25/07/2024

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա` կմասնակցի ռազմական ցուցահանդեսի, որի շրջանակում նաեւ սպասվում է հայ-ֆրանսիական ֆորում՝

Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

Այս մասին հայտնել են նախարարությունից։ Պաշտպանության նախարարը Ֆրանսիայում կմասնակցի ռազմական ցուցահանդեսի, որի շրջանակում նաեւ սպասվում է հայ-ֆրանսիական ֆորում՝ պաշտպանական գործակցության հեռանկարների վերաբերյալ: Ըստ նախնական տեղեկության, ֆորումին կարող են մասնակցելլ ֆրանսիական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Կկայանա ֆորումը, եւ ինչ ներկայացուցչականություն կունենա այն, պարզ կլինի առաջիկայում, սակայն անկասկած է այն, որ հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության որակական եւ բովանդակային համապարփակ արդյունավետությունը պետք է ենթադրի ոչ միայն մատակարարումներ, այլ նաեւ թերեւս համատեղ արտադրության ծրագրեր:

Դա հատկապես կարեւոր է ելնելով Հայաստանի աշխարհագրական դիրքից եւ Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ լոգիստիկ բավականին բարդ շղթայից, որը կարող է պարունակել բազմաթիվ աշխարհաքաղաքական նրբերանգներ եւ ըստ այդմ՝ անկանխատեսելիություն:

Հետեւաբար, Հայաստանի հետ պաշտպանական գործակցության ցանկացած խորքային իրողություն պետք է պարունակի ռազմարդյունաբերության բաղադրիչ՝ համատեղ արտադրության, Հայաստանի արդյունաբերական կարողության ընդլայնման առումով: Մեծ հաշվով հենց սա է, որ հատկապես ելնելով ժամանակակից իրողություններից, որակապես տարբերելու է որեւէ պաշտպանական գործակցություն եւ առավել եւս ռազմա-քաղաքական հարաբերություն:

Հակառակ պարագայում, պարզապես մատակարարումների եւ այդ հարցում այսպես ասած բարեխղճության վրա հիմնվար հարաբերությունը ժամանակակից, անկանխատեսելի եւ անորոշ աշխարհաքաղաքական միջավայրում այլեւս չի կարող լինել պաշտպանական գործակցության հուսալի որակ: Այդ իմաստով, հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության ներուժը պետք է չափել թերեւս հենց համատեղ արտադրողականությանն առնչվող ծրագրերի առկայությամբ եւ առարկայականությամբ: