունները պետք է արձանագրվեն միջազգային պայմանագրերում, բացի այդ, պետք է չեղարկվեն Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները։
Այս դեպքում, վստահեցրել է Պուտինը, ուկրաինական հակամարտությունը ոչ միայն կսառեցվի, այլ վերջնականապես կավարտվի։ Նա ուկրաինական զորքերին խոստացել է ապահովել անվտանգ դուրսբերում ցանկացած վիճելի տարածքից:
Ինչու այս մասին հայտարարվեց «Խաղաղության գանգաթնաժողով»-ից առաջ
Պուտինը հայտարարել է հակամարտությունը դադարեցնելու իր պայմանների մասին Ուկրաինայի կողմից կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի նախօրեին, որը մեկնարկել է Շվեյցարիայի Բուրգենստոկ քաղաքում։
Շվեյցարիայի կառավարությունն ավելի վաղ հայտնել է, որ խաղաղության գագաթնաժողովին կմասնակցի 100 պատվիրակություն, այդ թվում՝ 92 երկիր և ութ կազմակերպություն։ Սակայն դրան Ռուսաստանի ներկայացուցիչները չեն հրավիրվել։ Բացի այդ, հանդիպմանը հրաժարվել են մասնակցել Չինաստանը, Բրազիլիան և Սաուդյան Արաբիան։
Խաղաղության գագաթնաժողովի քննարկումները կտևեն երկու օր, և ակնկալվում է, որ դրանք կավարտվեն ամփոփիչ կոմյունիկեի ընդունմամբ, որը կվերաբերի «ուկրաինական խաղաղության բանաձևի» երեք կետերին՝ պարենային անվտանգության, ռադիացիոն և միջուկային անվտանգության, ինչպես նաև հումանիտար հարցեր՝ բոլոր բանտարկյալների և տեղահանվածների, այդ թվում՝ ուկրաինացի երեխաների ազատ արձակում։
Ակնկալվում է, որ այդ որոշումները Մոսկվա կբերվեն միջնորդ երկրների օգնությամբ, որոնք կանցկացնեն «միջնորդություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև» այն սխեմայի համաձայն, որը նախկինում գործում էր «հացահատիկային միջանցքի» ստեղծման շուրջ բանակցությունների ժամանակ։
Դեռ պարզ չէ՝ Պուտինի հայտարարությունը կփոխի՞ գագաթնաժողովի օրակարգը։
Հիտլեր, ագրեսոր, օկուպանտ. Ուկրաինայի և Արևմուտքի արձագանքը
Հրադադարի մասին Պուտինի առաջարկը վերջնագիր է, որին չի կարելի վստահել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա կարծիքով, Պուտինը չի դադարեցնի ռազմական հարձակումը, եթե նույնիսկ կատարվեն հրադադարի իր պահանջները:
«Այս հաղորդագրությունները նույնն են, ինչ Հիտլերն ուներ… Հարյուր տարի էլ չի անցել այն պահից, երբ նա ասաց. «Տվեք ինձ Չեխոսլովակիայի մի մասը, և դրանով ամեն ինչ կավարտվի»: Ոչ, սա սուտ է, պատմականորեն հաստատված։ Դրանից հետո նա ուներ Լեհաստանիի պահանջ՝ «Տվեք ինձ Լեհաստանի մի մասը»: Դրանից հետո եղավ ողջ Եվրոպայի օկուպացիան»,-ասել է Զելենսկին։
Այն, որ Վլադիմիր Պուտինի բոլոր վերջնագրերը նախկինում մեկ անգամ չէ, որ հնչել են Մոսկվայի կողմից, և վերջին հայտարարություններում նորություն չկա, հայտարարել է նաև Ուկրաինայի ԱԳՆ-ն։
Միաժամանակ, ըստ պաշտոնական Կիևի, ՌԴ-ում ուշադրություն են դարձրել իրենց հայտարարության ժամին։
«Շվեյցարիայում կայանալիք խաղաղության գագաթնաժողովի նախօրեին նման ազդանշաններ շպրտելով՝ Պուտինը միայն մեկ նպատակ ունի՝ թույլ չտալ աշխարհի առաջնորդներին և երկրներին մասնակցել այս գագաթնաժողովին։ Այն փաստը, որ Պուտինի հայտարարությունները հայտնվեցին գագաթնաժողովից ընդամենը մեկ օր առաջ, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը վախենում է իրական խաղաղությունից»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանի նախագահի առաջ քաշած պայմաններն անվանել է «ագրեսորների ստանդարտ խմբի պահանջ», որի բովանդակությունը «խիստ վիրավորական է միջազգային իրավունքի համար» և խոսում է « Ռուսաստանի ներկայիս ղեկավարության՝ իրողությունները համարժեք գնահատելու անկարողության մասին»։
Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները նույնպես քննադատել են Վլադիմիր Պուտինի հնչեցրած առաջարկը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «Ուկրաինան չէ, որ պետք է զորքերը դուրս բերի ուկրաինական տարածքից, այլ Ռուսաստանն է, որ պետք է դուրս բերի իր զորքերը օկուպացված ուկրաինական հողից»: Նա Պուտինի հնչեցրած կետերն անվանել է «ոչ թե խաղաղության առաջարկ», այլ «ավելի շատ ագրեսիայի, ավելի շատ օկուպացիայի» առաջարկ։
«Դա ցույց է տալիս, որ Ռուսաստանի նպատակն է վերահսկել Ուկրաինան, և դա եղել է Ռուսաստանի նպատակը այս պատերազմի հենց սկզբից, և դա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, դա է նաև պատճառը, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են աջակցել Ուկրաինային»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Սթոլթենբերգը նաև ասել է, որ Կրեմլի ղեկավարի առաջարկը չի արվել «բարի կամքի ոգով»։ Ըստ նրա՝ Մոսկվան ցանկանում է ավելի մեծ ռազմական հաջողություններ, որպեսզի Ուկրաինան զիջի իր տարածքի զգալի մասը՝ նույնիսկ ավելին, քան ներկայումս վերահսկում է Ռուսաստանի Դաշնությունը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ի վիճակի չէ» Ուկրաինայից պահանջել դադարեցնել պատերազմը։
«Նա ի վիճակի չէ թելադրել Ուկրաինային, թե նա ինչ պետք է անի խաղաղության հասնելու համար», – ասել է Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահը կարող է ավարտել պատերազմը «նույնիսկ այսօր, եթե իսկապես որոշի դա անել»։
Բաց մի թողեք
Կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից
ՔՊ վարչության նիստում պաշտոն են բաժանել, ովքեր են թեկնածուները
Զեկույց, թե՞ մահակ