08/09/2024

Անկարայի հետ կարգավորումը դուրս բերել ռուս-թուրքական հարաբերությունների դարավոր ծուղակից

Սերբիայի նախագահ Վուչիչը հերքել է արեւմտյան դաշինքում իշխող տպավորությունը «ինքը Պուտինի սպասյակն է»: Վուչիչը միաժամանակ հակադարձել է ներքին ընդդիմախոսներին, որ իրեն մեղադրում են Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու եւ «սլավոնական արյան հեղմանը նպաստելու» մեջ:

Նա բացահայտել է, որ Սերբիան սպառազինությունների մատակարարման պայմանագիր ունի երեք երկրների՝ Ադրբեջանի, Կիպրոսի եւ Արաբական միացյալ էմիրությունների հետ: Մենք սպառազինությունները վաճառում ենք վերջնական օգտագործող կողմին, իսկ թե նա ինչպես է տնօրինում՝ արդեն չենք հետաքրքրվում:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ տեսել եւ լսել են, թե ինչ է ասում Վուչիչը: Մենք սերբ բարեկամների հետ կոնտակտի միջոցով կքննարկենք խնդիրը, «հավելել է» պատասխանել է Պեսկովը, «ինչից հասկացվում է, որ բացահայտումներ չեն լինի: Բայց որ Մոսկվան կասկածներ, գուցե թե՝ նաեւ ուղղակի կամ կողմնակի «իրեղեն ապացույցներ ունի», թվում է շատ հավանական:

Ադրբեջանին, Կիպրոսին եւ ԱՄԷ-ին վաճառած սպառազինությունները Սերբիան երաշխիքներ չի տալիս, չեն մատակարարվել եւ չեն մատակարարվում: Իրավիճակի գնահատման «բանալին» սա է: Ստացվում է, որ սերբական ինքնագնաց հրետանին, արկերը եւ այլ սպառազինությունները կարող են հայտնվել Ուկրաինայում:

Տարեսզբից նկատվում է Ադրբեջան-ԱՄԷ հարաբերությունների աննախադեպ սերտացում: Հրապարակային մակարդակում ԱՄԷ կողմից Ապշերոնի թերակաղզում արեւային եւ հողմային էլեկտրակայանների կառուցման ծրագիրն է: Բայց ո՞վ է երաշխավորում, որ կողմերի միջեւ չկա այլ պայմանավորվածություն: Ադրբեջանական բանակը հրետանային համակարգերի պակաս չունի. ժամանակին Ռուսաստանը հոգացել է նրա կարիքները, իսկ ԱՄԷ-ն ռազմմական առումով տարածաշրջանի ամենանվազ հավակնոտ երկիրն է:

Ընդ որում, սերբական ինքնագնաց հրետանային համակարգերն աշխարհում լավագույնը չեն: Անշուշտ, չկան առարկայական հիմքեր, որպեսզի ասվի, թե Ադրբեջանը սերբական հրետանի է ձեռք բերում եւ փոխանցում Ուկրաինային: Խնդիրն Ռուսաստանի աշխարհաքաղաքական խոցելիությունն է, այն, որ Մոսկվային չի հաջողվում Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ին եւ Միացյալ Նահանգներին համարժեք ռազմա-քաղաքական հակակշիռ ձեւավորել:

Պայմանականորեն ասած՝ աջակցության կամ լոյալության մասին բանավոր հավաստիացումների ժամանակն սպառվել է: Ուկրաինայում պատերազմը հասել է կուլմինացիայի, որին կամ լիցքաթափում կհաջորդի, կամ մարտավարական միջուկային զենքի կիրառում:

Այս իրավիճակում Ռուսաստանը քաղաքական երկու պարտություն է կրել՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձով ձախողվել է Արեւելյան Եվրոպայում «Պուտինի ակումբի» ձեւավորման նախագիծը, Սերբիան ինքնաբացահայտվել է որպես ոչ Պուտինի «սպասյակ»: Ձախողվել է նաեւ «ասիական ՆԱՏՕ-ի» նախագիծը:

Բոլորովին էլ պատահական չէ, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հաստատում է Աստանայում Էրդողան-Պուտին հանդիպումը, բայց եւ ավելացնում, որ Ռուսաստանի նախագահին սպասում են Անկարայում:

Պետք է հասկանալ, որ Աստանայում Պուտինը եւ Էրդողանը սկզբունքային նշանակության խնդիրներ չեն քննարկի: Թուրքիան չի կարող չօգտագորել Ռուսաստանի ռազմավարական մեկուսացվածության պահը: Հայ-թուրքական վերջին շփումներում առարկայական քննարկումներ կա՞ն: Երեւանին կհաջողվի՞ Անկարայի հետ կարգավորումը դուրս բերել ռուս-թուրքական հարաբերությունների դարավոր ծուղակից: