16/07/2024

Խոջալուի մասին Ալիևի հայտարարությունը և հայաստանյան արձագանքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել էր Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (ադրբեջանական անվանումը՝ Խոջալու) բնակավայր, որտեղ տեղի էր ունեցել վերաբնակվող ադրբեջանցիներին բնակարանների տրամադրման արարողությունը։

Բնակարանների բանալիները հանձնել էր անձամբ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանցիների հետ հանդիպման ընթացքում Ալիևը ելույթ էր ունեցել, որում մի քանի անգամ թիրախավորել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Մասնավորապես, խոսելով Իվանյանում «Խոջալուի ցեղասպանության հուշարձանի կառուցման» մասին, որի մեկնարկը, իր խոսքով, տրվել է 2024 թվականի սկզբին, ասել է

«Երբ Խոջալուում հուշահամալիրը պատրաստ լինի, ամբողջ աշխարհը կտեսնի հայկական դաժանությունը: Սա ճշմարտություն է, և բոլորը պետք է իմանան դրա մասին։ Հայաստանն ինքն էլ պետք է խոստովանի դա (նկատի ունի Խոջալուի ցեղասպանությունը,-խմբ․): Նա պետք է ներողություն խնդրի մեզանից: Դա անելով՝ գուցե Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարող է մի փոքր մեղմել այդ վայրագների, վանդալների, արյունահեղների մեղքը: Եթե Հայաստանի ղեկավարությունը դա չանի, կարծում եմ՝ երբեք չի կարողանա ոտքի կանգնել: Հայաստանը պետք է ճանաչի այս ողբերգությունը, որը ռազմական հանցագործություն է»:

«Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը կդառնան ամրապնդման գոտի: Արդեն աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ ադրբեջանական ժողովուրդը հավերժ վստահ լինի՝ նման ողբերգություններ այլևս չեն կրկնվի մեր ժողովրդի հետ»,- հավելել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Հայաստանի ներողությունը «Խոջալուի ցեղասպանության» համար տեղի կունենա շուտով:

Հայկական կողմից Ալիևի այս հայտարարություններին արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Տարբեր թեզեր, խոսույթներ հնչում են, ուլտիմատումներ են նաև հնչում: Մթնոլորտի որոշակի լավարկում ունենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում էլ, խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունում էլ, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ապակառուցողական, դրա համար մենք չպետք է գերագնահատենք իրավիճակը, բայց ոչ էլ թերագնահատենք ընկճվելու աստիճանի։ Ունենք հաջողություններ, ձեռքբերումներ, որովհետև Տավուշում սահմանագծման արդյունքում մենք Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը: Եկեք արձանագրենք, որ այլևս չկա տարածք, որի վրա Ադրբեջանը կարող է կրակ բացել և միջազգային հանրությանը ապացուցել, որ դա իր միջազգայնորեն ճանաչված տարածքն է»,- ասել է Արթուր Հավհաննիսյանը:

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը «անհավասարակշիռ» է որակել Ալիևի հայտարարությունը։ «Զավեշտալի է, որ նման պահանջ է ներկայացնում մի նախագահ, որի ղեկավարած պետությունն ու առաջնորդած ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում իրականացրել է հետևյալ ցեղասպանական գործողությունները․

  • Թաթար-հայկական բախումների ժամանակ խաղաղ քաղաքացիական հայ բնակչության կոտորած և թալան երկու տարի շարունակ։
  • 1918 թ․ գարնանը Շամխորի կայարանի շրջանում, Բաքու-Թիֆլիս երկաթուղու երկայնքով տեղակայված կայարաններում, մերձակա շրջանների հայկական բնակավայրերի ջարդ, կողոպուտ, թալան, առևանգումներ։
  • Նուխիի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ 1918-1919 թթ․։
  • Արեշի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ 1918-1919 թթ․։
  • Բաքվի հայության թիրախային կոտորած 1918 թ․ սեպտեմբերի 15-17։
  • Նախիջևանի հայության բռնի տեղահանում 1918-1919 թթ․։
  • Գարդմանի հայության տեղահանում, կոտորած, թալան 1918-1920 թթ․։
  • Շուշիի հայության կոտորած 1920 թ․ մարտի 22-26։
  • Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ շարունակական բռնություններ 1918-1920 թթ․:
  • Սումգայիթի կոտորած 1988 թ․։
  • Գանձակի ջարդեր և տեղահանումներ 1988 թ․։
  • Բաքվի կոտորած 1990 թ․։
  • Հյուսիսային Արցախի էթնիկ զտում 1991 թ․։
  • Մարաղայի կոտորած 1992 թ․:
  • Գուրգեն Մարգարյանի կացնահարում 2004 թ․»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույց ունեցել է, բայց չի արձագանքել Խոջալուի մասին Ալիևի հայտարարությանը։ Նա ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում «մթնոլորտի էական բարելավում կա»։

Նշենք նաև, որ դեռևս մայիսի 10-ին Ղազախստանում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը հայկական կողմը որակել էր կառուցողական: Միաժամանակ, երկու կողմերը տարածել էին նույնաբովանդակ հայտարարություն այն մասին, որ պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ:

Այսպիսով, մի կողմից Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, մյուս կողմից Ադրբեջանի նախագահի պահանջները «Խոջալուի ցեղասպանության» մասին, հակասություններ են առաջացնում երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հայտարարությունների միջև:

Ալյոնա Հայրապետյան