Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների պնդմամբ՝ Ազգային ժողովի շենքը գրավելու նպատակ չեն ունեցել:
Խոսքը, մասնավորապես, հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի ընթացքում ոստիկանական ուժերի և ցույցի մասնակիցների միջև տեղի ունեցած ընդհարման մասին է, երբ ցույցին մասնակցող մի քանի պատգամավորներ փորձել էին հետ մուտք գործել Ազգային ժողովի շենք:
Արձագանքելով լրագրողի խոսքին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, թե մասնակիցները ստում են:
«Սուտ են ասում: Նպատակը եղել է Ազգային ժողովի շենքը գրավել և հարձակում գործել Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի նախագահի վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Լրագրողի արձագանքին՝ թե դա Սիմոնյանի ենթադրությո՞ւն է, ԱԺ նախագահը ասել է, թե դա երևում է իրենց հայտարարություններից:
«Իրենց հայտարարություններից: Եթե դուք հետևում եք ցույցերին, եթե դուք հետևում եք էն հռետորաբանությանը, որ կա»,- ասել է ԱԺ նախագահը:
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հունիսի 12-ին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած ցույցի ուղիղ եթերները, որոնք հեռարձակվել են տարբեր լրատվամիջոցներով, պարզել է, որ նման կոչ կամ հրահանգ շարժման կազմակերպիչների կողմից չի հնչել:
Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ: Նա միաժամանակ նշել է, որ իրենց, այսինքն շարժման մասնակիցների կողմից բռնություն չի կիրառվի:
«Եվ այդ ժամը հասել է, օրինական ճանապարհով, խաղաղ ճանապարհով, անցնցում ճանապարհով, մեր կողմից ոչ մի ավելորդ բռնության. սա ուզում եմ շեշտել, ժողովուրդ, որ վախերը մի քիչ պակասեն: Պարտավոր է գալ խոսելու, բանակցելու, ներակայացնելու կամ քննարկելու անցնցում հեռանալու ճանապարհը։ Այո, ինքը այսօր մուտք է գործել Ազգային ժողով։ Մենք նպատակ էլ չենք ունեցել արգելափակելու։ Բայց պիտի արգելափակենք, որ դուրս չգա»,- ասել է Բագրատ Գալստանյանը իր ելույթի ժամանակ:
Այնուհետև, ավելի ուշ Բագրատ Գալստանյանը խոսել է իր՝ Ազգային ժողով գնալու մասին: Նա մասնավորապես ասել է հետևյալը.
«Մեզ տեղեկություններ են հասնում, որ Ազգային ժողովից ուղիղ եթերով մեզ են հետևում: Թողել են ամեն բան, ուղիղ եթերով հետևում են: Ուղիղ եթերով հետևելու կարիք չունեք: Տղամարդ եք, էս ոստիկանական շարքերը բացե՛ք, ես էլ մեն մենակ գալիս եմ Ազգային ժողով: Հարյուր հոգի եք, թե հազար հոգի: Ասացի ձեզ, կգամ ուղիղ ձեր երեսին ասելու»:
Նույն ելույթի ընթացքում, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, թե Ազգային ժողովի ներսում քաշքշուք է:
«Որքան հասկանում եմ, Ազգային ժողովի ներսում էլ է քաշքշուք: Ազգային ժողովի ներսում բախումներ են գնում: Պարոն Հարությունյանն է ասում, իրավապաշտպանը մեր: Ընդմիջում են տվել»:
Իսկ մի քանի րոպե անց, իմանալով, որ ցույցին մասնակցող մի քանի պատգամավորներ պատրաստվում են գնալ Ազգային ժողով, Բագրատ Գալստանյանը ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին փորձել է տեղեկացնել դրա մասին ու ասել է, որ ինքը նույնպես գնա Ազգային ժողովի շենք:
«Պարոն Դանիելյան, պատգամավորներից մի քանիսը, որ այստեղ են, մտնում են խորհրդարան, Դուք էլ միացեք իրենց: Գառնիկ: Որտե՞ղ է (դիմելով ժողովրդին): Գառնիկ, տղաները գնում են, Գառնիկ ջան, միացեք: Տղաները գնում են: Ասպրամ, դու էլ գնացի՞ր: Ասպրամի հետ են: Գառնիկ, գնում են խորհրդարան»,- ասել է Բագրատ Գալստանյանը:
Րոպեներ անց հետևել է Գալստանյանի՝ պատգամավորների ճանապարհ տալու կոչը:
«Պատգամավորներին չեն թողնում անցնեն: Ոչ մի բան չնետեք, ոչինչ: Թողե՛ք պատգամավորները անցնեն՝ իրենց օրինական գործը կատարելու»:
Սրանից հետո տեղի է ունեցել բախում ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև: Ընդհարման ընթացքում Բագրատ Գալստանյանը ժողովրդին կոչ է արել հետ կանգնել ու հետ գալ:
«Հե՛տ կանգնեք, հե՛տ կանգնեք, հե՛տ եկեք, հե՛տ եկեք: Հե՛տ եկեք, ժողովո՛ւրդ»:
Այսպիսով, հունիսի 12-ին Բաղրամյան փողոցում վարչապետի հրաժարականի պահանջով շարժման բողոքի ակցիայի ընթացքում բռնություն կիրառելու, ԱԺ շենք գրոհելու կամ այն գրավելու կոչեր չեն հնչել։
Ալյոնա Հայրապետյան
Բաց մի թողեք
Կոտայքի մարզում՝ մայրը ծննդաբերելուց հետո փորձել է սպшնել իր երեխային
Քննիչները «Տաշիր գրուպից» առգրավել են համակարգիչներ և կրիչները
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․