Մելիքսեթը ծնունդով Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից է, Մանուշը՝ Գեղաշեն: Նրանք ընտանիք են կազմել 1986 թ.-ին, միասին պատերազմներ տեսել ու դժվարություններ հաղթահարել, բայց նաև երջանիկ ընտանիք ստեղծել, որտեղ երեք երեխա է ծնվել՝ երկու տղա և աղջիկ: Իսկ ինչպե՞ս է սկսվել նրանց ընտանիքի պատմությունը:
«Մելիքի մայրիկն այդ թվականներին աշխատում էր «Սիրիուս» գործարանում, նրա հետ՝ հորեղբորս հարսը: Այն ժամանակ դեռ ապագա սկեսուրս ասել է՝ Մելիքս հենց բանակից գա, պետք է ամուսնացնեմ: Ու այս զրույցի ժամանակ էլ հորեղբորս հարսն ասում է՝ տագրս շատ լավ աղջիկ ունի»: Եվ այդպես էլ տարիներ առաջ սկսվում է այս պատմությունը: 1985 թ.-ին խորհրդային բանակում ծառայությունը վերջացնելուց և տուն վերադառնալուց հետո՝ 1986 թ.-ին կայանում է Մելիքսեթի և Մանուշի ամուսնությունը: Սիրելի ամուսնու մասին խոսելիս տիկին Մանուշն ասում է՝ այնքան բարի, կամեցող անձնավորություն էր:
«Սկեսուրիս խոսքը հիշեցի, ասում էր՝ Մելի՛ք, մի օր հագուստդ կուզեն, կհանես կտաս ու դատարկ կգաս: Եթե անգամ այդ պահին գումար չունենար, բայց իմանար, որ ինչ-որ մեկն իր օգնության կարիքն ունի, պարտք կաներ, միայն թե կարողանար օգտակար լինել: Իրեն բոլորն են ճանաչում Հայաստանի ու Արցախի ցանկացած անկյունում, սրանք ուղղակի խոսքեր չեն: Նույնպիսի ամուսին էր՝ իմ ու ծնող՝ մեր երեխաների համար»: Նախքան ամուսնությունը Մանուշը կար ու ձև էր սովորում, իսկ Մելիքսեթը նախքան ծառայության մեկնելը սովորել է Երևանի հաշվապահական կոմբինատում, իսկ բանակից զորացրվելուց հետո մասնակցել է հաշվապահական կոմբինատի գլխավոր հաշվապահի կուրսերին: Աշխատել է իր մասնագիտությամբ, սակայն սկսվել է 1988 թ.-ի շարժումը: Մելիքսեթի ողջ կենսագրության մեջ կարմիր թելի պես անցնում է Արցախյան ազատամարտը: «Իմ ամուսինն իրեն «տվել» է Արցախին, նվիրված էր այդ հողին, անընդհատ այնտեղ էր, միջոցառումների էր մասնակցում, եթե ֆիզիկապես էլ այնտեղ չէր, միտքն ու հոգին այնտեղ էին ամեն րոպե»:
Մելիքսեթ Մանուկյանը 1988-1994 թթ. մասնակցել է Արցախյան շարժմանն ու պատերազմին։ Պատերազմի ժամանակ վիրավորվել է և ստացել հաշմանդամության 2-րդ կարգ: Զինադադարի հաստատումից հետո ևս սերտորեն կապված է եղել Արցախի հետ: 1997 թ.-ի սեպտեմբերից մինչև 1998 թ.-ը ծառայել է Մարտակերտի շրջանի թիվ N զորամասում՝ որպես մարտական դիրքի պատասխանատու: 2016թ. մասնակցել է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: Անմասն չէր կարող մնալ նաև 44-օրյա պատերազմից: Տիկին Մանուշն այդ օրերի իրադարձություններն է հիշում: «Արցախի հետ իր կապը շատ սերտ էր, հրամանատարների հետ մշտական կապի մեջ էր միշտ: Սեպտեմբերի 26-ի երեկոյան ասաց՝ Մանո՛ւշ, պատերազմ է սկսվելու: Նեղվեցի՝ Մելի՛ք, դա իմ թույլ կետն է, ինչ ապրումներ ենք ունեցել պատերազմի պատճառով: Բայց ինքը նորից նույնը կրկնեց, որ պատերազմ է լինելու, և խոսակցությունն ավարտվեց: Սեպտեմբերի 27-ի առավոտյան իրեն զանգ եկավ, դեռ քնած էինք: Այնքան լավ է տպավորվել այդ զրույցը՝ ո՞նց ես, մատա՛ղ, ի՞նչ է եղել, որ այս ժամին զանգել ես:
«Մելո, մեծամասշտաբ պատերազմ է»: Այնպես բղավեց, որ անգամ հիմա հիշելով՝ փշաքաղվում եմ: Հագնվեց ու դուրս եկավ, գնաց Երկրապահ կամավորական միություն, ԵԿՄ փոխնախագահ էր: Երեկոյան ուշ ժամի տուն եկավ, արագ մի բան կերավ ու նորից դուրս եկավ: Հարցին՝ գալո՞ւ ես տուն, արձագանքեց՝ շատ խառն է, կարող է այնպես ստացվի, որ միանգամից նստենք ավտոբուսներն ու ճանապարհ ընկնենք Ղարաբաղ»: 2020 թ.-ի հոկտեմբերի 1-ին Մելիքսեթը ԵԿՄ-ի հետ մեկնել է Արցախ, հոկտեմբերի 10-ին զոհվել Ջրականում: «Այդ ընթացքում երեք օրը մեկ էր զանգում. «Մանո՛ւշ, լավ եմ, դու չզանգես, երբ հարմար լինի, կզանգեմ»: Հոկտեմբերի 9-ին աշխատանքի էի, զանգահարեց այլ համարով, քանի որ իր հեռախոսը լիցքավորում չուներ: Երբ ասաց՝ Մանո՛ւշ, ես էլ իր անունը տվեցի, այդ պահին հուզվեց, իսկ հետո ասաց, որ գալիս են: Ու սպասում էի, որ ճանապարհին են, գալիս են: Զանգահարում էի, հեռախոսներն անհասանելի էին: Լույսը բացվեց, բոլորը սկսեցին ինձ զանգահարել՝ բարեկամ, ծանոթ ու անծանոթ: Իրենք լսել էին տղաների զոհվելու լուրը, բայց ամեն մեկն իր հերթին ուզում էր հասկանալ, թե ես ինչ նորություն ունեմ: Դուրս եկա տանից, գնացի դեղատուն, վերադարձա, բոլորը նորից ինձ էին զանգահարում, իսկ հետո մեր տուն ամուսնուս քույրը եկավ: Երբ նրան տեսա, ինձ համար արդեն ամեն ինչ պարզ էր: Հետո արդեն մյուսները եկան: Ունեի այն գիտակցումը, որ եթե Մելիքը ողջ լիներ, հաստատ կզանգեր ինձ»:
Մելիքսեթը զոհվելուց հետո շուտ է տուն «վերադարձել», մի քանի օրվա ընթացքում: Երբ զրուցում ենք պարգևատրումներից, տիկին Մանուշն ասում է՝ այնքան մեդալներ է ստացել Արցախյան առաջին պատերազմից հետո: Պարգևատրվել է ԵԿՄ-ի կողմից, «Վազգեն Սարգսյան», Շուշիի ազատագրման 15-րդ և 17-րդ տարեդարձների և բազմաթիվ այլ մեդալներով: Կինը հիշում է. «Ասում էր, որ մահանամ, այս մեդալները բարձիկի վրա կհավաքես: Բարկանում էի՝ նման թեմաներից մի խոսիր: Իսկ պատերազմից էլ երեք տարի առաջ Արցախյան առաջին պատերազմում անմահացած տղաների նկարները մեծացրել էին ու ԵԿՄ շենքում պատերին փակցրել: Ինքն էլ զինվորական հագուստով նկար ունի, մեդալներն՝ ամրացված համազգեստին: Իր այդ նկարն էլ էր մեծացրել: Կարծես կանխազգացում ունենար, որ պատերազմն է լինելու իր մահվան պատճառը, այդպես էլ եղավ»:
Ընտանիքը որոշել է, որ նա պետք է զինակից ընկերների հետ լինի պանթեոնում: «Ինձ համար ծանր էր այդ որոշումը կայացնելը, քանի որ հետագայում մենակ եմ մնալու, կարծում եմ, որ պարզ է, թե ինչ նկատի ունեմ, բայց հաշվի առա այն, որ Մելիքը ողջ կյանքը նվիրեց իր հայրենիքին, ու որոշեցի, որ պետք է ընկերների հետ լինի»: Մելիքն ու Մանուշը չորս թոռնիկ ունեն:
«Օրերս թոռնիկներիս հետ մեր որդու ու դստեր ամուսնության արարողություններն էինք դիտում, Մելիքն այնպես էր պարում, ուրախանում: Առհասարակ, ցանկացած միջոցառման ժամանակ, երբ հնչում էր երաժշտությունը, առաջինը ես ու ամուսինս էինք սկսում պարել: Հիմա մեր կյանքի ընթացքը փոխվել է, բայց, միևնույնն է, նա ամեն րոպե մեզ հետ է: Իհարկե, ֆիզիկական ներկայությանը ոչինչ չի փոխարինի: Ինքն իր հերոսությունն արել էր, պարգևատրվել: Երբ առաջին պատերազմի ժամանակ Թալիշում վիրավորվելուց հետո իրեն ուղղաթիռով տեղափոխում են Հայաստան, այդ պահին զինակից ընկերները գլխարկները հանում են՝ որպես հարգանքի տուրք, կարծելով, որ Մելոն չի ապրի, քանի որ վիրավորումը շատ ծանր էր: Բայց Մելոն հանուն իր երեխաների պայքարեց ու ապրեց: Հաճախ եմ մտածում, որ եթե տեսներ, թե հիմա ինչ է կատարվում, սիրտն ուղղակի չէր դիմանա»:
Հ. Գ. – Մելիքսեթ Մանուկյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Աբովյան քաղաքի պանթեոնում:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 23-ի աստղագուշակ. Տնային գործերը փոքր-ինչ կշեղեն հոգսերից և ձանձրալի չեն թվա
Ծնկի իջա ու Աստծուն խնդրեցի, որ այլևս չտանջվի, այդ երեկո նա հանգչեց. Շահիրյան
Աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը