Շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար: Այս միտքը արտահայտել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ համարվող, 2020 թվականի Բելառուսի նախագահի ընտրությունից հետո Արեւմուտք վտարված եւ Արեւմուտքում Լուկաշենկոյի դեմ դիրքորոշման խորհրդանիշ դիտվող Սվետլանա Տիխանովսկայան:
Իսկ միտքը նա արտահայտել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ընդունելությանն արժանանալուց հետո՝ Վիլնյուսում, ուր Միրզոյանը այցելել էր աշխատանքային այցով: Միրզոյանի քայլը՝ ընդունել Տիխանովսկայային, անկասկած պայմանավորված է Լուկաշենկոյի հայտնի հայտարարություններով, որ նա անում է Երեւանի դեմ:
Երեւանը Տիխանովսկայայի միջոցով պատասխանում է Լուկաշենկոյին: Իհարկե ինքնին հարց է, թե դա Լուկաշենկոյի համար որքանով է խնդիր, թեկուզ էմոցիոնալ դաշտում, քանի որ քաղաքական առումով կարծես թե բարդ է պատկերացնել այդ խնդիրը:
Այդուհանդերձ, Երեւանի քաղաքական որոշումը հասկանալի է: Անհասկանալի է այլ բան, մասնավորապես այն, ինչ ասում է Տիխանովսկայան՝ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո: Նա Հայաստանին վերագրում է «Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշում»: Այդ կերպ «Լուկաշենկոյի ռեժիմ» արտահայտությունը եւ քաղաքական գնահատականը անուղղակի տարածվում է նաեւ Երեւանի վրա, հետեւաբար սահմանում այդ բնորոշման քաղաքական պատասխանատվություն Երեւանի համար:
Մինչդեռ, Հայաստանն անդամակցում է միավորների, օրինակ ԵԱՏՄ, որի անդամ է նաեւ Բելառուսը, հետեւաբար դրա շրջանակը ենթադրում է Հայաստանի աշխատանք Բելառուսի հետ՝ որեւէ չափով: Այն, որ կա քաղաքական լարվածություն եւ հակադրություն, դա մի բան է, բայց, երբ «ասոցացվում» են նաեւ ձեւակերպումներ, ինչպես «Լուկաշենկոյի ռեժիմ», սա արդեն բոլորովին այլ բան է, սա արդեն ենթադրում է բոլորովին այլ վարքագիծ, գործնականում բացառելով «ռեժիմի» հետ աշխատանքի որեւէ հեռանկար: Հետեւաբար առաջանում է հարց՝ Տիխանովսկայային ընդունող Արարատ Միրզոյանը նրա հետ համաձայնեցրե՞լ է հետագա հաղորդագրությունների ասպեկտներ ու «նշաձողեր»:
Սա կարեւոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր քաղաքական դիրքավորումները, չդառնա Սվետլանա Տիխանովսկայայի քաղաքական կամ անգամ անձնական խնդիրները բավարարելու միջոց:
Հատկապես, երբ ամիսներ առաջ եղել էր ԱԺ նախագահի հետ նախադեպը, երբ միջազգային միջոցառումներից մեկի շրջանակում այսպես ասած «միջանցքային զրույցի» առնչությամբ Տիխանովսկայայի գրասենյակը տարածել էր հաղորդագրություն, ԱԺ նախագահին վերագրելով հավաստիացումներ, որոնք դուրս են Հայաստանի խորհրդարանի եւ դրա նախագահի լիազորություններից:
Բաց մի թողեք
Ադրբեջանը սահմանին կհանդիպի՞ ԱՄՆ մասնագետների խմբին
Կարևոր է, թե Հայաստանն ինչպես է օգտագործելու նոր հնարավորությունները
Գուցե օլիգարխ – տնտեսական ու քաղաքական վերնախավերի, բայց հաստատ ոչ միայն կրթության շնորհիվ