08/09/2024

Հայ առաքելական եկեղեցին կվերաօրինականացնի՞ Արցախի թեմը

Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Բահչելին խորհրդարանի ամբիոնից կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինայի Խաղաղության խորհրդաժողովի ամփոփիչ փաստաղթին Կոստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարքի ստորագրության փաստը:

Թուրքիան չի ճանաչում Հունաց պատրիարքի «տիեզերական տիտղոսը» եւ երբեք թույլ չի տա, որ Ստամբուլը վերածվի երկրորդ Վատիկանի: Թուրքիայում Կոստանդնուպոլիս չկա, Հունաց պատրիարքի կարգավիճակը սահմանված է Թուրքիայի օրենսդրությամբ, վարչականորեն նա ենթարկվում է Ստամբուլի Ֆեներ պրեֆեկտուրային,- ասել է Բահչելին:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել էր արեւմտյան մամուլի հրապարակումներում տարածված տեղեկությունը, թե Շվեյցարիայում կայացած խորհրդաժողովի շրջանակներում կայացել է Կոնստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղեմիոսի եւ արտգործնախարար Ֆիդանի հանդիպումը եւ հայտարարել, որ Հունաց պատրիարքը Թուրքիայի քաղաքացի է, իսկ նրա կարգավիճակը Լոզանի պայմանագրով սահմանված է որպես Թուրքիայի ուղղափառ հույն համայնքի առաջնորդ:

Բահչելին Կոստանդնուպոլսը երկրորդ Վատիկանի վերածելու հավանականության մասին խոսել է Մեծ յոթնյակի գագաթաժողովին Հռոմի պապի մասնակցության շուրջ քաղաքական քննարկումների ֆոնին: Իտալիայում կայացած այդ միջոցառմանը հրավիրված էր նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Բացառված չէ, որ Կոստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարքի քաղաքական կարգավիճակի մասին Մեծ յոթնակի առաջնորդները Թուրքիայի նախագահին «ինչ-որ բան ասել են»:

Ուկրաինայում պատերազմը ծայրահեղ սրել է Ռուս ուղղափառ եկեղեցու ու Կոստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարքի հարաբերությունները: Ֆորմալ առիթն այն է, որ Ուկրաինական եկեղեցին մասնատվել է, եւ «աղանդավորները» Բարդուղեմիոս պատրիարքից օրհնություն են ստացել, ճանաչվել որպես Ուկրաինայի ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցի:

Քաղաքական առումով Կոստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարքի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական վերաբերմունքը կարելի է հասկանալ այն իմաստով, որ Բարդուղեմիոս պատրիարքի որոշումները չեն կարող հակասել Թուրքիայի ազգային շահերին կամ պետք է կայացվեն այդ շրջանակներում: Թուրքիան ըստ էության հասկացնում է, որ քրիստոնեական եկեղեցիների միավորումը չպետք է խոչընդոտի իր պետական քաղաքականությանը:

Բաքվի մամուլը շոշափել է միջազգային ատյաններում Աղվանից կաթողիկոսության լուծարման օրինականությունը վիճարկելու թեման: Նման որոշում ցարական Ռուսաստանը կայացրել է 1823թ.՝ ստեղծելով Հայ առաքելական եկեղեցու մետրոպոլիտություն: Աղվանից կաթողիկոսությունը վերջնականապես դադարել է Հայ առաքելական եկեղեցու 1836թ. «Կանոնդրությամբ»: Մետրոպոլիտության փոխարեն կազմավորվել է եկեղեցական թեմ եւ Հոգեւոր կոնսիստորիա:

Հայ առաքելական եկեղեցին ներկայումս որքանո՞վ է ներգրավված քրիստոնեական եկեղեցիների հնարավոր միավորման գործընթացում, ի՞նչ հարաբերություններ ունի Վատիկանի, Ռուս ուղղափառ եկեղեցու, Կոստանդնուպոլսի հունաց տիեզերական պատրիարքի հետ:

2023թ. տարեսիրությունից ադրբեջանական փորձագետները հայտնել են, որ ԼՂ հարցում Բաքուն կարող է ընդօրինակել Թուրքիայի փորձը, որտեղ Կոստանդնուպոլիսի պատրիարքը ճանաչված է հայ համայնքի առաջնորդ: Հնարավոր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի այդ տարբերակը: