16/07/2024

Ադրբեջանին ինչո՞ւ է մտահոգում մի բան, որն այլեւս պետք չէ, կամ՝ անպետք է

ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ մասնավորապես դրա համանախագահության ձեւաչափի անդամ երկրները առայժմ շոշափելի արձագանք չեն տվել Բաքվի այն հայտարարությանը, թե առաջարկով դիմել է Երեւանին, որ խնդրեն ԵԱՀԿ-ին լուծարել խումբն ու համանախագահությունը, քանի որ դա արդեն պետք չէ:

Ինչպես բազմիցս շոշափվել է՝ ինքնին հարց է, թե Ադրբեջանին ինչո՞ւ է մտահոգում մի բան, որն այլեւս պետք չէ, կամ՝ անպետք է, չի գործում դե ֆակտո:

Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանը համանախագահության եւ խմբի դե յուրե գոյությունը դիտարկում է ական, եւ այդ իմաստով, Երեւանին ուղղված «խնդրանքը» ըստ էության «ականապատ քարտեզի» տրամադրման յուրօրինակ պահանջ է՝ շանտաժով, ինչպես իրական ականապատ քարտեզների պահանջի դեպքում: Ադրբեջանը շանտաով հայտարարում է, որ, իր առաջարկը չընդունելու եւ համանախագահության լուծարման խնդրանք չներկայացնելու դեպքում Երեւանը ցույց կտա, որ շարունակում է հավակնել Ադրբեջանի տարածքային ամբողջությանը: Սա իհարկե նենգափոխում է վերից վար, որի դեմ սակայն պետք է իհարկե կառուցել քաղաքականորեն տրամաբանված հակադարձում, ընդ որում ոչ միայն պաշտոնական մակարդակում:

Նաեւ ոչ պաշտոնական մակարդակում, մասնավորապես մեդիա-փորձագիտական տիրույթում, պետք է հնարավորության դեպքում հարց բարձրացնել Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող կառավարությունների, դրանց տարբեր պաշտոնյաների առաջ:

Բայց, հարցը ոչ թե պետք է վերաբերի խմբի լուծարման վերաբերյալ իրենց կարծիքին, որտեղ կարծես թե լինելու է ստանդարտ պատասխան՝ որ պետք է որոշեն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ պետք է վերաբերի խմբի գործունեության տրամաբանությանը:

Մասնավորապես, հարցը պետք է լինի հետեւյալը՝ Մինսկի խմբի եւ դրա համանախագահության գործունեությունը որեւէ առնչություն ունեցե՞լ է Ադրբեջանի հանդեպ տարածքային ոտնձգության, որեւէ կերպ պարունակե՞լ է Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ հավակնության իմաստ:

Եթե համանախագահ երկրներից որեւէ կերպ դրան տրվի դրական պատասխան, ապա դա կնշանակի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջությունը չեն ճանաչել հենց այդ երկրները, երեք գերտերություն՝ ԱՄՆ, Ռուսաստան ու Ֆրանսիա: Իսկ դա արդեն կբացի բոլորովին այլ խոսակցություն, կապված ղարաբաղյան կարգավորման հետագծի հետ, ներկայիս առնչությամբ արդեն բերելով բոլորովին նոր հարցադրումներ:

Եթե պատասխանը լինի բացասական՝ որ խումբը, համանախագահությունը եւ դրա գործունեությունը որեւէ կապ չունեն Ադրբեջանի տարածքային ամբողջությունը կասկածի տակ դնելու հետ եւ բոլորովին այլ բանի մասին են, ապա պարզ կլինի եւ միջազգայնորեն, խոշոր տերությունների մակարդակով կարձանագրվի, որ Բաքուն խմբի եւ համանախագահության լուծարման հարցով Երեւանին պարզապես ենթարկում է շանտաժի, իսկ դա պետք է արժանանա համապատասխան միջազգային գնահատականի: