08/09/2024

Պաղեստինի ճանաչման մասին Հայաստանի որոշումից հետո Իսրայելը Ադրբեջանին կմատակարարի նոր սպառազինություն

Իսրայելական աղբյուրները հայտնել են, թե Պաղեստինի ճանաչման մասին Հայաստանի որոշումից հետո Իսրայելը Ադրբեջանին կմատակարարի նոր սպառազինություն: Իսրայելական այս տեղեկատվական հնարքը թերեւս միամիտների համար է:

Ոչ այն պատճառով, որ Իսրայելը նոր սպառազինություն չի վաճառի Բաքվին: Կվաճառի, իհարկե կվաճառի: Բայց դա ըստ էության կապ չունի Պաղեստինի ճանաչման հետ: Իսրայել-Բաքու ռազմա-տեխնիկական գործարքը ոչ պակաս բարդ աշխարհաքաղաքական «երեւույթ» է, եւ միամտություն է մտածել, թե այդտեղ որեւէ լուրջ «շտկում» կամ «հավելում» կարող է տեղի ունենալ ընդամենը այն պատճառով, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինը:

Այդ գործակցությունը շոշափում է գերտերությունների եւ ռեգիոնալ տերությունների շահերն ու հետաքրքրությունները, որ գոյություն ունեն Կովկասի առնչությամբ եւ կապակցվում են թե կենտրոնասիական, թե մերձավորարերեւլյան, թեւ սեւծովյան ավազանի ուղղություններին:

Ադրբեջանի հետ սերտ գործակցելով Կովկասում, Իսրայելն իր ըստ էության հնարավոր ազդեցությունն է ձեւավորում վերը նշածս երեք ուղղություններով, կամ ավելի շուտ՝ փորձում ձեւավորել հնարավոր ազդեցության մի ազդեցիկ «հենակետ»: Իսկ դա նշանակում է, որ ռազմա-տեխնիկական գործակցության ուղիղ կողմերը երկուսն են, սակայն ինքնին երեւույթը ունի թերեւս աշխարհաքաղաքական ավելի ընդգրկուն «ներառականություն»:

Ահա թե ինչու է միամիտ մտածել, թե Պաղեստինի ճանաչումը կարող է այդտեղ լինել էական փոփոխության պատճառ: Առավել եւս, որ գործնական մակարդակում այդ ճանաչումը ինքին՝ Իսրայելի համար չի առաջացնում որեւէ էական խնդիր: Ավելին, բացառել պետք չէ, որ իսրայելական աղբյուրներով տարածված տեղեկությունը անգամ Բաքվի նախաձեռնությունն է, ոչ Թել Ավիվի:

Ադրբեջանը մշտապես պատրաստ է Հայաստանի հանդեպ տեղեկատվական ամենափոքր առիթն անգամ օգտագործելուն, ընդ որում ոչ միայն ադրբեջանական մամուլով: Դե, եթե այդ հանգամանքը չի խանգարում Իսրայելին, ապա Թել Ավիվն անշուշտ դեմ չի լինի, եթե իր լրատվամիջոցները այսպես ասած գումար վաստակեն Ադրբեջանի հաշվին:

Սա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը պետք է թերագնահատի այդ իրողությունները, պարզապես չկա նաեւ Իսրայելի «քենը» գերագնահատելու անհրաժեշտություն, որովհետեւ այդ «քենը» գործնականում իսրայելական քաղաքականության բավականին խորքային հայեցակարգ է, որ ծավալվում է արդեն տարիներ շարունակայդ թվում ոչ միայն Արցախի դեմ ագրեսիվ քաղաքականության ինտենսիվ սնուցման, այլ նաեւ գործնականում «հեռավար» մասնակցության տեսքով:

Նաեւ այդ խորքային հանգամանքների պատճառով է, որ Թել Ավիվն այդպես էլ որեւէ համարժեք արձագանք չցուցաբերեց երկկողմ հարաբերությունը դրականության նոր մակկարդակի բերելու Երեւանի ջանքին, երբ Հայաստանը որոշեց Իսրայելում ունենալ ռեզիդենտ դեսպան, այդպես էլ չարժանանալով Իսրայելի պատասխան որոշման: