Նոյեմբերին կայանալիք Կլիմայի գագաթնաժողովին պատրաստվող Ադրբեջանը ինտենսիվ միջազգային միջոցառումների կազմակերպմամբ փորձում է կերտել «կանաչ Ադրբեջանի» իմիջ: Հերթական միջոցառման շրջանակում հարցազրույց տալով Եվրանյուզ հեռուստաընկերությանը, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ նավթ ու գազ արդյունահանողի վարկ ունեցող Ադրբեջանը այժմ դառնում է վերականգնվող, կանաչ էներգետիկայի ներդրումային գրավիչ միջավայր:
«Կանաչը» սակայն Ադրբեջանի համար այլ բան չէ, քան պարզապես նավթագազային իմիջի այսպես ասած նոր փաթեթավորում, կամուֆլյաժ, որի շնորհիվ Բաքուն թերեւս փորձելու է կերտել նոր իմիջ:
Պետք է նկատել, որ մտածողության վեկտորի առումով Ալիեւը բավականին ադեկվատ ու համարժեք է ժամանակակից իրողություններին: Այլ կերպ ասած՝ թշնամուն կամ հակառակորդին թերագնահատել պետք չէ բոլորովին: Ավելին, մեզ հետ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները գուցե այլ ընթացք ունենային, կամ ընդհանրապես տեղի չունենային, եթե մեզանում չլիներ այդ համատարած թերագնահատումն ու վերամբարձ ինքնագոհությունը: Որեւէ հակառակորդի, թշնամու, մրցակցի հանդեպ հաջողության առանցքային գրավականներից, առանցքային նախադրյալներից մեկը նրան չթերագնահատելն է:
Հետեւաբար, պետք չէ թերագնահատել նաեւ Ադրբեջանի «կանաչ» հնարքը: Օրինակ, երբ 2022 թվականի դեկտեմբերին Իլհամ Ալիեւը Լաչինի միջանցքի արգելլափակման եւ փաստորեն Արցախի դեմ էթնիկ զտման եզրափակիչ փուլի մեկնարկ տվեց «բնապահպանական» առիթով եւ մոտիվով, դա պարզապես խնդրի լուծման տեխնոլոգիայի ընտրություն չէր: Բաքուն ստեղծում էր նախադեպ:
Երբ, օրինակ նախորդ տարի այս ժամանակահատվածում Ադրբեջանի մի քանի տասնյակ այսպես կոչված հասարակական-բնապահպանական կառույցներ ռեգիոնալ էկոլոգիայի համար իբրեւ թե մտահոգությամբ նամակ են հղում Հայաստանի վարչապետին, դրանով ստեղծում են պարզապես նախադեպ:
Այդ նախադեպերը հուշում են, որ «կանաչ» դիրքավորումը Ադրբեջանի համար պարզապես համաշխարհային նոր իմիջի հարց չէ, այլ Հայաստանի հանդեպ նոր հավակնությունների «պատվանդան», որ կառուցվելու է ադրբեջանական սեւի՝ նավթի վրա:
Բաց մի թողեք
Ստեփանակերտի քաղէլիտան կարող է գոնե Գյուլթեքին Հաջիևայի չափ պայքարել, որպեսզի այդ ռեժիմը դատապարտվի
Բաքուն իրեն համարում է ուժեղ կողմ, քանի դեռ համարում է, որ ուժերի բալանսն իր օգտին է
Միլիարդավոր դոլարների «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից դուրս է գալիս Հայաստանի միջոցով