23/07/2024

Հայաստանին ձեռնտու է լինել բլոկայի՞ն, թե՞ ոչ բլոկային պետություն

Ուկրաինայի Խաղաղության խորհրդաժողովի ամփոփիչ Հայտարարության նախագծում մասնակից երկրները «վերահաստատում են հավատարմությունը ցանկացած երկրի, ներառյալ Ուկրաինայի, տարածքային ամբողջականությանը եւ քաղաքական անկախությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաեւ վեճերի խաղաղ կարգավորման»:

Խաղաղության խորհրդաժողովին մասնակցել է 92 պետություն, 8 միջազգային կազմակերպություն, իսկ Միավորված ազգերի կազմակերպությունը ներկա է գտնվել որպես դիտորդ: Միջազգային այդ հարթակի կարեւորությունն այնքան մեծ է, որ վերջին պահին խորհրդաժողովին միացել է նաեւ Սաուդյան Արաբիան, որ նախապես հայտարարել էր չեզոքության մասին:

Մամուլում եւ սոցիալական ցանցերում մի շարք քաղաքագետներ եւ վերլուծաբաններ խիստ քննադատել են Հայաստանի իշխանություններին, որ ,,հակառուսական խորհրդաժողովին,, մասնակցել է նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ հարցադրում արել. «Ի՞նչ է անում Հայաստանը Շվեյցարիայում»: Հատկապես ընդգծվում է, որ Ադրբեջանն այդ խորհրդաժողովին չի մասնակցել:

Իսկ Ադրբեջանն ինչո՞ւ պիտի մասնակցեր միջազգային խորհրդաժողովի, որտեղ մերժվում է «ուժի իրավունքը» եւ հարգվում պետությունների տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը եւ սահմանների անխախտելիությունը, վեճերի խաղաղ-բանակցային կարգավորումը:

Եւ ընդհակառակը, Հայաստանն ինչու՞ չպիտի մասնակցեր, եթե խորհրդաժողովի քաղաքական կոնտեքստը լիովին համապատասխանում է մեր ազգային շահերին:

Խորհրդաժողովը գործնական նշանակություն չի՞ ունենա, հարցերը ոչ թե թղթով են լուծվում, այլ՝ գետնի վրա ուժերի հարաբերակցությա՞մբ, Ռուսաստանը Հայաստանին կպատժի՞: Սրա՞նք են «անհանգստությունները»:

Ռուսաստանը Հայաստանին արդեն պատժել է, իրենց ասած՝ дальше некуда,- բայց մայիսի 16-ին Բաքվում Ալեքսանդր Լուկաշենկոյից բացահայտումից, որ Ալիեւին վստահեցրել է, որ պատերազմում հաղթել կարելի է,- պարզ դարձավ, որ աշխարհաքաղաքական մոսկովյան նախագծումներում սուվերեն Հայաստան չի դիտարկվում:

Այո, շվեյցարական ,,առողջարանը,, Հայաստանին համադարման չէ, բայց 92 երկրի քաղաքական աջակցությունը լուրջ ռեսուրս է, որպեսզի Երեւանը միջազգային հարաբերություններում հանդես գա որպես ինքնուրույն բանակցունակ կողմ: Մենք կուզենայինք իմանալ Ռուսաստանի նախագահի առաջարկությունների վերաբերյալ Չինաստանի տեսակետը,-խորհրդաժողովի «կողասրահներում» ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը:

Սա Պեկինի նկատմամբ դիվանագիտական «եղանի կիրառում է»: Բոլոր պետությունների տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության հարգումը վերաբերում է նաեւ Չինաստանին, որ Թայվանի խնդիր ունի: Պեկինում հենց այդպես էլ հասկացել են եւ արձագանքել, որ Թայվանի անկախության ճանաչումը կնշանակի պատերազմ:

Եւ եթե աշխարհի տասնյակ երկների շվեյցարական «առողջարան», չեն ներկայացել, չի հետեւում, թե նրանք պատրաստ են ճանաչել Ղրիմի, Դոնբասի, Խարկովի եւ Խերոսնի ռուսաստանյան օկուպացիան: Պատճառը Կիեւի հանդեպ պարտավորվածությունը կամ «նեոբանդերականության» նկատմամբ համակրանքը չէ. մի երկրի սուվերեն տարածքի օկուպացիան ճանաչել, նշանակում է հարվածի տակ դնել սեփական տարածքի ամբողջականությունը, քաղաքական անկախությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Պոստկոնֆլիկտային աշխարհը, գուցե կամ շատ հավանական է՝ կլինի բազմաբեւեռ, բայց երբեք՝ անարխիկ-քաոսային, որտեղ կգերիշխի ուժի իրավունքը: Նիկոլ Փաշինյանն, ըստ երեւութին, խորքային հարցադրում է անում, երբ ասում է, որ պետք է քննարկել՝ Հայաստանին ձեռնտու է լինել բլոկայի՞ն, թե՞ ոչ բլոկային պետություն: Սա Հայաստանի քաղաքացու որոշելիք հարց է, բայց Հայաստանը պետք է լինի այնտեղ, որտեղ հարգվում է միջազգային իրավունքի ուժը: