ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2023 թ.-ի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այդ որոշմամբ սահմանվել են մանկավարժական ուղղվածության բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը և պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը, որում ներառվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը։
Անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և ընդլայնելու պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր:
Ըստ նախարարության, օրինակ՝ կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության մեծածավալ ծրագրերի շնորհիվ հիմնված հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիների և բազմաթիվ ջերմատների ու «խելացի» անասնաֆերմաների սահուն աշխատանքը դրվում է կասկածի տակ՝ առանց համապատասխան բարձրակարգ երիտասարդ մասնագետների առկայության։ Վերջին 2-3 տարվա պետական աջակցության ծրագրերով հաստատվել և այժմ հիմնվում են մոտ 3000 հեկտար ինտենսիվ այգիներ, որտեղ առաջիկա տարիներին անհրաժեշտ են լինելու հարյուրավոր ագրոնոմներ, բույսերի պաշտպաններ, գյուղմեխանիզատորներ, կաթիլային ոռոգման համակարգեր և կարկտապաշտպան ցանցեր մոնտաժողներ և սպասարկողներ, ճշգրիտ գյուղատնտեսության մասնագետներ, ագրոպիլոտներ, հողային և ջրային ռեսուրսների ճարտարագետներ։
Առաջիկա տարիներին անհրաժեշտ են լինելու նաև անտառագետներ, ագրոնոմներ, ագրոէկոլոգներ, տնկարանային գործի մասնագետներ։ Ուստի նախագծով առաջարկվում է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկում ներառել մի շարք մասնագիտություններ՝ անասնաբուժություն և անասնաբուծություն, անտառային տնտեսություն, ագրոնոմիա, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրարային ճարտարագիտություն: Նախատեսվում է, որ 2024-2025 ուստարում բակալավրի կրթական ծրագրով ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 89, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 136: Ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի 15750000 դրամ, որից 2024 թ.-ի 4 ամսվա համար պետբյուջեից կպահանջվի լրացուցիչ 5250000 դրամ, իսկ 2025 թ.-ին՝ 10500000 դրամ, որը ներառված է 2024-2026 ՄԺԾԾ-ի նախագծում:
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան