23/07/2024

Մոսկվան Բաքվի արդեն իսկ «նվաճած հարթակն» օգտագործելու է, որպեսզի Վրաստանում առկա ստատուս-քվոն պահպանվի

Ուկրաինայի Խաղաղության խորհրդաժողովին Ադրբեջանի բացակայությունը, երեւում է, Բաքվում ներքաղաքական լուրջ քննարկումների տեղիք է տվել:

Միլլի մեջլիսի «հաստիքային» պատմավոր, արտաքին հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի կոմիտեի անդամ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով «դա չի անդրադառնա Ուկրաինայի եւ Ադրբեջանի հարաբերություններին, որովհետեւ այն գործնական չէր»: Մուսաբեկովը հիշեցրել է, որ Ադրբեջանը մասնակցել է Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով Բեռլինի կազմակերպած միջոցառմանը:

«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հացրազրույցում Քաղաքական մենեջմենթի ինստիտուտի տնօրեն Ազեր Գասիմլին հստակ սահմանել է, որ Բաքվի որոշումը «պայմանավորված է Մոսկվայի ազդեցությամբ»:

Նա արձանագրել է իրողությունը, որ Ադրբեջանն «այլեւս ավտորիտար ակումբի անդամ է». Գասիմլին համարում է, որ «տեսանելի ապագայում աշխարհը բաժանվելու է դեմոկրատների եւ ավտորիտարների ճամբարի, ինչը կանխորոշելու է երկրների ապագան». Նա համարում է, որ Իլհամ Ալիեւի «ընտրությունը հեռանկարային չէ, պայմանավորված է նաեւ անձնական հանգամանքներով»:

1920թ. գարնանն Անդրկովկասի խորհրդայնացումն սկսվել է Բաքվից, ինչը ռուս-հայկական պատերազմի, Հայաստանից Նախիջեւանի, Լեռնային Ղարաբաղի եւ Զանգեզուրի գավառի մի զգալի հատվածի օտարման պատճառ է դարձել: Այդ էքսպանսիան ավարտին է հասել 1921թ. փետրվարին՝ Վրաստանում:

Ալիեւի ընտրությամբ է, թերեւս, պայմանավորված Վրաստանի ներքաղաքական իրավիճակը վրացի մի շարք փորձագետներ արդեն իսկ կասկածում են, որ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները չեն լինի ազատ, արդար եւ թափանցիկ:

Այդ դեպքում դիմակայությունն անխուսափելի կլինեն: Այս թրենդի մեջ է, կարծես, նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը: «Նեզավիսիմայա գազետա»-ի համար մեկբանելով իրավիճակը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կանխատեսել է իրավիճակ, երբ Սյունիքում «սահմանազատման շուրջ բողոքներն ավելի ուժեղ կլինեն»:

Նա ասել է «Փաշինյանի կառավարության վարկանիշը մնում է ցածր», եւ մարդիկ դելիմիտացիայով հիացած չեն։ «Շատ հավանական է, որ Հայաստանի ընդդիմությունը «սրացման» հաջորդ փորձն անի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մրցապայքարին զուգահեռ։ Մինչ այդ Ադրբեջանում կարող են անցկացվել խորհրդարանի արտահերթ ընտրություններ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինն Արեւմուտքին մեղադրել է Հայաստանը «խլացդարմի վերածելու փորձի» մեջ, ինչից ուղղակիորեն հետեւում է, որ Մոսկվան Բաքվի արդեն իսկ «նվաճած հարթակն» օգտագործելու է, որպեսզի Վրաստանում առկա ստատուս-քվոն պահպանվի, իսկ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա։

«Նեզավիսիմայա գազետա,»-ն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Բագրատ Գալստանյանի այն հայտարարության վրա, որ խորհրդարանական ընդդմիությունը «մանդատներից կհրաժարվի, երբ դա սկզբունքային նշանակություն կունենա,»: Խոսքը քաղաքական ճգնաժամ հասունացնելու, ԱԺ-ն անգործունակ դարձնելու եւ այդ «հիմնավորմամբ» Փաշինյանին հրաժարական պարտադրելու մասին է:

Չափազանց չարագուշակ հեռանկար է: Իսկ գուցե Թուրքիան կանխի՞: Հունիսի 18-ին ո՞րն է եղել Թուրքիայի նախագահ Էրդոաղանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի բուն թեման: Կողմերն առարկայական քննարկելիք ունե՞ն: