05/10/2024

Հայաստանը Պաղեստինի հարցում կատարում է Անկարայի քաղաքականությանը շատ ավելի համահունչ քայլ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, որ տարածել է հայկական կողմը, Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են երկու երկրների միջեւ «շարունակական երկխոսությունը», ինչպես նաեւ ռեգիոնալ հարցեր:

Նշվում է, որ «անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը»: Սա ըստ էության դիվանագիտական ստանդարտն է, գրեթե այնպես, ինչպես մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում:

Այդ հեռախոսազրույցի վերաբերյալ թուրքական կողմի տեղեկատվական հաղորդագրություններում կար այն մասին, որ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Թուրքիա եւ այնտեղ միասին նշել Վարդավառը:

Միրզոյանն ու Ֆիդանը արդյո՞ք քննարկել են այդ այցի հնարավորությունը, ընդհուպ այցի նախապատրաստման տրամաբանության շրջանակում: Հանրային լայն ուշադրության արժանացած մյուս հանգամանքը այն էր, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից երեք օր անց պաշտոնական Երեւանը հայտարարեց Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին, որն առաջինը ողջունեց Անկարան։

Միրզոյանի եւ Ֆիդանի հեռախոսազրույցում ի՞նչ տեղ եւ բովանդակություն է հատկացվել այդ հարցին, հաշվի առնելով նաեւ այն տեղեկատվությունը, որ տարածել էին իսրայելական աղբյուրներ, թե՝ Թել Ավիվը Հայաստանի քայլից հետո Ադրբեջանի հետ քննարկում է նոր սպառազինություն մատակարարելու հարց:

Ըստ էության, ստացվում է մի պատկեր, երբ Հայաստանը Պաղեստինի հարցում կատարում է Անկարայի քաղաքականությանը շատ ավելի համահունչ քայլ, քան Թուրքիայի կրտսեր եղբայր ու դաշնակից Ադրբեջանը: Մյուս կողմից սակայն, թերեւս առնվազն հարց է, թե որն է Պաղեստինի հարցում Թուրքիայի իրական քաղաքականությունը եւ Հայաստանի որոշման հասցեին ողջույնի տակ Անկարան գործնականում ինչ իրական տրամադրություններ եւ մոտեցումներ ունի: Ի վերջո, Հայաստանը կատարել է մի քայլ, որը ըստ էության հազիվ թե ավելի ամրացնում է Անկարայի մերձավորարեւելյան դիրքերը, փոխարենը որոշակի պատասխանատվության միջավայր է ստեղծում Հայաստանի հանդեպ թուրքական քաղաքականության համար:

Մյուս կողմից, այդ հարցում Անկարային ներկայումս նկատելիորեն մտահոգում է Ադրբեջանի մերձեցումը Մոսկվայի հետ: Օրերս առաջ Պուտինն էր խիստ դրական գնահատել այդ հարաբերությունը, իսկ այսօր էլ փոխվարչապետ Օվերչուկն էր այն որակել «փթթող», ասելով, որ Ադրբեջանը Մոսկվային տալիս է լավ կոմունիկացիա դեպի Գլոբալ Հարավ: Իսկ Անկարային մտահոգում է հենց դա, որ Պուտինը գործնականում բացահայտորեն «մոռացել» է Թուրքիայի մասին եւ կենտրոնացել Ասիա-խաղաղօվկիանոսյան ռեգիոնի ու Գլոբալ Հարավի ուղղությամբ:

Այդ համատեքստում Երեւանի հետ Թուրքիայի այս հաճախակի հեռախոսազրույցները թողնում են Մոսկվայի ու Բաքվի հանդեպ դեմարշի տպավորություն, որից գուցե փորձում է իր հերթին օգտվել Երեւանը, ինչու սակայն թերեւս պետք է պահպանել զգոնությունը: