06/06/2025

«Ճակատագրական օր է Իրանի ու Իրանի ժողովրդի համար». Հայաստանում Իրանի դեսպան

«Ճակատագրական օր է Իրանի ու Իրանի ժողովրդի համար»:

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող նախագահական ընտրություններին՝ այս մասին ՀՀ-ում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Իրանի ժողովուրդը առաջիկա 4 տարվա համար ընտրում է իրենց նախագահին, սրանք 14-րդ նախագահական ընտրություններն են, որ տեղի են ունենում ԻԻՀ-ում, ու սա ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը, ու այն վարչակարգը, որը ստեղծվում է, հիմնված են Իրանի ժողովրդի քվեի ու որոշման վրա: Այսօր մենք քվեարկում ենք հանուն հզոր, երջանիկ ու զարգացած Իրանի: Այսօր ժամը 8-ից մեզ մոտ սկսվել են ընտրությունները, ու Իրանի քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանում, այցելել են այստեղ ու իրենց ձայնն են տվել, սա նշանակում է, որ Իրանի ճակատագիրը իրենց համար կարևոր է»,- հավելել է նա:

Դեսպանը նշել է, որ առաջին ընտրատեղամասը գնվում է ՀՀ-ում Իրանի դեսպանատանը, երկրորդը՝ Երևանի Կապույտ մզկիթում, իսկ երրորդ՝ շրջիկ քվեատուփը, նախատեսված է Իրանի այն քաղաքացիների համար, որոնք չենք կարող այցելել ընտրատեղամասեր․ «Համոզված եմ, որ Հայաստանում շատ լուրջ ու հետևողական հետևում են Իրանի նախագահական ընտրություններին ու լիահույս եմ, որ ընտրություններից հետո կունենանք այնպիսի արդյունք, որը կլինի ի նպաստ ինչպես Իրանի ու Իրանի ժողովրդի, այնպես էլ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը»:

Հարցին՝ նոր նախագահի ընտրությունը ինչպե՞ս կարող է ազդել Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, դեսպանը ընդգծել է. «Մեր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ սկզբունքային է, ու այն կառավարությունները, որոնք գալիս են իշխանության, գործում են այդ քաղաքականության շրջանակներում: Այդ քաղաքականությունը հնչեցրել է Իրանի հեղափոխության պահապանների առաջնորդը, ու դա ևս մեկ անգամ ընդգծվել է վարչապետի՝ Իրան կատարած այցի ժամանակ: Իրանը հարգում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը ու դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի՝ անկախ նրանից, որ Իրանում և Հայաստանում կառավարություն կարող է փոխվել»:

Մեհդի Սոբհանին նկատել է, որ Իրանի համար Հայաստանը շատ կարևոր երկիր է:

«Հայաստանը մեր լավ և ազնիվ հարևանն է, ու մեր սկզբունքային քաղաքականությունը չի կարող ազդվել կառավարությունների փոփոխմամբ»,- ընդգծել է ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Հիշեցնենք՝ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են: Նախագահի պաշտոնի համար պայքարում է տասներկու իսլամական հոգևորականից ու իրավաբանից բաղկացած՝ Սահմանադրության պահապանների խորհրդի հաստատած 4 թեկնածու՝ Մասուդ Պեզեշկիան, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը: